Լրահոս
Օրվա լրահոսը

Ասեղնագործին

Հոկտեմբեր 01,2005 00:00

Ասեղնագործին լավ են ընդունել Ձեր թերթի 2005թ. սեպտեմբերի 24-ի համարում լրագրող Ռ. Մ.-ի «Ասեղնագործի անհավանական արկածներն Իրանում» հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալը: Դեսպանությունը ՀՀ քաղաքացի տիկին Զեփյուռ Դանիելյանի՝ Իրանում գտնվելու մասին լուրը ստացել է նրա Թեհրան ժամանելուց հետո, մայրաքաղաքի «Ազադի» հրապարակում գտնվող ավտոկայանի ոստիկանության բաժանմունքի պետից, որի կապակցությամբ համապատասխան արձանագրություն էր կազմվել առ այն, որ ՀՀ քաղաքացի Դանիելյանը մի քանի օր է՝ ինչ գիշերում է ավտոկայանի սրահում: ՀՀ դեսպանի հանձնարարությամբ, դեսպանության աշխատակիցն անմիջապես մեկնել է ավտոկայան եւ տեղում ծանոթանալով իրավիճակին՝ միջոցներ է ձեռնարկել 80-ամյա միայնակ, պարսկերենին չտիրապետող անօգնական կնոջ համար գիշերավայր ապահովելու ուղղությամբ: Դեսպանությունը դիմել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան, որի արդյունքում, Թեմակալ առաջնորդի հանձնարարությամբ, նույն օրը, Թեհրանի Ս. Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ գտնվող ծերանոցում տեղ է հատկացվել տիկին Զեփյուռ Դանիելյանին՝ ստեղծելով նրա համար սնվելու հնարավորություն եւ կենցաղային այլ անհրաժեշտ պայմաններ: ՀՀ դեսպանությունը նպատակ չի հետապնդում ժամանակներն ու անձանց խառնած հարգարժան տիկնոջ հետ /նկատի ունենալով նրա պատկառելի տարիքը/ բանավիճելու, սակայն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ տիկին Զեփյուռ Դանիելյանը Թեհրանում ՀՀ դեսպանություն չի այցելել, ուստի նրա հետ դեսպանությունում չէին կարող խոսել՝ այն էլ նման ձեւով եւ տոնով, ինչն առհասարակ ընդունված չէ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում: Ծերանոցում տիկին Զեփյուռ Դանիելյանի հետ զրույցի ժամանակ պարզվել է, որ նա երկար տարիներ զբաղվել է ասեղնագործությամբ եւ ի նշան Իրանի նկատմամբ իր սիրո եւ երախտագիտության, որոշել էր իր ստեղծագործություններից մի քանիսը, այդ թվում, ԻԻՀ նախագահի դիմանկարով ասեղնագործությունը, անձամբ նվիրել նախագահ Խաթամիին: Երեւանում ԻԻՀ դեսպանությունը նրան տրամադրել էր ԻԻՀ մուտք գործելու արտոնագիր եւ ուղարկել Թեհրան: Sիկին Զեփյուռ Դանիելյանին ՀՀ դեսպանության աշխատակիցը բացատրել է, որ ԻԻՀ նախագահի հետ քաղաքացիների հանդիպումը ունի մի շարք արարողակարգային ընթացակարգեր եւ խնդիրներ, ուստի հնարավոր չէ այն կազմակերպել: Ինչ վերաբերում է ստեղծագործություններին, ապա դեսպանությունը միայն մեկը՝ ԻԻՀ նախագահի դիմանկարով ասեղնագործությունը, կարող էր ընդունված կարգով ուղարկել ԻԻՀ նախագահի աշխատակազմ, ինչը եւ արվել է: Մյուս ստեղծագործությունները, հեղինակի խնդրանքով, վերադարձվել են իրեն: Մեկ շաբաթ Թեհրանում մնալուց հետո ՀՀ դեսպանությունը կազմակերպել է տիկին Զեփյուռ Դանիելյանի Թեհրանից Երեւան անվճար տեղափոխումը եւ հոգացել է նրա ճանապարհին սնվելու ծախսերը: ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել