Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փոխում ենք միայն պիտակները»

Հոկտեմբեր 01,2005 00:00

Քաղաքական
բանավեճի ակումբը երեկ կազմակերպել էր քննարկում՝ «Եվրաինտեգրացումը եւ բարձրագույն
կրթության խնդիրները» թեմայով: Իբրեւ հիմնական բանախոսներ հրավիրված էին ԿԳ
փոխնախարար Արա Ավետիսյանը եւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր
Սուրեն Զոլյանը: Պրն Ավետիսյանը քննարկմանն այդպես էլ չեկավ (ակումբի տվյալներով՝
նա մեկ ժամ առաջ դուրս էր եկել քննարկմանը ներկայանալու, բայց տեղ չհասավ): Ներկաների
առջեւ դրված էր կառավարության չարչրկված որոշումը՝ բուհական խորհուրդներ ձեւավորելու
կարգի մասին, ինչն էլ ամենից շատ հետաքրքրում էր բոլորին, սակայն Սուրեն Զոլյանը
նպատակահարմար գտավ խոսել նախ ավելի գլոբալ հարցերի մասին: Անդրադարձ եղավ Բոլոնյան
գործընթացներին, Լիսաբոնի հռչակագրին եւ ընդհանրապես եվրոպական կրթությանն ինտեգրվելու
խնդիրներին: Սա, ըստ ռեկտորի, անհրաժեշտ է մեզ եւ անխուսափելի, որովհետեւ կրթությունը
զուտ ազգային երեւույթ չէ. «Այնպես՝ ինչպես սխալ է կարծիքը, թե նախկին ռուսական ռուբլին
ավելի լավն էր, քան հայկական դրամը, գործընթացներ կան, որոնք պետք է անցնել»: Այլ
հարց է՝ մենք պատրա՞ստ ենք այդ ամենին, թե՞ ոչ: «Մենք Հայաստանում ունենք հապճեպ
եւ խորը չգիտակցված փոփոխություններ՝ անհեթեթ եւ ոչ լուրջ հիմքերի վրա դրված»,- գնահատում
է Ս. Զոլյանը: Իբրեւ օրինակ բերվեց կրեդիտային համակարգի ներդրումը եւ անցումը երկաստիճան
համակարգի: Ըստ բանախոսի, մագիստրատուրայի եւ բակալավրիատի տարանջատումը մեր երկրում
իրականացվում է մեխանիկորեն, այսինքն՝ չկան դրանց համար անհրաժեշտ ծրագրեր՝ առանձին-առանձին,
այլ պարզապես կա բաժանում՝ ըստ ժամանակի: Չունենք համապատասխան մասնագետներ. «Մեր
կադրերը բակալավրիատի համար են, իսկ մագիստրատուրայի համար համաշխարհային փորձ ունեցող
կադրեր են պետք»: Նույնը կրեդիտային համակարգի մասին կարելի է ասել: Փաստորեն՝
ուսանողից պահանջվող կրեդիտների հանրագումարից շատ քիչ տոկոսը կարող է առնչվել իր
մասնագիտությանը, եւ ստացվում է, որ մեզ պարզապես պետք է թիվ եւ ոչ որակ՝ կոնկրետ
մասնագիտության գծով: «Որովհետեւ մենք չենք կարող աշխատանքից ազատել մյուս դասախոսներին»:
Մի խոսքով, ինչպես նշեց Սուրեն Զոլյանը, մենք միշտ ուզում ենք լավ բան անել, սակայն
ի վերջո փոխում ենք միայն պիտակները: Ինչ վերաբերում է բուհական խորհուրդների
ձեւավորման կարգին, ապա Լեզվաբանականի ռեկտորը եւս շեշտեց, որ բուհերը որոշման մասին
իմացել են այն ժամանակ, երբ այն արդեն նախագահականում էր, ապա ավելացրեց. «Եթե ռեկտորներն
այդ մասին իմացել են, դա չի նշանակում, որ բուհերն էլ են տեղյակ եղել»: Իսկ
այս կապակցությամբ ռեկտորների առաջարկների արդյունքում փոխվել է միայն երկրորդական
մի դիտողություն՝ այն, որ նախարարությանը հատկացվող բաղադրիչում ներգրավվել են ոչ
թե նախարարության աշխատակիցներ, ինչպես նախնական տարբերակում էր, այլ ոլորտի ճանաչված
մարդիկ՝ նախարարության ներկայացմամբ: Պրն Զոլյանը ցավով հայտնեց, որ որոշմանն ընդդիմացող
մի քանի բուհեր ճանապարհի կեսից լքեցին իրենց՝ հիմնական ընդվզողներին: Իսկ վերջիններիս
շարքում են Լեզվաբանականը, ԵՊՀ-ն, Տնտեսագիտականը եւ Ճարտարապետաշինարարականը: Ի
վերջո, կառավարությունն այս 4 բուհի պարագայում եկել է փոխզիջման՝ ի հաշիվ նախարարության
մասնաբաժնի ավելացնելով բուհի բաժինը՝ ստանալով 62.5+37.5 պատկերը: Սակայն սա էլ
հարցի լուծում չէ, որովհետեւ «վտանգավորն» այս ամենի մեջ կառավարության հատվածն է,
որ մնացել է անփոփոխ: Պրն Զոլյանը մտավախություն ունի, որ կառավարությունը, ունենալով
որոշակի իրավունքներ՝ այսկերպ ճնշումներ կգործադրի խորհրդի վրա՝ լուծելով թե կադրային,
թե շենքային հարցեր՝ իրեն հարմար ձեւով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել