Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 01,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երկրորդ 

Գլուխ երկրորդ

ԴԵՂՁԻ ԿՈՐԻԶԸ

Ես շրջվեցի, տեսա, որ Սաշիկն արդեն մեր գավաթները լցրել է, վեր կացա, մի գավաթ էլ պատվիրեցի ու գավաթները ձեռքիս վերադարձա, մեկը դրեցի Վազգենի դիմաց, մյուսը՝ Արամյանի դատարկ աթոռի դիմաց:

– Բա քե՞զ,- հարցրեց Վազգենը:

– Իմը հիմա կլցնի,- ասացի ես:

– Դու խմի, Ռաֆոն էսքան շուտ էկողը չի. մինչեւ էս սաղ գժերին մեկ առ մեկ ավելի չգժվացնի, չի գա:

– Այսինքն՝ ինքը գիժ չի՞,- համարձակվելով՝ ասացի ես:

– Ինքը գիժ չի, բայց իրան գժի տեղ ա դնում. հատուկ ա ըտենց անում, որ իրան չուտեն: Ձեւը, փաստորեն, գտել ա. դրանց անտաղանդ գրածները խաբելով գովում ու սրտները մեկ առ մեկ առնում ա:

– Իմ գրածն էլ գովեց. ուրեմն՝ ինձ էլ էր խաբո՞ւմ:

– Անունդ ինչ է՞ր,- հարցրեց Վազգենը:

– Արմեն,- հիշեցրի ես:

– Արմո ջան,- ասաց Վազգենը,- քեզ հատուկ չի ուզեցել խաբի. էդ գովելն իրա մոտ արդեն խասյաթ ա դառել:

– Էս բոլոր նստածները գրո՞ղ են:

– Բա ի՞նչ զիբիլ են:

– Բոլորն էլ անտաղա՞նդ են:

– Մենակ որ անտաղանդ ըլնեին, լավ կըլներ: Տառերը լրիվ չգիտեն. այբուբենի տառերի ահագին մասը չգիտեն:

– Ո՞նց:

– Հենց ըտենց: Մի քանի տառ գիտեն ու էդ մի քանի տառով էլ գրում են, յոլա են էթում: Անունդ ինչ է՞ր. վերջին անգամ եմ հարցնում, էլ չեմ հարցնի:

– Արմեն,- նեղվելով՝ ասացի ես:

– Արմո ջան,- ասաց Վազգենը,- ես էդ անտեր «Գրական թերթի» ոճաբանն եմ, տպելուց առաջ սրանց էդ տառասխալները ես եմ մեկ առ մեկ ուղղում, դրա համար էլ ինձնից հուշտ են ըլնում, վախենում են:

– Տառասխալներով են գրո՞ւմ:

– Մենակ որ տառասխալներով գրեին, շատ լավ կըլներ. մտքի սխալներ էլ են մի գլուխ անում:

– Դուք, փաստորեն, իրենց բանաստեղծությունները նորից գրում եք, հա՞:

– Բանաստեղծություններն ու ամեն ինչը: Հա, փաստորեն ըտենց ա ստացվում:

– Այսինքն՝ եթե դուք իրենց այդ սխալները չուղղեք, իրենց գրվածքներն այդպես սխալներով էլ պետք է հասնեն ընթերցողի՞ն,- ես ընդգծված գրականով էի խոսում, որովհետեւ մեր սանիկ Գրիգորն ու Արշակյանն ինձ էդպես էին խորհուրդ տվել, եւ Արշակյանն ինձ ասել էր. «Բանավորդ պիտի հղկես. տեղը որ գա, ես քեզնից լավ ժարգոնով կխոսամ, բայց՝ պետք չի»:

– Ընթերցողն էլ ա անգրագետ,- ասաց Վազգենը.- ընթերցողներն ու խմբագիրները՝ սաղն էլ անգրագետ են, ընենց որ՝ եթե ես իրանց էդ սաղ սխալները չուղղեմ, ոչ մեկն էլ գլխի չի ընկնի, բայց ես խիղճ ունեմ, չէ՞, կարող ա, չէ՞, հանկարծ մեկ էլ տեսար՝ Հրանտը կարդա. իմ մասին ի՞նչ կմտածի: Ինքը, ճիշտ ա, դրանց էդ գրածները չի կարդում, բայց, մարդ ա, մեկ էլ տեսար՝ աչքի անցկացրեց. իմ մասին ի՞նչ կմտածի: Ինքը գիտի, չէ՞, որ էդ քամբախի ոճաբանը ես եմ:

– Հա,- ասացի ես ու շրջվելով՝ տեսա, որ Սաշիկը մեր երրորդ գավաթն էլ է արդեն լցրել: Գնացի բերեցի, դրեցի դատարկ աթոռի դիմաց, եւ Վազգենն ասաց.

– Լավ ա լցած:

– Ի՞նչը,- հարցրի ես:

– Պիվեն: Սաշիկը տեսել ա, որ իմ ու Ռաֆոյի հետ ես, դրա համար ա դանդաղ լցում: Էրեկ գեշ քֆրտել եմ արագ լցելու համար. վռազ-վռազ գըռռըցնում ա, կեսից շատը փրփուր ա կայնում,- ասաց Վազգենն, ու էդ պահին Արամյանը մոտեցավ մեզ:

– Բարեւ, Վզգո,- ասաց Արամյանն ու սեղմեց Վազգենի ձեռքը,- ի՞նչ կա-չկա:

– Ջանսաղություն,- ասաց Վազգենը,- պիծիմինուտկեդ արիր-պրծա՞ր. էդ կազյոլներին մեկ առ մեկ երկինք հանի՞ր:

– Ի՞նչ երկինք հանել, ա՛յ Վազգեն, խեղճերին դուխ եմ տալի. հո չեմ թողի՝ էթան կախվեն:

– Դուխ չես տալի, գժվացնում ես, գիժ ես սարքում ու կապում ես ջաններիս: Էս էրեխի խելքն էլ ես կերել, հա՞:

– Էս էրեխին չըլնեմ-չիմանամ՝ բան ասես: Հա, ծանոթացե՛ք:

– Ծանոթացել ենք,- ասաց Վազգենը:

– Տեղով մեկ տաղանդ ա, իսկական սամառոդըկ,- Արամյանը ծոցագրպանից հանեց մեքենագիր բանաստեղծությունս,- ուշադիր լսի, Վզգո, ինքն ա գրել, կոչվում ա «Զոհված զինվորի երգը»:

– Արդեն պարզ ա, կարաս չկարդաս:

– Էդ մեկն Ումառյանի պատվերով եմ գրել,- արդարացա ես:

– Անաստվածներն արդեն ծծկեր տարիքից են սկսել փչացնել,- գոռաց Վազգենը:

– Իզուր էլ արդարանում ես, Արմո ջան,- ինձ հանգստացրեց Արամյանը,- ես չգիտեմ ում զակազով ես գրել, բայց հրաշալի ես գրել: Վերնագրին մի խափնվի, Վզգո, կարդում եմ, դու մենակ ուշադիր լսի:

– Կարդա, լսում եմ,- ասաց Վազգենը:

– Ուրեմն,- ասաց Արամյանը,- պատկերացրու, որ զինվորը զոհված ա, այսինքն՝ թաղված ա, այսինքն՝ հողի տակից ա էս բաներն ասում:

– Էլի լիկբեզիդ պարապմունքը չսկսես, հանգիստ կարդա,- ասաց Վազգենը:

– Լեզվիդ մի տուր, կենտրոնացի ու լսի. Էլի եմ կրկնում, զինվորը գետնի տակից, թաղված վիճակից ա խոսում, էդ հանգամանքը չմոռանաս:

– Արդեն զզվացնում ես. թե կարդալու ես՝ կարդա,- ասաց Վազգենը:

– Ուշադիր լսի, սկսում եմ. «Երկիր իմ, / Հիմա ես ապրում եմ քո առաջին շերտում, / Ձուլվել եմ արմատներիդ / Եվ աչքերիս մեջ պահում եմ երազանքը հողի». Վզգո, հասկանու՞մ ես, գետնի տակից ա խոսում:

– Հիմարություն,- ասաց Վազգենը. – ծերից ծեր անգրագիտություն ա:

– Անգրագետը բաբոդ ա,- զայրացավ Արամյանը: – Արմո ջան, սրա ասածներին ուշք մի դարձրու. ինքը մեր ցեղից ա, իրանց ազգն էլ ա Արամյան, ուղղակի իրա պապն էնքան անգրագետ ա էղել, որ Արամյանի տեղակ գրել ա Ամարյան:

– Էլի սկսեցի՞ր փչոցներդ, Մյունխաուզեն,- գոռաց Վազգենը:

Էստեղ նրանց վեճն ընդհատվեց, որովհետեւ սրահի դռների մեջ հանդիսավոր հայտնվեց Լեւոն Ներսիսյանը: Ես նրան անմիջապես ճանաչեցի, որովհետեւ մանկավարժականի մեր դասերից հաճախ էինք փախչում ու գնում համալսարան՝ նրա դասախոսությունները լսելու: Ներսիսյանն իր բարձունքից նախ ողջ սրահն իր հայացքի մեջ ընդգրկեց, հետո մոտեցավ մեզ ու նստեց մեր սեղանի չորրորդ աթոռին, եւ դա եւս մի ապացույց էր, որ իմ երկու սեղանակիցները սովորական մարդիկ չեն:

– Լեւոն ջան, ծանոթացի Արմոյի հետ. շատ տաղանդավոր բանաստեղծ ա,- ասաց Արամյանը:

– ըօՉՈպՑ,- ասաց Լեւոն Ներսիսյանը՝ ձեռքն ինձ մեկնելով:

– Ես ձեզ ճանաչում եմ,- ասացի ես՝ սեղմելով նրա ձեռքը.- մենք մեր դասերից փախչում էինք, գալիս էինք համալսարան՝ ձեր դասախոսությունները լսելու:

– ըօՉՈպՑ,- ասաց Ներսիսյանը:

– Շատ տաղանդավոր ա,- ասաց Արամյանը,- կարդացի՝ Վզգոն չհասկացավ. զոհված զինվորի մասին ա, բայց շատ թարմ մոտեցում ա. զինվորը գետնի տակից ա խոսում:

– ըօՉՈպՑ,- ասաց Ներսիսյանը:

– Ես գնամ գարեջուր բերեմ,- ասացի ես ու տեղիցս վեր կացա, որովհետեւ Արամյանը ծոցագրպանից նորից հանեց բանաստեղծությունս, ու սիրտս սկսեց նեղվել:

Ես եւս չորս գավաթ գարեջուր պատվիրեցի ու, մինչ Սաշիկը դանդաղ ու անշտապ կլցներ, դախլի մոտից ուսումնասիրում էի սրահում նստածներին եւ չէի ցանկանում վերադառնալ մեր սեղան, որովհետեւ Արամյանն արդեն սկսել էր բանաստեղծությանս բարձրաձայն ընթերցումը:

Երբ Սաշիկը չորս գավաթներն էլ լցրեց, ես գավաթները վերցրի ու ճարահատյալ վերադարձա մեր սեղան, եւ իմ բախտից Արամյանի ասմունքն արդեն ավարտվել էր, եւ, ըստ երեւույթին, իմ ու իմ բանաստեղծության մասին էին խոսում, եւ երբ նստեցի, Ներսիսյանը, ըստ երեւույթին զրույցի թեման փոխելով, Վազգենին հարցրեց.

– Պատմվածքիդ ոդիսականը ո՞ր փուլում է, Վազգե՛ն:

– Էրկու շաբաթից կտպեն, Լեւոն ջան:

– Չեմ հասկանում,- զարմացավ Ներսիսյանը,- դու չե՞ս տպողը. էդ թերթ կոչեցյալի ոճաբանը դու չե՞ս:

– Էս էրկու համարները եղեռնին-բանին են նվիրված, մայիսի մեջ երեւի հաստատ կտպվի.  Սաղաթելն ասեց՝ Վազգեն ջան, էսքան համբերել ես, էրկու շաբաթ էլ սպասի: Վերջիվերջո, խմբագիրն ինքն ա:

– Սպասելուն էլ չափ կա, արդեն վեց ամիս է՝ սպասում ենք,- ասաց Ներսիսյանը:

– Յոթ,- ասաց Վազգենը:

– Վերնագիրն ի՞նչ ես դրել,- հարցրեց Ներսիսյանը:

– Չեմ ուզում ասեմ, Լեւոն ջան. ուզում եմ լրիվ սյուրպրիզ ըլնի:

– Էսքան որ ձգձգվում ա, հետաքրքրությունն ավելի ա մեծանում, Վզգո,- ասաց Արամյանը.- Էս սաղ ժողովուրդը, փաստորեն, քո էդ պատմվածքին ա սպասում:

– Դու ձեռ առ, ձեռ առ,- ասաց Վազգենը,- տպվավ թե չէ՝ սաղդ մզզալու եք. սաղիդ գրելն անիմաստ ա դառնալու:

– Ձեռ չեմ առնում, Վզգո ջան, դու լավ գիտես, որ առաջին ուրախացողը ես եմ ըլնելու, առաջինը ես եմ գովալու:

– Միջակ բան որ չէղավ, դու դժվար թե գովաս. միջակից ցածր բան պտի ըլնի, որ դու արխային գովաս,- ասաց Վազգենը՝ իմ կողմը նայելով:

Էդ պահին մեր սեղանին մոտեցան երկու երիտասարդներ: Բարեւեցին, նոտարի սեղանի երկու ազատ աթոռները բերեցին ու տեղավորվեցին մեր սեղանի շուրջ:

– Ծանոթացի, Արմո ջան, մեր տաղանդավոր պոետներն են. բեղերովը Ռոմիկ Սարդարյանն ա, մորուքովը՝ Վիգեն Բաբայանը: Արմոն էլ ա տաղանդավոր, Ռոմ ջան, իրար քոմագ էղեք:

– Տաղանդավորների շատությունից մի օր էս երկիրը ճկռելու ու փուլ ա գալու,- հեգնեց Վազգենը:

– Մի նեղսրտի, Վզգո ջան, պատմվածքդ որ տպվավ, քեզ հանճարեղ ա ասելու,- ասաց Ռոմիկը, հետո դախլի կողմը նայելով՝ գոռաց.- Սա՛շ, էրկու բակալ. դանդաղ լից, փրփուր խմելու հավես չկա:

– Պատմվածքդ ե՞րբ են տպում, Վազգեն,- հարցրեց Վիգենը:

– Հես ա, Վիգ ջան, էրկու շաբաթից:

– Պատկերացնում եմ՝ ոնց ենք նշելու,- ասաց Ռոմիկը:

Ես հանկարծ ավելորդ լինելս զգացի եւ Արամյանի ականջին շշնջացի.

– Ես գնամ, ընկեր Արամյան:

– Որ շտապում ես, գնա, Արմո ջան: Դե, արդեն տեղը սովորեցիր. սրանից հետո շուտ-շուտ կհանդիպես:

– Կհանդիպեմ,- ասացի ես: – Հա, գարեջրի համար վճարել եմ:

– Մերն է՞լ,- հարցրեց Ռոմիկը:

– Չէ,- ասացի ես:

– Էդ մեկն արդեն շատ իզուր ես արել,- ասաց Արամյանը. – դու ինչի՞ տեր ես, որ հաշիվ ես փակում, ա՛յ բալա:

– Դե լավ, հաջողություն,- ասացի ես:

– Հաջողություն,- ասացին նրանք:

Ես դուրս եկա, ահագին ժամանակ կանգնած մնացի Գրողների տան մայթին, որովհետեւ չգիտեի՝ ուր գնամ: Մեջտեղի գլխավոր մուտքից մարդիկ էին մտնում ու ելնում. երեւի գրողներ էին: Ես Հովհաննես Գրիգորյանին ու Հենրիկ Էդոյանին ճանաչեցի «Գարունի» նրանց լուսանկարներից, իսկ Լյուդվիգ Դուրյանը, որ Արշակյանի կաբինետում ինձ նույն էդ օրը գովել էր, կողքովս անցավ ու ինձ չնկատեց: Քիչ անց նկուղի դռնից դուրս եկավ Վազգենը եւ ինձ տեսնելով՝ մտերմիկ ասաց.

– Արմո ջան, մոտդ փող մնա՞ց:

– Հա, կա,- ասացի ես:

– Բիլիարդից ո՞նց ես:

– Ոչինչ. մի ժամանակ խաղում էի:

– Հելնենք Ճարտապետների տուն, մի քիչ բիլիարդ գլորենք՝ շունչներս բացվի:

– Գնանք,- ասացի ես:

– Ժամը մի մանեթ ա. էդքան ունե՞ս:

– Մոտս երեք ռուբլի կա,- ասացի ես:

– Իրեք մանեթը ծով ա, գնացինք,- ասաց Վազգենը, ու մայթով բարձրացանք:

Ճարտարապետների տանն ամեն ինչ անհամեմատ խաղաղ էր: Բիլիարդը երկրորդ հարկում էր: Վազգենին այստեղ էլ էին բոլորը ճանաչում, եւ շուտով խաղացողներն իրենց խաղափայտերն ինձ ու իրեն զիջեցին:

Վազգենն անտարբեր, իմիջիայլոց էր հարվածում, իսկ ես փորձում էի վերագտնել խաղս, որ տարիներ առաջ թողել էի Կոմայգու բիլիարդանոցում:

Սկզբում «Մասկովսկի» շարեցինք: Ինքն անտարբեր էր հարվածում, բայց վարպետությունը զգացվում էր: Իմ մի քանի հարվածներից հետո, տեսնելով, որ բիլիարդից խամ չեմ, խառնեց շառերն ու ասաց.

– Պարզ ա. «Պիրամիդա» գլորենք:

– «Պիրամիդա» ընդամենը մի քանի անգամ եմ խաղացել,- ասացի ես:

– Կխաղաս: Ուդառներիցդ զգացվում ա, որ լավ էլ կխաղաս: Ուդառներդ կակռազ «Պիրամիդայի» ուդառներ են:

– Մի քանի օր որ խաղամ՝ երեւի բացվեմ,- ասացի ես:

– Էս գրողների մեջ հազիվ մի մարդ գտնվեց, որ բիլիարդից գաղափար ունի,- ասաց Վազգենը, թեեւ ես ընդամենը մի քանի հարված էի կատարել:

– Հինգ տարի կլինի՝ ձեռս կիյ չեմ վերցրել,- ասացի ես:

– Իմ ասածն ես հաստատում: Էրեւում ա՝ քաղաքի տղա ես, հա՞:

– Հա,- ասացի ես:

– Ո՞ր մայլեքից ես:

– Առաջ Մետաքս էի ապրում, հիմի՝ Կրիվոյ:

– Պարզ ա: Էսքան տարում հազիվ էս գրողների մեջ մի հատ քաղաքի տղա հայտնվեց: Էն ասածներիցս հո չնեղացա՞ր:

Վազգենն անտարբեր էր հարվածում, հետս զրուցելով հենց էնպես հարվածում էր, բայց նրա հարվածներն իսկական վարպետի հարվածներ էին:

– Ինչի՞ պիտի նեղանայի,- ասացի ես.- դուք ձեր կարծիքն ասացիք:

– Ես իմ կարծիքը չասեցի. ես Ռաֆոյի ինադու էի ըտենց խոսում:

– Կապ չունի, ճիշտ էիք ասում: Ինձ Ումառյանը համոզեց, որ էդ բանաստեղծությունը գրեմ: Այսօր առավոտ եմ գրել:

– Դու որ էսքան բիլիարդ ես խաղում, ոնց էլ գրես՝ մի բան կստացվի: Ոչ մեկին էլ մի լսի. ոչ՝ ինձ, ոչ էլ՝ մանավանդ Ռաֆոյին: Որ իսկականից ուժեղ բան գրես, ինքը չի գովա, ծպտուն չի հանի: Վատ իմաստով չեմ ասում. իրա արեւին թուլերին ա դուխ տալի, թուլերին ա պաշտպան կայնում:

– Ձեր պատմվածքը «Գրական թերթու՞մ» է տպվելու:

– Դու՞ որդից գիտես. էդ պատմվածքիս շուխուռը քեզ էլ ա՞ հասել:

– Ձեր խոսակցությունից գլխի ընկա. հասկացա, որ շուտով տպագրվելու է:

– Կրիվոյի տղին չի սազում էդ ճռճռան գրական լեզուն. թարգը տուր, քու բնական լեզվով խոսա: Հա, Աստված որ կամենա, էրկու շաբաթից կտպվի «Դեղձի կորիզը»:

– «Դեղձի կորիզը» վերնագի՞րն է:

– Հա,- ասաց Վազգենը՝ ափը բերանին տանելով: – Լեզվիցս թռավ. էսքան վախտ ոչ մեկին չէի ասել: Էդ պատմվածքիս վերնագիրը, փաստորեն, հիմի ինձնից բացի մեկ էլ դու գիտես. հա, մեկ էլ մեքենագրուհին գիտի, բայց Անոն հաշիվ չի. գրողներից, փաստորեն, մենակ դու գիտես էդ գործիս վերնագիրը:

– Ես ի՞նչ գրող:

– Փաստորեն մենակ քեզ եմ ասել: Լեզվիցս միամիտ թռավ: Ոչ մի տեղ չասես, Արմո ջան, բերանբացություն չանես:

– Չեմ ասի: Ու՞մ եմ ճանաչում, որ ասեմ:

– Ռաֆոյին ճանաչում ես՝ հերիք ա. յա Ռաֆոյին ասած, յա ռադիոյով հաղորդած:

– Ոչ մեկին չեմ ասի,- խոստացա ես:

– Վեց-յոթ ամիս ա՝ ձգձգում են, բայց չեն հասկանում, որ ինչքան ձգձգեն՝ էնքան ավելի ուժեղ ա բումն ըլնելու:

– Դա ձեր առաջին պատմվա՞ծքն է:

– Հա, փաստորեն առաջին տպվողն ա: Ընենց շատ ունեմ գրած. էրկու գիրք գրել, բայց չեմ տպել, ղրաղ եմ դրել: Հիմի թազադան եմ սկսում: Էս թազեքն արդեն տպելու եմ: Որոշումն արդեն կայացրել եմ: Էս թազեքը սավսեմ ուրիշ են:

– Եթե գրում եք, ուրեմն պիտի տպագրեք, որ ընթերցողն էլ կարդա,- ասացի ես:

– Լավ կըլնի՞, որ ես ել քու հետ դուքով խոսամ: Ես էլ, չէ՞, կարամ հետդ դուքով խոսամ, մանավանդ որ՝ գիրքդ յոթանասունիննի պլանի մեջ ա,- ասաց Վազգենն ու դուպլետ խփեց:

– Էդ ոչ մի կապ չունի,- ասացի ես՝ Վազգենի խփած շառը լուզից հանելով:

– Էս դուպլետներն առաջ մոտս լավ էին ստացվում. հիմի հազարից մեկ եմ կարում տոչնի խփեմ,- ասաց Վազգենը:

– Դու շատ ուժեղ ես խաղում,- մեկից դու-ի անցա ես: – Կոմայգու Վիլոյի ու Պեպոյի հետ էլ եմ խաղացել. դու համարյա իրանց պես խաղում ես:

– Դեպքից դեպք եմ խաղում: Մալիշի Մասկվա գնալուց հետո նորմալ պարտնյոր չկա, որ հետը խաղաս:

Արդեն մի ժամ էր՝ խաղում էինք, բայց մեր «Պիրամիդան» չէր պրծնում, որովհետեւ մենք ավելի շատ խոսում էինք, քան՝ խաղում: Վազգենն ինձանից երեքանոցս ուզեց, աստիճաններով իջավ եւ քիչ անց չորս շիշ գարեջուր բերեց, ու մենք, դանդաղ ու անշտապ խմելով, շարունակեցինք մեր «Պիրամիդան»:

Երբ մեր մի ժամն արդեն անցել էր, աշխատողը մոտեցավ, եւ Վազգենն իմ երեքանոցից մնացած մանեթանոցը տվեց նրան, հետո իր գրպանից մի մանեթանոց էլ հանեց, տվեց ու ասաց.

– Գուգո ջան, մի ժամի չափ էլ կգլորենք ու կպրծնենք:

– Ինչքան քեֆներդ տալիս ա՝ խաղացեք, Վազգեն ջան,- ասաց Գուգոն ու գնաց:

– Սրանց պիվեն էն չի,- ասաց Վազգենը՝ շշից գարեջուրը խմելով.- հազար եմ ասել՝ ռազլիվնոյ բերեք. հետո էլ Սաշիկին անուն ենք կպցնում:

Վազգենն արդեն երերում էր, գարեջուրն արդեն իրենն արել էր, ու դա էր պատճառը, որ մեր առաջին «Պիրամիդան» ես շահեցի:

Ես առանձնապես չէի ձգտում հաղթել, բայց հաղթեցի, որովհետեւ Վազգենն ընդհանրապես լուրջ չէր խաղում, բայց նրա հատուկենտ փառահեղ հարվածներից զգացվում էր, որ եթե մի քիչ ճիգ գործադրի, հեշտությամբ կհաղթի ինձ: Էդպես էլ եղավ. երկրորդն ու երրորդն ինքն առանց որեւէ դժվարության շահեց, ու մենք դուրս եկանք Ճարտարապետների տնից:

Մայիսի վերջին «Գրական թերթում» տպագրվեց «Դեղձի կորիզը», բայց դրանից մեր կյանքն առանձնապես չփոխվեց: Արամյանն ու էլի մի քանիսը, ճիշտ է, պատմվածքը գովեցին, բայց Վազգենի ակնկալած բումը տեղի չունեցավ, եւ աշխարհում ու կյանքում տեղի ունեցող փոփոխություններն ավելի շատ ինձ էին առնչվում, քան՝ Վազգենին ու նրա «Դեղձի կորիզին», որովհետեւ ես միանգամայն նոր աշխարհ էի մխրճվել ու արդեն գիտեի, որ, այդ աշխարհի օրենքների համաձայն, պարտավոր էի գովել Վազգենի պատմվածքը, եւ այդպես էլ արեցի: Արամյանից, ինձնից ու էլի մի քանիսից բացի՝ նաեւ նոտարը գովեց Վազգենի պատմվածքը, բայց, ի տարբերություն մյուսների, նոտարն իսկապես էր հավանել «Դեղձի կորիզը», որը սովորական մի պատմություն էր այն մասին, թե ինչպես է փոքրիկ տղան դեղձի կորիզն ի պահ տալիս հողին ու օրեր անց զարմանքով նկատում է, որ դեղձի կորիզը ծիլ է տվել:

Վազգենն սկզբում ծանր էր տանում բումի բացակայությունն ու գովեստների քչությունը, բայց հետո էդ ամենն իրեն հատուկ թեթեւությամբ կապեց գրողական նախանձ կոչվող երեւույթի հետ:

Էդ տարվա սեպտեմբերին ես աշխատանքի անցա բժշկական ինստիտուտի «Ապագա բժիշկ» թերթում եւ արդեն ուշ-ուշ էի Գրողների տուն գալիս: Ամռան կեսերին Արամյանի թեթեւ ձեռքով «Գարունում» արդեն տպագրվել էին բանաստեղծություններս, եւ աշնանն արդեն «Գրական թերթում» էի ուժերս փորձում: Վազգենի խորհրդով ոտանավորներիս շարքն արդեն հանձնել էի «Գրական թերթի» խմբագրի տեղակալ Ֆելիքս Մելոյանին ու ամեն ուրբաթ այցելում էի նրան, որպեսզի չմոռանա:

Մի ուրբաթ էլ, երբ մտա Ֆելիքսի կաբինետ, այնտեղ թունդ վեճ էր ծավալվել Ֆելիքսի, Հրանտ Մաթեւոսյանի, Համո Սահյանի ու Վազգենի միջեւ: Վազգենն արդեն մի քիչ գինով էր, եւ վեճի թեման Շոլոխովի «Խաղաղ Դոնն» էր. այդ օրը «Գրական թերթը» «Լիտգազետայից» արտատպել էր մի հոդված, որի հեղինակը կասկածի տակ էր առել Շոլոխովի՝ «Խաղաղ Դոնի» իրական հեղինակ լինելը:

– Հեչ հավատս չի գալի, որ քսաներկու տարեկան էրեխեն գրեր էդ հզոր վեպը,- ասաց Ֆելիքսը:

– Ի՞նչ քսաներկու,- ասաց Համո Սահակիչը.- քսաներկուսում արդեն գրել-պրծել էր: Առնվազն տասնութ-տասնիննում պիտի սկսեր, որ քսաներկուսում վերջացներ:

– Էդ կարգի մեծությունից ամեն ինչ էլ կարելի ա սպասել,- ասաց Մաթեւոսյանը:

– Ախր շատ հզոր վեպ ա, ա՛յ Հրանտ,- ասաց Ֆելիքսը:

– Կապ չունի,- ասաց Հրանտը:

– Ի՞նչ կարեւոր ա, թե գրողն ով ա. կարեւորը գործը չի՞,- ասաց Սահյանը:

Ինձ խոսք չէր հասնում. ես լուռ լսում էի:

– Մի րոպե՜,- հանկարծ գոռաց Վազգենը:

– Քե՞զ ինչ էղավ, այ Վզգո,- զարմացավ Ֆելիքսը:

– Մի րոպե՜, Ֆելո, մի՜ խանգարի, բան եմ մտածում,- դարձյալ գոռաց Վազգենը:

– Ի՞նչ ես մտածում,- հարցրեց Ֆելիքսը:

– Լափ էլ հնարավոր ա, որ ինքը գրած ըլնի,- աղաղակեց Վազգենը.- ես որ «Դեղձի կորիզը» գրեցի, ուղիղ քսան տարեկան էի:

Երկար, ահագին երկար լռություն տիրեց: Ահավոր ու դաժան լռությունը Համո Սահյանը տատանեց.

– Ես գնամ,- ասաց Համո Սահակիչը. – Մատվեյիչն էսօր պիտի զանգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել