Օրերս լրագրող Մեսրոպ Հարությունյանի «Հեղափոխությունն՝ իր եզրերով» վիպակի շնորհանդեսն էր:
Սա հեղինակի երրորդ գիրքն է: Նախորդ երկու՝ «Բացարձակ սեւ մարմին» եւ «Եռանկյան չորրորդ անկյունը» գործերով, ըստ իս, Մ. Հարությունյանը գրական աշխարհում իր տեղն ունենալու լուրջ հայտ ներկայացրեց: Իսկ այս վիպակով, կարծում եմ, իրողությունների քննադատաբար ու անաչառ վերլուծությամբ եւ այդ ամենը հանրությանն առանց ամպագոռգոռ արտահայտությունների, մարդկային պարզ ու հասարակ խոսքով մատուցելու իր ունակությամբ Մեսրոպն իրոք նվաճեց գրողի ծանր ու պատասխանատու կոչումը կրելու իրավունքը:
Պատմությունը սովորեցնում է, որ հեղափոխությանը, լինի այն արյունոտ, թավշյա, թե գունավոր, սովորաբար հաջորդում են արժեքային համակարգի փլուզումն ու որպես նաեւ դրա հետեւանք՝ հասարակության բարոյազրկումը: Ազգի, հասարակության սերուցքի հետ ջրի երես է ելնում, ցավոք, նաեւ տականքը: Այդպես եղավ նաեւ մեզանում: Եվ Մ. Հարությունյանի «Հեղափոխությունն՝ իր եզրերով» վիպակը, որ առաջին անգամ տպագրվեց «Առավոտ» օրաթերթում 2004-ի նոյեմբերի 6-ին, նորանկախ Հայաստանի առաջին տարիներին, անցումային կոչվող ժամանակաշրջանին հատուկ արժեքային համակարգի փլուզումն այնքան իրական է ներկայացված, որ բարձրաստիճան պաշտոնյաներից, չինովնիկներից ու քաղաքական գործիչներից շատերը վիպակի հերոսների մեջ ճանաչելով իրենց՝ խիստ անհանգստացած, ասում են՝ ուղղակի խոշորացույցով սկսել են ընթերցել վիպակի յուրաքանչյուր տողը՝ վախենալով, չլինի թե իրենց անունն ու պաշտոնն էլ արձանագրված լինեն:
Ընթերցողներից ոմանք բռնաբարված Ակաթի կերպարի մեջ իրավամբ տեսել են նորանկախ Հայաստանի հասարակությանը, ժողովրդին, որը, հեղափոխական ռոմանտիզմով կուրացած, առանց հետեւանքների մասին մտածելու, առանց դրանք լրջորեն կշռադատելու տրվեց եւ այժմ էլ պատրաստ է տրվելու առաջին պատահածին, ով արդարություն ու բարեկեցություն կխոստանա, միայն թե խոստանա, մնացածը կարեւոր չէ:
Վիպակի հերոսներին հատ-հատ անդրադառնալու կարիք, թերեւս, չկա: Այն, ինչ պատահել է մեզ հետ, մենք ենք մեղավոր՝ բոլորս, ամբողջ հասարակությունը, որ որոշ բախտախնդիրների ու շահամոլների թույլ տվեցինք խաղալ մեր զգացմունքների, ազգային ձգտումների ու երազանքների հետ՝ դրանք ծառայեցնելով իրենց եսասիրական նպատակներին: Եվ միթե այս ամենի համար պատասխանատու չէ հայ քաղաքական մտքի ողջ վերնախավը՝ առանց բացառության: Վերջինները բոլորն էլ նույն ժողովրդի, նույն հասարակության ծնունդն են: Պատահական չէ, որ երբ Ակաթին տոնավաճառում հարցնում են, թե ինչու իրեն բռնաբարողներին դատի չի տվել, նա պատասխանում է՝ «ինչ բռնաբարություն, ամեն ինչ իմ հոժար կամքով է եղել, համ էլ մեր դասարանի տղերքն էին, հո նրանց վատություն չէի անելու»:
Վիպակի ենթավերնագրերն այն բարձրագոչ լոզունգներն են, որոնցով՝ նկարագրված ժամանակաշրջանի հերոսները քողարկում էին իրենց իրական նպատակները: Մեկ գիշերվա մեջ կուսակցությունից կուսակցություն թռչող, շինիչ, կառուցողական, կոնստրուկտիվ, գաղափարական ու հայեցակարգային, դիտորդական պատեհապաշտ պետրոսները, կարպիսները, հրանտներն ու կարենները, բարոյազուրկ ժամանակներին հատուկ՝ ճակատագրի հեգնանքով, իրենց կամքից անկախ շոշափելի բարեկեցության հասած աշջանները այսօր էլ կան, ապրում են մեր մեջ՝ մեր ռոմանտիկ երազանքների հաշվին ու մեր աններելի հանդուրժողականության շնորհիվ:
Իսկ իրենց երջանկությունն արցախյան ազատամարտին նվիրաբերած կատյաները, չկարողանալով հանդուրժել բիրտ իրականությունը, «գլոբալացվում» են՝ փորձում են երջանկությունը վերագտնել օտար ափերում, այնուամենայնիվ՝ հայրենիքին կապող պորտալարը չկտրելով:
Ի վերջո, թերեւս, ոչ ոք չի առարկի «Հեղափոխությունն՝ իր եզրերով» վիպակի վերջաբանին, ուր մեջբերված է «Մի խելոք մարդու» միտքը՝ «Հեղափոխությունը նախապատրաստում են հանճարները, իրականացնում են նվիրյալները, արդյունքներից օգտվում են սրիկաները»:
Որպես վերջաբան՝ շնորհակալություն «Վան-Արյան» հրատարակչությանը՝ սեփական միջոցներով այս վիպակը հրատարակելու համար: Այն արժեքավոր է ոչ միայն մատուցման վարպետության, այլ նաեւ այն պարզ պատճառով, որ մեր ապրած տառապանքների, կորուստների մասին նաեւ գրվելիք գործերից առաջիններից մեկն է, ընդ որում՝ հաջողված:
ԱՐԹՈՒՐ ԴՈԽՈԼՅԱՆ