Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբեր 01,2005 00:00

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Երեկվանից «Golden Palace» հյուրանոցում սկսվեց երեւանյան միջազգային 10-րդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ սահմանադրության ընդունման եւ ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման 10-ամյակներին: Օրակարգի թեման էր՝ իրավական սկզբունքներն ու քաղաքական իրողությունները սահմանադրական վերահսկողությունն իրականացնելիս: Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը վերջերս էր վերադարձել Իսպանիայից, ուր մասնակցել էր ՍԴ-ի 25-ամյակին, նշեց, որ այսպիսի ներկայացուցչություն եւ մասնակցություն անգամ այնտեղ չի եղել: Եվ դա բացատրեց նախ քննարկվող պրոբլեմների հետաքրքրությամբ, ապա նկատեց, որ Հայաստանում արդեն տասը տարի շարունակ հրավիրվում են միջազգային խորհրդաժողովներ եւ, փաստորեն, ձեւավորվել է ամենամյա ավանդություն: ՍԴ նախագահի կարծիքով՝ նաեւ հետաքրքրությունը պայմանավորված է մեր երկրում ընթացող սահմանադրական գործընթացներով: Երեկվա խորհրդաժողովին մասնակցում էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լ. Վայլդհաբերը, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ Շ. Սանդերսը, 25 պետությունների սահմանադրական դատարանների նախագահներ, իրավաբաններ: Երեկվա միջոցառմանը Հայաստանի իրավաբան-դատավոր-նախարարների պակաս էլ չզգացվեց: Առաջընթաց կարելի էր համարել նաեւ այն, որ իր մասնակցությունը խորհրդաժողովին բերեց Ռոբերտ Քոչարյանը, անգամ ողջունեց եւ դիմելով աշխարհասփյուռ ՍԴ նախագահներին՝ ասաց. «Ձեզ՝ մասնագետներիդ քաջ հայտնի է, որ սահմանադրական լուծումները պետք է ներդաշնակ լինեն հասարակական զարգացումներին ու խթանեն դրանք: Գործող Սահմանադրությունը էական դերակատարություն ունեցավ ժողովրդավարության զարգացման անշրջելիության հարցում ու Հայաստանին թույլ տվեց դառնալ Եվրոպայի Խորհրդի անդամ»: Նախագահը նկատեց, որ Սահմանադրության գործնական կիրառումը «բացահայտեց լուրջ հայեցակարգային թերություններ, որոնք խոչընդոտում են երկրի հետագա ժողովրդավարական զարգացումները»: Անդրադառնալով Սահմանադրության ներկայացվելիք նախագծին, նշեց, որ «այն զգալի առաջընթաց է երաշխավորում մարդու իրավունքների ապահովման, իշխանության ճյուղերի տարանջատման, հավասարակշռման հարցում»: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջ. Բուքիքիոն ասաց, որ Հայաստանը կարիք ունի եվրոպական չափորոշիչներին համարժեք սահմանադրության: Նրա կարծիքով, այդ անհրաժեշտությունը բացատրվում է երկու գործոնով. նախ, որովհետեւ Հայաստանը Եվրախորհրդի անդամ դառնալով պարտավորություն է ստանձնել ետխորհրդային շրջանի սահմանադրությունը փոխելու եւ երկրորդ՝ Սահմանադրությունը հստակ կտարանջատի իշխանությունների առանձին թեւերը. «Դատական իշխանությանը կբերի անկախություն, ՏԻՄ-երը կձեւավորվեն ընտրովիության սկզբունքով»: Ջ. Բուքիքիոյի ցանկությունն էր, որ հայ ժողովուրդը «խորապես ուսումնասիրի Սահմանադրությունը եւ իր խղճի մտոք քվեարկի»: Իմիջիայլոց, մեր հյուրի գնահատմամբ, դատական իշխանությունն անկախություն չի ունենա, որովհետեւ դատավորներին ու դատարանների նախագահներին հանրապետության նախագահն է նշանակում, Արդարադատության խորհրդի ներկայացմամբ, իսկ մշակված նախագծով Արդարադատության խորհուրդը ձեւավորվում է դատավորների կողմից, ինչը, ըստ Ջ. Բուքիքիոյի՝ դատավորների «ինքնակառավարում» է նշանակում: Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխարհի 110 երկրում գոյություն ունեն սահմանադրական դատարաններ, որոնցից «ամենանեղ դիմող սուբյեկտների շրջանակը» Հայաստանում է, ինչը սահմանադրական արդարադատությունը դարձնում է ոչ կենսունակ: «Հիմա կարծես այս խցանը հանվել է, քաղաքացին կարող է դիմել ՍԴ՝ օրենքների սահմանադրականության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես կարող են դիմել՝ նորմատիվ ակտերի հետ կապված»,- ասաց նա: Վերջինիս կարծիքով՝ «Այս աննորմալ վիճակը որ կար, այն է՝ ՍԴ-ն ուներ լիազորություն, բայց չէր իրացվում սուբյեկտների բացակայության պատճառով՝ փոփոխության ենթարկվեց»: Խորհրդաժողովը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 2-ը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել