Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասեղնագործին լավ են ընդունել

Հոկտեմբեր 01,2005 00:00

Ձեր թերթի 2005թ. սեպտեմբերի 24-ի համարում
լրագրող Ռ. Մ.-ի «Ասեղնագործի անհավանական արկածներն Իրանում» հոդվածի վերաբերյալ
հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալը: Դեսպանությունը ՀՀ քաղաքացի տիկին
Զեփյուռ Դանիելյանի՝ Իրանում գտնվելու մասին լուրը ստացել է նրա Թեհրան ժամանելուց
հետո, մայրաքաղաքի «Ազադի» հրապարակում գտնվող ավտոկայանի ոստիկանության բաժանմունքի
պետից, որի կապակցությամբ համապատասխան արձանագրություն էր կազմվել առ այն, որ ՀՀ
քաղաքացի Դանիելյանը մի քանի օր է՝ ինչ գիշերում է ավտոկայանի սրահում: ՀՀ
դեսպանի հանձնարարությամբ, դեսպանության աշխատակիցն անմիջապես մեկնել է ավտոկայան
եւ տեղում ծանոթանալով իրավիճակին՝ միջոցներ է ձեռնարկել 80-ամյա միայնակ, պարսկերենին
չտիրապետող անօգնական կնոջ համար գիշերավայր ապահովելու ուղղությամբ: Դեսպանությունը
դիմել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան, որի արդյունքում, Թեմակալ առաջնորդի հանձնարարությամբ,
նույն օրը, Թեհրանի Ս. Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ գտնվող ծերանոցում տեղ է հատկացվել
տիկին Զեփյուռ Դանիելյանին՝ ստեղծելով նրա համար սնվելու հնարավորություն եւ կենցաղային
այլ անհրաժեշտ պայմաններ: ՀՀ դեսպանությունը նպատակ չի հետապնդում ժամանակներն
ու անձանց խառնած հարգարժան տիկնոջ հետ /նկատի ունենալով նրա պատկառելի տարիքը/ բանավիճելու,
սակայն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ տիկին Զեփյուռ Դանիելյանը Թեհրանում
ՀՀ դեսպանություն չի այցելել, ուստի նրա հետ դեսպանությունում չէին կարող խոսել՝
այն էլ նման ձեւով եւ տոնով, ինչն առհասարակ ընդունված չէ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում:
Ծերանոցում տիկին Զեփյուռ Դանիելյանի հետ զրույցի ժամանակ պարզվել է, որ նա
երկար տարիներ զբաղվել է ասեղնագործությամբ եւ ի նշան Իրանի նկատմամբ իր սիրո եւ
երախտագիտության, որոշել էր իր ստեղծագործություններից մի քանիսը, այդ թվում, ԻԻՀ
նախագահի դիմանկարով ասեղնագործությունը, անձամբ նվիրել նախագահ Խաթամիին: Երեւանում
ԻԻՀ դեսպանությունը նրան տրամադրել էր ԻԻՀ մուտք գործելու արտոնագիր եւ ուղարկել
Թեհրան: Sիկին Զեփյուռ Դանիելյանին ՀՀ դեսպանության աշխատակիցը բացատրել է,
որ ԻԻՀ նախագահի հետ քաղաքացիների հանդիպումը ունի մի շարք արարողակարգային ընթացակարգեր
եւ խնդիրներ, ուստի հնարավոր չէ այն կազմակերպել: Ինչ վերաբերում է ստեղծագործություններին,
ապա դեսպանությունը միայն մեկը՝ ԻԻՀ նախագահի դիմանկարով ասեղնագործությունը, կարող
էր ընդունված կարգով ուղարկել ԻԻՀ նախագահի աշխատակազմ, ինչը եւ արվել է: Մյուս ստեղծագործությունները,
հեղինակի խնդրանքով, վերադարձվել են իրեն: Մեկ շաբաթ Թեհրանում մնալուց հետո ՀՀ դեսպանությունը
կազմակերպել է տիկին Զեփյուռ Դանիելյանի Թեհրանից Երեւան անվճար տեղափոխումը եւ հոգացել
է նրա ճանապարհին սնվելու ծախսերը: ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել