Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՆԱՆԿԱՆԱ՞Ն

Հոկտեմբեր 01,2005 00:00

Ավիավառելիքը
օդանավակայանում քչություն է անում Հայաստանում ավիավառելիքի դեֆիցիտը մեր
երկրում գործող մի շարք ավիաընկերությունների դժգոհությունն է հարուցել: Վերջիններիս
ներկայացմամբ, բացի այն, որ Հայաստանում ավիավառելիքի գներն անհամեմատ թանկ են, քան
համաշխարհային շուկայում, այժմ էլ, անգամ թանկ գներով չի հաջողվում ձեռք բերել: Իսկ
սա, ըստ նրանց, խոչընդոտում է թռիչքների կազմակերպմանը: Ավիավառելիքի ծառայությունը
սպասարկում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: Օդանավակայանի հանրային
կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանի խոսքերով՝ այս դեպքում ինչպես ավիաընկերությունները,
այնպես էլ օդանավակայանը կրավորական դեր ունեն. «Վառելիքը մենք չենք բերում, այլ՝
մեր մատակարարը: Հույս ունենք, որ խնդիրները կհարթվեն եւ շուտով ավիավառելիքը կգա:
Իսկ մինչ այդ, քանի որ վառելիքը ուշանում էր՝ ստիպված խիստ քվոտաներով ենք ավիաընկերություններին
հատկացնում, որ բոլորին բավականացնի եւ պրոբլեմներ չառաջանան»: Հիշեցնենք,
որ երկու տարի առաջ, երբ նորից ավիավառելիքի հետ կապված խնդիրներ առաջացան, գները
թանկացան՝ Հայաստանում գործող ավիաընկերություններին պատկանող օդանավերը սկսեցին
լիցքավորվել Վրաստանում: Փաստորեն, այն գումարները, որ պետք է ծախսվեին մեր պետությունում,
Վրաստանի «գրպանն» էին մտնում: Հայաստանում օդանավակայանին ավիավառելիքի միակ
մատակարարը «Միկա լիմիթեդ» ընկերությունն է: Մեր ջանքերը՝ այս ընկերությունից պարզելու,
թե այս անգամ ի՞նչ խնդիրներ են առաջացել, ինչո՞ւ են ուշացնում վառելիքի ներկրումը՝
ապարդյուն անցան: Մեզ չհաջողվեց անգամ վերջիններից պարզել՝ ավիավառելիքի նոր խմբաքանակը
թա՞նկ է ձեռք բերվել, թե՞ ոչ: Ընկերության հեռախոսավարուհին չցանկացավ լսափողը որեւէ
մեկին փոխանցել՝ պատճառաբանելով, որ իրենք խիստ զբաղված են: Իսկ մինչ այդ, նա անընդհատ
խնդրում էր կես ժամից, 1 ժամից, 15 րոպեից զանգահարել: Մասնագետների կանխատեսումներով՝
ավիավառելիքի գինը թանկանալու է: Չի բացառվում, որ նոր խմբաքանակը թանկացած գա, քանի
որ համաշխարհային շուկայում ավիավառելիքի գինը սկսում է մրցել բենզինի գնի հետ եւ
նույնիսկ բարձրանում է: Մասնագետները դա բացատրեցին ավիավառելիքի մեծ պահանջարկով՝
նկատի ունենալով այն, որ պատերազմները շատացել են, իսկ ռազմական ինքնաթիռները դրանով
են լիցքավորվում: Առհասարակ վառելիքի գներն ամբողջ աշխարհում միտում ունեն
բարձրանալու: Նավթ արտահանող երկրների փորձագետները կանխատեսել են, որ մինչեւ 2006
թվականը հում նավթի գները կմնան մոտավորապես մեկ բարելը 60 դոլարի մակարդակին: Նրանք
բացատրել են, որ նավթի արդյունահանման մեծացումը չի կարող գերազանցել նավթամթերքների
վերամշակման եւ մաքրման ծավալներով անհամարժեք իր հզորություններին: Գները շարունակում
են մնալ լողացող եւ բավականին բարձր, քանի դեռ պատշաճ ներդրումներ չեն կատարվել նավթի
մաքրման արտադրության ընդլայնման մեջ: Ինչ վերաբերում է ավիավառելիքի գներին,
եթե այն շարունակի մնալ նույն մակարդակին, ոչ միայն հայկական, արտասահմանյան ավիաընկերությունները
կսնանկանան: Առանց այդ էլ, վերջին թանկացումներից հետո, նրանցից մի քանիսն արդեն
սնանկացել են: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել