Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԴԱՍԱՄԱՏՅԱՆ Է «ԱՌԵՎԱՆԳԵԼ»

Հոկտեմբեր 01,2005 00:00

Տնօրենն
էլ դպրոցի հեղինակությունը գետնով չտալու համար՝ կատարվածը վերադասից թաքցրել է Տնօրենից
վիրավորված՝ օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել Տերյանի անվան թիվ 60 դպրոցի
նախկին ուսուցչուհի, 45 տարվա մանկավարժ Ժենյա Կարապետյանը: Կենսաթոշակային տարիքի
համար աշխատանքից ազատված ուսուցչուհին բողոքում էր դպրոցում տեղի ունեցող անօրինականություններից՝
դրամահավաքություն, աշակերտների հետ մասնավոր պարապմունքներ, կաշառակերություն: Ժ.
Կարապետյանը հավաստիացրեց, որ դպրոց վերադառնալու ակնկալիքով չի բողոքում, այլ իր՝
45 տարվա վաստակը վիրավորված է համարում: Նա մասնավորապես դժգոհում էր, որ դպրոցում
իրենց ուսումնական պրակտիկան անցնող պետական եւ ոչ պետական բուհերից եկած ուսանողների
բաշխումը տնօրենն արդար սկզբունքով չի իրականացնում եւ որ տարիներ շարունակ պրակտիկանտների
համար բուհի վճարած գումարների միայն մի մասն է ուսուցիչներին հասնում. «Երեք պրակտիկանտի
համար ստացել եմ 3 հազար դրամ, այնինչ յուրաքանչյուրի համար պետք է 3 հազար ստանայի:
Մանկավարժական համալսարանից եկած երկու պրակտիկանտի համար ստացել եմ 5700 դրամ, մինչդեռ
նույն բուհից տեղեկացել եմ, որ իմ հասանելիք գումարը 11400 դրամ է»: Ուսուցչուհու
հավաստմամբ՝ պրակտիկանտի համար վարձատրվելիս դասվարները ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրում,
այլ «ամեն անգամ փոխտնօրենը բերում է առձեռն բաժանում»: Տերյանի դպրոցում պրակտիկա
են անցնում Մանկավարժական պետական համալսարանի եւ երկու ոչ պետական բուհերի ուսանողներ:
«Մոնթե Մելքոնյան» համալսարանի պրոռեկտոր Նելլի Գասպարյանից ճշտեցինք, որ դպրոցի
տնօրենի հետ կնքած պայմանագրի համաձայն, ըստ որի պրակտիկան տեւում է մեկ ամիս, իրենք
մեկ ուսանողի համար յուրաքանչյուր ուսուցչի վճարում են 3 հազար դրամ: Ըստ պրոռեկտորի,
ընդհանուր գումարը փոխանցվում է դպրոցի հաշվեհամարին, այնուհետեւ աշխատավարձի ցուցակով
ուսուցիչները ստորագրում են ու ստանում: Մանկավարժական համալսարանից հայտնեցին, որ
յուրաքանչյուր ուսանողի համար վճարում են 3360 դրամ՝ ներառյալ պահումները, եւ կախված,
թե պրակտիկանտը ուսուցչին քանի ժամ է կցված: Պարզաբանման համար դիմեցինք թիվ
60 դպրոցի տնօրեն Ալվարդ Առաքելյանին: Վերջինս խորապես վրդովված իր աշխատասենյակ
հրավիրեց 10-15 ուսուցչի՝ Ժ. Կարապետյանի «պատկերը» «Առավոտին» ներկայացնելու: Դպրոցի
հաշվապահությունից մեզ տրամադրեցին ուսուցիչների ստորագրությամբ պրակտիկանտների վճարումների
ցուցակները: Ըստ դրանց, ուսուցիչները «Մոնթե Մելքոնյանի» պրակտիկանտների համար ստացել
էին ճիշտ այնքան, որքան նշել էր բուհի պրոռեկտորը, սակայն Մանկավարժական համալսարանի
մեկ պրակտիկանտի համար, ինչպես հավաստեցին հենց իրենք՝ ուսուցիչները, վարձատրվել
են 2400 դրամ: Տնօրենը եւ նրան սատարելու եկած ուսուցիչները միաբերան պնդեցին, որ
պրակտիկանտները դժկամությամբ են Ժ. Կարապետյանի հետ աշխատում. «Պատահել է, որ հրաժարվել
են՝ հետեւաբար իր հասանելիք գումարը պակասել է»: Մոտ մեկ ժամ Ժ. Կարապետյանի կոլեգաներն
իրար հերթ չտալով փնովում էին նախկին գործընկերոջը եւ ամոթանք տալիս, պատմում էին,
որ «թույլ ուսուցչուհի» է, սակայն խոսքից խոսք բացվեց եւ պարզվեց, որ Ժ. Կարապետյանն
իրեն անթույլատրելի արարք է կատարել՝ առանց տնօրենի իմացության 3-րդ «Ա» դասարանի
դասամատյանը մեկ օրով դպրոցից տուն տանելով: Տնօրենն էլ իր եւ դպրոցի հեղինակությունը
վերադասի մոտ չգցելու համար կատարվածը թաքցրել է: Տնօրենի հավաստմամբ՝ մատյանը վերադարձնելուց
հետո պարզել են, որ աշակերտների գնահատականների մեծ մասը փոխված է. «82 գնահատական
փոխել է, երկուսները դարձրել է երեք, երեքը՝ չորս եւ այդպես շարունակ»: Մենք էլ նկատեցինք,
որ սպիտակ մատիտի օգնությամբ դասամատյանում գնահատականները իսկապես փոխված էին: Տնօրենի
հավաստմամբ՝ Ժ. Կարապետյանը փոխտնօրենի տված նկատողությունից հետո է այդպես վարվել,
քանի որ վերջինս նրան մեղադրել էր անթույլատրելի կիսամյակային եւ տարեկան գնահատականներ
փակելու համար. «Ծայրից ծայր երկու ստացած աշակերտի կիսամյակը երեք էր փակել, այդ
պատճառով մատյանն առեւանգել է եւ տանը գնահատականները փոխել: Այս տարի հայոց լեզվի
թելադրությունից իր անցյալ տարվա դասարանի 21 աշակերտից 13-ը 1 կամ 2 է ստացել: Նույն
պատկերը մաթեմատիկայից է, ո՞վ է պատասխան տալու այդ կործանված ճակատագրերի համար»:
Դասամատյանը, որը պետական փաստաթուղթ է, դպրոցից առանց թույլտվության դուրս հանելու,
գնահատականները փոխելու փաստը, որը «Առավոտից» էլ էր թաքցրել, Ժ. Կարապետյանը «թեթեւ
տարավ»՝ «հա, դրա մեջ ինչ կա որ: Մեր դպրոցում դա ընդունված պրակտիկա է, համ էլ ես
գնահատականները դպրոցում եմ փոխել, իսկ մատյանը տարել եմ Կրթության վարչություն,
ղեկավարությանը ցույց տալու, որ կոլեգան կոլեգային նկատողություն է տվել, որի իրավունքն
ինքը չուներ»: Երեկ խմբագրությունը այս դպրոցից կրկին տնօրենից բողոքող նամակ
ստացավ, սակայն հարկ չենք համարում անդրադառնալ՝ անանուն լինելու պատճառով: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել