Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԽԱԼ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ՝
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Հոկտեմբեր 01,2005 00:00

Վաճառողներն
ազատորեն օգտվում են խանութի վաճառասեղանից ու օգտագործածը նորից վաճառում Խանութներում
վաճառվող մի շարք կենցաղային իրեր առեւտրի եւ տնտեսական զարգացման որակի տեսչությունն
ընդգրկել է պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկում: Ատամի չոփերը եւ ընդհանրապես
նման մանր-մունր բաները ցանկում ընդգրկված չեն, իսկ սա նշանակում է, որ դրանց նկատմամբ
ոչ մի վերահսկողություն չկա: Կուզեն՝ տուփի մեջ նորմալ չոփեր կլցնեն, կուզեն՝ փայտի
տաշեղներ, կուզեն՝ գերան: Որակի տեսչությունը ոչ մի կարգ չի սահմանում, թե ինչպիսի
տեսք պետք է ունենան այդ փայտիկները, ինչպես պետք է փաթեթավորվեն ու վաճառվեն: Խնդիրն
այն է, որ, ըստ տեսչության դիտարկման, իրենք փաթեթավորման որոշակի չափանիշներ են
սահմանում միայն հասարակության, բույսերի ու կենդանիների կյանքի, առողջության անվտանգության
պահպանման նպատակով: Այս մասին է սահմանում նաեւ «Համապատասխանության գնահատման մասին»
օրենքը: Ստացվում է, որ ուրիշի օգտագործած ատամի չոփերը մարդու առողջությանը ոչ մի
կերպ չեն կարող վնասել, մինչդեռ նման փաթեթավորումը կարող է նպաստել աշխարհի ամենավտանգավոր
հիվանդությունների՝ տուբերկուլյոզի ու ՁԻԱՀ-ի տարածմանը՝ արյան միջոցով, էլ չենք
խոսում լնդային տարբեր հիվանդությունների մասին: Իհարկե, պարտադիր սերտիֆիկացման
ենթակա ապրանքների այդ ցանկը «դոգմա» չէ, հանգիստ կարող է ենթարկվել փոփոխման: Ուստի
նախարարության լրատվականից մեզ «հույս տվեցին», որ նյութը կլինի ահազանգ ու ատամի
չոփերն էլ կներառվեն այդ ցանկում: Սակայն դրանով խնդիրը չի լուծվի, քանի որ արդեն
ցանկում եղածները՝ օծանելիքները, հոտազերծիչները, շպարման, սափրվելու եւ մազերի խնամքի
պարագաները նույնպես վաճառվում են կիսադատարկ ու առանց նորմալ փաթեթավորման: Ուշագրավ
է հատկապես այն, որ ցանկում նշված 32 խումբ ապրանքատեսակների մեջ թվարկված են հատկապես
մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների համար նախատեսված դողեր, երկաթբետոնե շինարարական
կրող կոնստրուկցիաներ, էլեկտրական սարքավորումներ եւ մի շարք հրացանների տեսակներ:
Այսինքն՝ հրացաններն ու ավտոդողերն ավելի լավ են հսկվում ու փաթեթավորվում, քան այն
ապրանքները, որոնք գրեթե ամեն օր օգտագործում ու գնում ենք: Ոչ մի խանութում
օծանելիքների փորձանմուշ (պրոբնիկ) չկա, ուստի հաճախորդին հոտերին ծանոթացնելու համար
վաճառողները, ուզեն թե չուզեն, պիտի բացեն տուփն ու «պզզացնեն»: Հետո, գաղտնիք չէ,
որ վաճառողներն իրենք էլ են շատ հաճախ «լավ տեղ գնալիս» օգտվում վաճառասեղանին դրված
բոլոր բարեմասնություններից, հատկապես՝ օծանելիքից ու մազի լաքից: Անդրանիկի փողոցում
գտնվող տնտեսական իրերի խանութում բոլոր աշխատողների գլխին կա գնապիտակով մազակալներ,
պետք եկած ժամանակ օգտագործում են՝ նորից դնում տեղը: Պարապ ժամանակ վաճառողուհիներն
օգտվում են նաեւ եղունգների լաքից, շրթունքի ու աչքի մատիտներից: Բացի այն, որ այդ
ամենը խիստ հակահիգիենիկ է, արդյունքում՝ գնորդները ձեռք են բերում չորացած մանիկյուրներ,
սրելուց կարճացած մատիտներ ու ընդհանրապես ոչ լիարժեք արտադրանք: Այս ամենն ընդամենը
սխալ փաթեթավորման հետեւանք է, որովհետեւ անգամ հիգիենայի միջոցները խանութներում
վաճառվում են գրեթե բաց վիճակում: Օրինակ, գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տուփը
պտտովի է, արտաքինից չի էլ երեւա՝ օգտագործե՞լ են, թե՞ ոչ, ուստի դրանք պետք է անպայման
ցելոֆանապատվեն: Առանց այդ էլ մեր շուկայում չկա մատուցման կուլտուրա, վաճառասեղանին
դրված փոշոտ ապրանքները առանց տուփերի՝ գազարա-կանաչավուն պիտակը վրան տալիս են գնորդին:
Խոսքն իհարկե հայտնի սուպերմարքետների մասին չէ, բայց գնորդի իրավունքներն ամեն տեղ
նույնն են՝ անկախ այն բանից՝ ծայրամասի՞ց ես առեւտուր անում, թե՞ կենտրոնից: Ըստ
նախարարության մամուլի քարտուղարի՝ որակի տեսչության դիրքորոշումն այս հարցին հետեւյալն
է՝ «կառավարությունն ավելի շատ հետեւում է այն ապրանքների փաթեթավորմանը, որոնք կարող
են վնաս տալ մարդկանց, իսկ մնացած ապրանքները չեն վերահսկվում, պիտի ուղղակի սպառողը
չգնի: Եթե բոլոր գնորդները վերադարձնեն նման արտադրանքը, կմնա խանութի տիրոջ կամ
արտադրողի վրա, որակը կբարձրանա»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել