Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կուրծքը վաղո՜ւց ինտիմ չէ

Հոկտեմբեր 01,2005 00:00

Հայ
մասնագետները հրաժարվում են դաջվածքներ անել ինտիմ մասերում Սփյուռքահայ զբոսաշրջիկներն
այնքան են տպավորվել Գրերի գյուտի 1600- ամյակով, որ այդ առիթով այցելելով հայրենիք՝
մարմնի վրա հայերեն դաջել են իրենց անվան սկզբնատառերը: Ըստ տատուաժի մասնագետների,
եթե հայ երիտասարդները փորձում են նմանվել արտասահմանցիներին՝ վագրեր, առյուծներ
ու վիշապներ են պատկերում մարմնի տարբեր մասերին, ապա արտասահմանցի հայերը նախընտրում
են դաջել Հայաստանի դրոշը: Այս մասին մեր ուսումնասիրությունների ժամանակ պարզեցինք,
որ ինքնահաստատման այս տարբերակից կարող են օգտվել 16-ից բարձր տարիքի երիտասարդները,
քանի որ մինչ այդ մարդու օրգանիզմը պատրաստ չէ այդ փորձությանը: Բացի այդ, նշանակություն
ունեն օրգանիզմի դիմադրողականությունը, ալերգիկ լինելն ու բորբոքային պրոցեսները:
Սակայն գեղեցկության սրահներում, որտեղ դաջվածքներ են անում, վերահսկման ոչ մի մեխանիզմ
չկա: Ասենք՝ 16-ամյա երիտասարդը կարող է ներկայանալ չափահաս ու դաջվել: Գեղեցկության
սրահներում անձնագրեր չեն պահանջում: Մասնագետների կարծիքով՝ դաջվածքներ անելու
համար մեծ համարձակություն է պետք: Ազգային մենթալիտետից ելնելով՝ շատերը կարծում
են, որ «նամուսով» աղջիկը, տան տղեն եւ առհասարակ նորմալ մարդը պետք է իր մարմնի
վրա պատկերներ չդաջի: Դաջվածքներով երիտասարդները քարկոծվում են հասարակության կողմից:
Տարիքով կանայք եւ տղամարդիկ ոտքից գլուխ չափում են նրանց ու անպարկեշտ մեկնաբանություններ
տալիս: Իսկ «ավանդապաշտ» աղջիկներին սարսափեցնում են տղաների վրա պատկերված կենդանական
նշանները: «Վեներա» գեղեցկության սրահի աշխատակից Աննա Օհանյանի տեղեկացմամբ՝
հիմնականում այցելում են 20 տարեկանից բարձր տղաները: Ընդ որում՝ նրանք իրենց ավելի
ուժեղ զգալու եւ ինքնահաստատելու համար վիշապներ ու առհասարակ ուժ խորհրդանշող կենդանիներ
են պատկերում կամ աստվածաշնչյան խորհրդանիշներ՝ խաչեր, Հիսուս: Աղջիկները դաջում
են թիթեռնիկներ ու ծաղիկներ: Դաջվածք անելն այնքան էլ թանկ չէ, արժեքը կախված
է չափից եւ աշխատատարությունից: Լուցկու տուփի մեծության նկարների դեպքում այն արժե
20-30 դոլար եւ ավելի: Ժամանակավոր դաջվածքի դեպքում գինը սկսում է 7000 դրամից,
սակայն այն լվացվելիս մաքրվում է: Մշտական դաջվածքներն ավելի թանկ են, քանի որ արվում
են բնական ներկերով ու 10 դոլարանոց միանգամյա ասեղներով: Որոշ սրահներում այդ ասեղները
դաջելուց հետո ոչնչացվում են, երբեմն էլ տալիս են դաջվողին, որ թարմացնելու անհրաժեշտության
դեպքում նորից չվճարի: Սակայն այս դեպքում կարող են վարակ ձեռք բերել: Այժմ
երիտասարդների շրջանում առավել ակտուալ է շուրթերի եւ հոնքերի տատուաժը: Աղջիկները,
ըստ մասնագետների, այս տարբերակի համար դրամ չեն խնայում: Հայ աղջիկներն ու
տղաները, ի տարբերություն արտասահմանցիների, դաջվածքներ անում են մարմնի երեւացող
մասերում՝ թեւերի, ոտքի բութ մատի եւ մեջքի վրա: Գեղեցկության սրահների մասնագետների
հավաստիացմամբ՝ «ինտիմ մասերում ոչ ուզող կա, ոչ էլ անող»: Նշենք, որ կուրծքը ինտիմ
մասերի ցանկից վաղուց արդեն դուրս է եկել: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել