Լրահոս
Օրվա լրահոսը

Դրական

Հոկտեմբեր 01,2005 00:00

Դրական արդյունք տվեցին Երեկ Կենտրոնի թաղապետի նախկին թեկնածու Ռուզան Խաչատրյանն ամփոփեց ընտրական գործընթացը եւ ներկայացրեց իր մոտեցումները: Ի հեճուկս մինչ օրս հնչած կարծիքների՝ նա ասաց. «Իմ առաջադրումը շատ ճիշտ էր, ես դրական եմ գնահատում գործընթացը՝ չնայած արդյունքներին, որոնք իրական պատկերը չեն արտացոլում»: Իր առաջադրմամբ, Ռ. Խաչատրյանի համոզմամբ, մի քանի խնդիր է լուծվել. տանելով ազնիվ պայքար՝ նա փորձել է բացահայտել, թե ներկայիս իրավիճակով, թեկուզ թերի օրենքով, Հայաստանում որքանո՞վ է հնարավոր նորմալ ընտրություն կազմակերպել: Այս համատեքստում նա ընդդիմությանը դիմեց. «Եթե ընդդիմությունն ուզում է լուրջ պայքար տանել (խոսքը վերաբերվում է սահմանադրական հանրաքվեին- Ն. Գ.), թող վերլուծեն եւ հետեւություններ անեն, որպեսզի այլ մեխանիզմներով աշխատեն»: Ապա, ըստ նրա, իր առաջադրումը նախադեպ էր, որը հաջորդ ընտրություններին արդեն հայ կանանց կմղի ակտիվության: Եվ վերջապես՝ «Ես երեւանցիներին փրկեցի մի չարիքից: Ըստ լուրերի, Գագիկ Բեգլարյանին պատրաստում էին իբրեւ հաջորդ քաղաքապետ: Այս աղմուկ հանած ընտրություններից հետո սկսել են երկմտել»: Նա մեկ անգամ էլ հայտարարեց, որ առաջադրվելու նախաձեռնությունն իրենն է եղել, ուստի իր «պարտությունն» ընդդիմության վրա բարդելն անհեթեթություն որակեց: «Եթե իշխանական աստափունջը լծվել էր իմ դեմ, ուրեմն ես լուրջ գործոն եմ»,- եզրակացրեց նա: Տիկին Խաչատրյանը ներկայացրեց ընտրությունների ժամանակ գրանցված խախտումների, կեղծումների, ահաբեկումների եւ այլ միջամտությունների՝ իր ձեռքի տակ ունեցած փաստերը: Տեղեկացրեց, որ հետընտրական շրջանում էլ իր վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների նկատմամբ հետապնդումները շարունակվում են: Փակվել են մի քանիսի կրպակները, ծեծի է ենթարկվել Կարեն անունով իր վստահված անձը՝ յոթը հոգով, «ԳԱԶ 31», «77 700» պետհամարանիշի մեքենայով նրան ամսի 27-ին տարել են: Մի քանի ժամից Կարենը վերադարձել է ծեծված: Կոտրվել են նույնիսկ երկու ողերը: Ասուլիսին ներկա Կարենի մայրը տեղեկացրեց, որ իրենք ոստիկանություն չեն դիմել եւ չեն էլ պատրաստվում բողոքարկել: Այլ մանրամասներ չհրապարակվեցին: Իր ձեռքի տակ ունեցած խախտումների առիթով Ռ. Խաչատրյանը դատախազություն չի դիմել՝ ժամանակի սղության պատճառով, բայց օրերս պատրաստվում է դիմել: Այդ ամենի մասին գրավոր կտեղեկացվեն նաեւ եվրոպական դիտորդները: ԿԸՀ-ին եւ ՏԸՀ-ին ուղղված դիմում-բողոքները մինչ օրս անպատասխան են մնացել: Կենտրոն համայնքում, ըստ ցուցակների, ընտրողների թիվը 91289 է, ընտրության են մասնակցել 37923-ը, որից 32541-ը հօգուտ Գ. Բեգլարյանի է քվեարկել: Այս թվերից տիկին Խաչատրյանը հետեւություն է անում՝ «հանրաքվեի 13-րդն այս ընտրություններով ապահովել են»: Ինչեւէ, այն, որ ընտրողների մոտ 60 տոկոսը չի մասնակցել ընտրության, բանախոսի կարծիքով՝ դա հենց այն մասսան է, որը հանրաքվեի ժամանակ վճռական է լինելու: Ընտրված 15 ավագանիները, Ռ. Խաչատրյանի տեղեկություններով, Բեգլարյանի համար 22 հազար ձայն են ապահովել: Հիշեցնենք, որ նրանցից մեկն էլ ներկայացնում է ԱՄ-ն: «Նրանք, որ այդքան գլուխ են գովում, թե մեր թեկնածուն հաղթել է, նա նախորդ անգամ էլ էր ընտրվել եւ Բեգլարյանի հետ լավ էլ աշխատում էր»,- ասաց Ռ. Խաչատրյանը: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել