Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԻԳ-ի պայմանագրի դեմ

Հոկտեմբեր 01,2005 00:00

2004-ի փետրվարի 21-ին «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի ու Ծովինար Դավթյանի եւ Վաղինակ Ղազարյանի միջեւ կնքվեց պայմանագիր, որն անվավեր ճանաչելու պահանջով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան են դիմել քաղաքացիները:

Նրանք գտնում են, որ խախտվել է մարդու սեփականության անձեռնմխելիության իրավունքը, քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը, պայմանագիր կնքելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438 հոդվածով սահմանված կամավորության իրավունքը: Ըստ քաղաքացիների՝ գերշահույթ ստանալու նպատակով իրենցից ապօրինաբար գանձվել է եկամտահարկ: Կրթությամբ իրավաբան հայցվորը՝ Վ. Ղազարյանը իր հայցում նշում է, որ բնակիչներից որեւէ մեկը իր բնակարանը չի վաճառել, իր հողը չի ծախել եւ, հետեւաբար, իրենցից խլված անշարժ գույքի եւ հողամասերի դիմաց տրված հատուցման գումարից եկամտահարկ գանձելը սեփականատերերի հաշվին՝ գերշահույթ ստանալու միջոց է:

Հայցվորները նշում են, որ բնակիչներին պայմանագիր կնքել հարկադրելու համար կիրառվել են, այսպես կոչված՝ «խրախուսման գումարներ»: Խրախուսման գումարը, ըստ նրանց, սեփականատերերից յուրացված գումարն էր, որը նրանց էր վերադարձվում, եթե բնակիչները համաձայնում էին ԾԻԳ-ի առաջարկին եւ ստորագրում պայմանագիրը: Հակառակ պարագայում ԾԻԳ-ը դիմում է դատարան եւ դատարանի վճռով հարկադրում սեփականատիրոջը՝ կնքել պայմանագիր, իսկ այս դեպքում զրկվում էր խրախուսման գումարից: Հայցվորները իրենց հայցում նշում են նաեւ, որ բնակիչներին ահաբեկելու նպատակով վտարումները կատարվել են «ցուցադրական կոպտությամբ»: «Դրանք սկսվեցին Լալայանց 26 տան բնակիչ Հայկ Միքայելյանի ընտանիքի վտարումով՝ զինված, դիմակավորված անձանց միջոցով ծեծի ենթարկվեցին ընտանիքի անդամները, անչափահաս աղջիկը հիվանդանոց ընկավ, իսկ Հայկը երեք օր ձերբակալված մնաց ոստիկանության Կենտրոնի բաժնում: Նույնը կրկնվեց Պուշկինի 34 հասցեում բնակվող մահամերձ հիվանդ Նորա Եդիգարյանի վտարման ժամանակ: Եդիգարյանին հարեւանները տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նույն օրը նա մահացավ»: Բնակիչների այդ ահազանգով հարուցվել է քրգործ, «Առավոտի» տեղեկություններով՝ այն գտնվում է նախաքննության փուլում:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել