Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՎՏԱՄԵՋԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ Է

Հոկտեմբեր 01,2005 00:00

Ոչ խմելու ջուր կա, ոչ տրակտոր, ոչ էլ փող

Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը տարեկան հաշվետվությունների ժամանակ երբեմն այնպիսի ցուցանիշներ է հրապարակում, որ թվում է, թե գյուղի բնակիչները քաղաքացիներից լավ են ապրում՝ ոչ հողի, ոչ ջրի, ոչ էլ մթերքների իրացման խնդիրներ չունեն: Մինչդեռ իրենք՝ գյուղացիներն այլ կարծիքի են: Հովտամեջ գյուղը Արմավիրի մարզում է, բայց գյուղի ապրելակերպի մասին երեւի հստակ պատկերացում չունի անգամ մարզպետը: Գյուղապետ Արմեն Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում գյուղի ամենալուրջ խնդիրներից առաջին հերթին նշեց հողի ու ջրի վարձավճարների ուշ հավաքագրման մասին: Անշուշտ, դա խնդիր է, բայց ոչ թե գյուղացու, այլ՝ գյուղապետարանի ու մարզպետարանի համար: Իրականում գյուղացուն մտահոգում են խմելու ջուր ստանալու, որակյալ պարարտանյութ գնելու, մի տեղից ցածր տոկոսադրույքով վարկ վերցնելու խնդիրները: Հովտամեջը, ի տարբերություն խմելու ջրի, այս տարի ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չի ունեցել, որի արդյունքում գյուղի 215 հա հողերից չի մշակվել միայն 4 հեկտարը, այն էլ՝ սեփականատերերի սուղ ֆինանսական միջոցների պատճառով: Ինչ վերաբերում է խմելու ջրին, արդեն 15 օր է՝ բնակիչների 70 %-ից ավելին ջուր չունի: Ըստ գյուղապետի, պատճառը խողովակների մաշվածությունն է. «ջուրը գյուղ մտնում է, բայց գյուղացուն չի հասնում»: Մինչեւ հիմա «Հայջրմուղկոյուղուն» էլ չի հաջողվել բացել այս հանելուկը, ընկերության մասնագետները դեռ «որոնողական աշխատանքներ» են կատարում:

Գյուղացու հաջորդ ամենամեծ մտահոգությունը պարարտանյութերի ու թունաքիմիկատների ձեռքբերումն է: Ըստ Հովտամեջի բնակիչների՝ իրենց առաջարկվող պարարտանյութերը շատ թանկ են ու անորակ, իսկ թունաքիմիկատներն էլ հիմնականում ժամկետանց են, բերքը չորացնում են: Պարոն Սարգսյանը մեզ հավաստիացրեց, որ այս տարի գարնանը կառավարությունը 50 տոննա պարարտանյութ է հատկացրել գյուղին, 1 պարկը՝ 3700 դրամով: Սակայն պետության հատկացրած պարարտանյութը բավարարել է միայն գարնան սեզոնին, իսկ աշնան մշակաբույսերի համար գյուղացին ստիպված նորից «գնումներ» է կատարում շուկայից՝ 1 պարկը 4500-4700 դրամով:

Հովտամեջի բյուջեն կազմում է շուրջ 6 մլն դրամ, սակայն նախորդ տարի այն կատարվել է ընդամենը 22 %-ով: Այս տարի էլ, անգամ գյուղապետի կանխատեսմամբ, այն 100%-ով չի կատարվի: «Եղած փողով հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում՝ աղբահանություն, աշխատավարձերի վճարումներ ու եկամտահարկ, մի քիչ էլ օգնում ենք կարիքավոր ընտանիքներին, պատերազմի վետերաններին ու հաշմանդամներին»,-բյուջեն այս մասերի բաժանեց Ա. Սարգսյանը: Բայց նշված հոգսերի համար կառավարությունը տրամադրել է 3.5 մլն դրամի դոտացիա:

Հովտամեջի ճանապարհները քարուքանդ են, բայց ոչ այս, ոչ էլ հաջորդ տարվա բյուջեի միջոցներով դրանք վերանորոգելու հույս չկա: Գյուղապետը որոշ սպասելիքներ ուներ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից, քանի որ լուրեր էին տարածվել, թե այս տարի ծրագրի շրջանակներում վերանորոգելու են Էջմիածնից մինչեւ Արշալույս գյուղ տանող ճանապարհահատվածը, որն անցնում է Հովտամեջով: Սակայն հետո պարզվեց, որ պլանները փոխվել են:

Տեսնելով, որ կառավարությունն իր ցանկությամբ չի ուզում անդրադառնալ Հովտամեջի խնդիրներին, գյուղի «խելոքները» տարբեր ծրագրեր են ներկայացրել կառավարությանը, որոնցից ընդունվել է միայն մեկը՝ դպրոցաշինությունը: Արդեն ծրագրի իրականացման համար հատկացվել է 54 մլն դրամ, բայց գործը դեռ գլուխ չի գալիս: Ըստ գյուղապետի, «եթե 2006-ին էլ գումար հատկացնեն, մինչեւ տարեվերջ շինարարությունը նոր կավարտեն»:

Գյուղացուն մտահոգում է նաեւ տրակտորների հարցը: Ողջ Հովտամեջում գործում է վարի 1 եւ հողի մշակման 2 տրակտոր: Արմեն Սարգսյանը խնդրի լուծումը «Հայգյուղփոխբանկի» հետ է կապում՝ նշելով, թե վերջինս լիզինգով տրակտորներ տրամադրում է: Բայց գյուղացուն բացարձակ չեն գոհացնում դրանց տրամադրման պայմանները՝ եւ՛ ժամկետն է կարճ՝ 4 տարի, եւ՛ գինն է բարձր՝ 14000-15000 դոլար: Բնականաբար, գյուղացին սեփական միջոցներով ի վիճակի չէ գնել տրակտոր, իսկ առանց դրա հողագործությունը դժվար է պատկերացնել: Հովտամեջի բնակիչները հիմա կառավարությունից միայն մի խնդրանք ունեն՝ «մեզ մատչելի գներով գոնե օգտագործված տրակտորներ տվեք»:

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել