Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

Հոկտեմբեր 01,2005 00:00

Լրագրողներն ակտիվ են ոչ միայն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: Նրանք միշտ էլ հաճույքով են մասնակցում նաեւ ամենատարբեր մարզաձեւերից անցկացվող մարզական միջոցառումներին:

«Միր սպորտա» հանդեսի նախաձեռնությամբ երեկ «Արենա» բոուլինգ ակումբում անցկացվեց այս մարզաձեւի Հայաստանի բաց առաջնության երկրորդ փուլը՝ զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ: 16 լրատվամիջոցների 21 ներկայացուցիչներ պայքարեցին «Արենայի» գավաթի համար: «Առավոտ» օրաթերթից մասնակցում էին Արմինե Գեւորգյանը, Զառա Ավագյանը եւ Արեվիկ Բարսեղյանը:

Կազմակերպիչների սահմանած մրցակարգով այս փուլին մասնակցելու իրավունք չունեին անդրանիկ առաջնության հաղթողն ու մրցանակակիրները: Նոյեմբերի սկզբներին, ինչպես հայտարարեց «Միր սպորտա» հանդեսի գլխավոր խմբագիր ու այս մրցաշարի գլխավոր նախաձեռնող Ալեքսանդր Բոյկոն, կանցկացվի լրագրողների առաջնության վերջին՝ երրորդ փուլը, իսկ դրանից հետո արդեն տարեվերջին կկայանա եզրափակիչը, որտեղ հանրապետության բացարձակ չեմպիոնի կոչումը կվիճարկեն երեք փուլերի հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաեւ յուրաքանչյուր փուլում իրենց լավագույն կողմերով ցույց տված մյուս լրագրող մարզիկները:

Երեկ մոտ երկուսուկես ժամ տեւած համառ ու հետաքրքիր պայքարի որակավորման փուլերը հաջող հաղթահարած երեք լրագրողներ եզրափակիչում որոշեցին, թե մրցանակային եռյակում ի՞նչ հերթականությամբ են դասավորվելու: Առաջին տեղը գրավեց «Չորրորդ իշխանություն» թերթի աշխատակից Մհեր Ղալեչյանը, որին էլ հանձնվեց «Արենայի» գավաթն ու 1-ին կարգի դիպլոմը: Երկրորդ մրցանակակիր դարձավ «Էֆիր» շաբաթաթերթից Կարեն Վանյանը: Նա արժանացավ նաեւ մեկ մրցափորձում ամենից շատ միավոր վաստակած մարզիկի համար սահմանված մրցանակին՝ 145 միավոր: Եվ լավագույն եռյակը եզրափակեց Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել