Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎ» ՏՂԵՐՔԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆԻՆ

Հոկտեմբեր 01,2005 00:00

Բայց
ոչ թե Երեւանում, այլ՝ Նովոկուզնեցկում «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում
Հայաստանում է Նովոկուզնեցկի «Սկազ» տիկնիկների թատրոնը: Այն ներկայացրեց «Խոստովանություն»
առակ-եռերգությունը՝ ըստ Հին կտակարանի: Թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՌԴ վաստակավոր
արտիստ Յուրի Սամոյլովը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: – Տիկնիկային
ներկայացում եւ աշխարհաստեղծման բիբլիական առասպել, որքանո՞վ են դրանք հարիր մեկմեկու:
– Տիկնիկային թատրոնի՝ ինչ-որ բան ասելու հնարավորություններն ավելի մեծ են,
քան արվեստի մյուս ոլորտներինը: Ներկայացման մեջ պատմվում է, թե ինչպես Աստված ստեղծեց
մարդուն, որը մեղք գործեց: Տերն էլ նրան ուղարկեց Երկիր, որպեսզի մարդը բազմանա,
սիրի ու պահպանի Երկիրը: Սակայն արդյունքում մենք ունեցանք այն, ինչ կա այսօր՝ էկոլոգիական
ու բնական աղետներ, կատակլիզմներ: Ներկայացման թեմատիկան ոչ թե աստվածաբանական է,
այլ էկոլոգիական: «Խոստովանության» մեջ Արարիչը 3 անգամ Ադամ ու Եվա է արարում, ամեն
անգամ հուսալով, որ նրանք կատարյալ կլինեն: Բայց երրորդ անգամ արարված Եվան ու Ադամն
էլ նրա սրտով չեն: Ներկայացման սկզբում Աստված նայում է երկրին, այնտեղ մութ է՝ աստղեր,
լուսին ու արեւ է ստեղծում, թռչուններին ու կենդանիներին, այնուհետեւ տղամարդուն
եւ կնոջը: Ներկայացման վերջին բաժինը մեր օրերի մասին է՝ ինքնաթիռ, գնացք, պայթյուններ,
ծուխ: Մեկ էլ հայտնվում է մի տիկին՝ պաշտպանիչ հանդերձանքով, որը փորձում է նաեւ
շնիկին այդպես հագցնել: Ներկայացման հերոսներից մեկն էլ հանկարծ կենդանի ծաղիկ է
գտնում ու հոտ քաշելուն պես՝ թունավորվում… Արարիչը նայում է Երկրին, որն առաջվանը
չէ, ստիպված վերցնում- մաքրում է այն: Մի խոսքով, մեզ համար «Աստվածաշունչը»
միջոց է՝ էկոլոգիական խնդիրների մասին բարձրաձայնելու: – Ձեր ներկայացումները
դիտելու գալի՞ս են քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ: Քաղաքական թեմաներով բեմադրություններ
ունե՞ք: – Մեր հանդիսատեսը «միատարր» չէ՝ մեծահասակներ, երեխաներ, տարբեր
նախասիրությունների ու զբաղմունքների, ինտելեկտի տեր, արժեքային համակարգ ունեցող
մարդիկ: Եթե երեխաներին ներկայացումները գրավում են վիզուալ առումով՝ գունեղությամբ
եւ այլն, ապա մեծահասակներն այլ կերպ են ընկալում: Վերջիններս հավանաբար սկզբում
ժպիտով կմտածեն ասելիքի մասին, հետո՝ ավելի լրջորեն: Մենք նպատակ չենք դնում, որ
ներկայացումը դիտելուց հետո իսկույն ամեն ինչ պիտի փոխվի: Ծայրահեղ դեպքում գոնե
հանդիսատեսի հետ անկեղծորեն երկխոսում ենք: Հիմա դառնանք քաղաքական թեմաներով ներկայացումներին:
Հատուկ նպատակ չենք դնում այդպիսիք բեմադրելու: Բայց, օրինակ, երբ Դոստոեւսկու «Բոբոկը»
բեմադրեցինք, ոմանք իրենց այնտեղ տեսան, մտածեցին, որ հենց իրենց ենք քննադատել:
– Շատ երկրներում թատրոնները լավ չեն ապրում, Ձե՞զ մոտ ինչպես է: Նաեւ հետաքրքիր
է, ինչո՞վ է աջակցում Ձեր երկրի մշակույթի նախարարությունը, երբ մեկնում եք միջազգային
փառատոների ու հյուրախաղերի: – Հիմա դժվարին ժամանակներ են թատրոնների համար,
բայց կարողացել ենք հասնել նրան, որ 64-ամյա մեր թատրոնի համար վերջապես շենք է կառուցվել,
որը բոլորովին էլ մշակույթի նախարարության նախաձեռնությունը չէր: Ժողովրդին այնպես
տրամադրեցինք, որ պահանջեցին մեզ շենք տալ: Ասեմ, որ հրաշալի նահանգապետ ունենք՝
Աման Տուլիեւը, նրան հաճախ ենք դիմում: Թատրոնի մարդկանց փոխայցելությունները, հյուրախաղերը
նպաստում են, որ չինովնիկներն ու օլիգարխները ուշադրության արժանացնեն թատրոններին՝
թեկուզ սեփական «պրեստիժի» համար: Մի պարադոքս՝ մեզ սիրում ու հաճախ աջակցում են
նաեւ ոսկե շղթաներով «դուխով» տղերքը: Նրանցից ոմանք մեկ էլ կարող են փողոցում հանդիպել
ու բացականչել. «Լսի՜ր, անցյալ օրը ձեր ներկայացմանն էի՝ տղայիս հետ, լավն էր, ուզում
եմ 5 օդափոխիչ նվիրել թատրոնին»: Կամ՝ հանդիպում ենք ալյումինի գործարանի գլխավոր
տնօրենին, որը թեթեւակի լսել է թատրոնի մասին: «Ես ձեզ հեռուստացույցով տեսել եմ,
ինչո՞վ օգնեմ»,-կասի վերջինս: Այսպես էլ ապրում ենք, նրանցից շատերը մեզ չեն ճանաչում,
բայց եթե մամուլն է գրում, ասում են՝ գուցե լա՞վ բան է էդ թատրոնը, բա ուրիշները
օգնեն, մենք՝ ո՞չ: – Դիտե՞լ եք մեր տիկնիկային թատրոնի ներկայացումները եւ
ի՞նչ կարծիքի եք: – Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում, բայց ամեն անգամ Երեւանն
ու հայերին նորովի եմ հայտնագործում: Դիտել եմ նաեւ ձեր տիկնիկայինի ընդամենը 2 աշխատանք:
Հրաշալի մարդիկ են, պրոֆեսիոնալներ: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել