Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ

Հոկտեմբեր 01,2005 00:00

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է Ըստ նրա` Հայաստանի իշխանությունները Թուրքիայում անձնական հարցեր են լուծում Մեր նախորդ զրույցներից մեկում Արամ Կարապետյանն ակնարկներ էր արել, որ հայ պաշտոնյաները նախագահի հովանավորությամբ Թուրքիայում գաղտնի բանակցություններ են վարում՝ հայ-թուրքական հարաբերությունների իբր կարգավորման նպատակով: Քանի որ Թուրքիա-ԵՄ բանակցությունները այս փուլի համար փակուղային վախճան ունեցան, պարոն Կարապետյանին խնդրեցինք նախ մեկնաբանել, թե Թուրքիային ուղղված ԵՄ-ի խորհուրդը որքանով էր բխում Հայաստանի շահերից, եւ ներկայացնել մանրամասներ վերոնշյալ «գաղտնի բանակցային» գործընթացից: «Դրանք Թուրքիայի եւ ԵՄ-ի խնդիրներն են: Ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանը շատ քիչ բանով է դրան մասնակից: Մեր խնդիրները հիմա Հայաստանի ուժեղացման հարթության վրա են: Թուրքիան եւ ԵՄ-ն փոխհամաձայնեցման տարբերակի փորձ կանեն: Հետաքրքիր էր, որ հիմնական հակառակորդներից մեկի դիրքերից ելույթ ունեցավ փոքրաթիվ Ավստրիան: Իր շահերից բխելով՝ ԵՄ-ն Թուրքիայի անդամակցությանը միշտ շատ զգուշությամբ է վերաբերվել: Իհարկե, ցեղասպանության խնդրով մենք միշտ էլ առերեւույթ մասնակցություն ենք ունեցել հարցին, բայց դա երկու կառույցների խնդիրն է եւ նրանցից է կախված: Իմ կարծիքով, Թուրքիան հիմա պատրաստ չէ ԵՄ-ի հորդորն ընդունել, եւ խիստ հավանականություն կա, որ այդ երկիրը չի ընդունվի ԵՄ»,- կարծում է նա: Հայաստանը դրանից կշահի՞, թե՞ կկորցնի: «Քանի դեռ Հայաստանը ուժեղ երկիր չէ՝ որեւէ բանից որեւէ բան չի շահելու»: Ի դեպ, Հայաստանի ուժեղանալու առումով պարոն Կարապետյանը այս անգամ յուրօրինակ արտահայտվեց. «Շատերը դա անմիջական կապում են երկաթգծի կամ այլ բանի հետ. Իսրայելի միջով երկաթգիծ չի անցնում: Ամեն ինչ ավելի շատ պայմանավորվում է ներքին ռեսուրսներով, ընդհանուր կապերով, գերտերությունների հետ հարաբերություններով»: Ինչ վերաբերում է «գաղտնի բանակցություններին»՝ «դրանց հիմնական թեման եղել է ոչ թե աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը, որը ճիշտ կլիներ, այլ ներկա իշխանությունների համար տնտեսական, քաղաքական դիվիդենդներ ունենալը, զուտ անձնական բիզնեսների հետ կապված հարցեր են փորձել համադրել պետական գործընթացների հետ: Կարծում եմ, որ այդ բանակցությունների հիմնական նպատակն է՝ որեւէ գերտերության՝ Հայաստանին վատ վերաբերվելու պարագայում հնարավո՞ր է օգտագործել Թուրքիայի հնարավորությունները՝ պահպանել ներկայիս վարչախմբի իշխանությունը: Այսինքն՝ պահեստային տարբերակի քննարկում է եղել: Ցեղասպանության խնդիրները նույնպես քննարկվել են, ըստ իմ տեղեկությունների, հայկական կողմը ոչ մի պատասխան չի ստացել այդ հարցով: Չէին էլ կարող ստանալ, Թուրքիան այսօր պատրաստ չէ ցեղասպանությունն ընկալել եւ ընդունել բացահայտ: Մի գիտաժողով անցկացնելու պարագայում հազար խնդիր առաջացավ… Այլ հարց է, որ մենք մեր գործընթացները պիտի շարունակենք՝ հասկանալով՝ հնարավո՞ր է դա, թե՞ ոչ: ԵՄ՝ չէ, ով ուզում է լինի, Թուրքիան բավականին մեծ եւ հզոր պետություն է: Չեմ կարծում, որ արեւմտյան կողմնորոշմամբ գերտերությունները հօգուտ Հայաստանի հրաժարվեն Թուրքիայից: Այդ երկրում մեծ գումարներ են դրված, լուրջ հիմքեր, ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ռազմակայան՝ այս ամենը պետք էր հաշվի առնել՝ նոր գնալ, խոսել: 1920 թվականին մի անգամ փորձել են Ալեքսանդրապոլի դաշնագրով սխալ կատարել, եւ արդյունքում Հայաստանը մեծ կորուստներ է ունեցել: Մեծերից մեկն ասել է. «Պատմությունը սովորեցնում է այն մարդկանց, ովքեր ուզում են, հիմարներին պատմությունը ոչինչ չի սովորեցնում»: Կոնկրետ անուններ Ա. Կարապետյանը խոստանում է հրապարակել միայն իր տեղեկությունների պաշտոնական հերքումից հետո: Հիշեցնենք, որ մեր առաջին հրապարակումից հետո ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ խոսքն ընթացիկ հանդիպումների մասին է, որոնք տեղի են ունենում նախարարությունների ոչ առաջին դասի դիվանագետների միջեւ: Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ երեկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էլ ասաց, որ «բամբասանքները չենք մեկնաբանում»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել