Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դրական արդյունք տվեցին

Հոկտեմբեր 01,2005 00:00

Երեկ
Կենտրոնի թաղապետի նախկին թեկնածու Ռուզան Խաչատրյանն ամփոփեց ընտրական գործընթացը
եւ ներկայացրեց իր մոտեցումները: Ի հեճուկս մինչ օրս հնչած կարծիքների՝ նա
ասաց. «Իմ առաջադրումը շատ ճիշտ էր, ես դրական եմ գնահատում գործընթացը՝ չնայած արդյունքներին,
որոնք իրական պատկերը չեն արտացոլում»: Իր առաջադրմամբ, Ռ. Խաչատրյանի համոզմամբ,
մի քանի խնդիր է լուծվել. տանելով ազնիվ պայքար՝ նա փորձել է բացահայտել, թե ներկայիս
իրավիճակով, թեկուզ թերի օրենքով, Հայաստանում որքանո՞վ է հնարավոր նորմալ ընտրություն
կազմակերպել: Այս համատեքստում նա ընդդիմությանը դիմեց. «Եթե ընդդիմությունն ուզում
է լուրջ պայքար տանել (խոսքը վերաբերվում է սահմանադրական հանրաքվեին- Ն. Գ.), թող
վերլուծեն եւ հետեւություններ անեն, որպեսզի այլ մեխանիզմներով աշխատեն»: Ապա, ըստ
նրա, իր առաջադրումը նախադեպ էր, որը հաջորդ ընտրություններին արդեն հայ կանանց կմղի
ակտիվության: Եվ վերջապես՝ «Ես երեւանցիներին փրկեցի մի չարիքից: Ըստ լուրերի, Գագիկ
Բեգլարյանին պատրաստում էին իբրեւ հաջորդ քաղաքապետ: Այս աղմուկ հանած ընտրություններից
հետո սկսել են երկմտել»: Նա մեկ անգամ էլ հայտարարեց, որ առաջադրվելու նախաձեռնությունն
իրենն է եղել, ուստի իր «պարտությունն» ընդդիմության վրա բարդելն անհեթեթություն
որակեց: «Եթե իշխանական աստափունջը լծվել էր իմ դեմ, ուրեմն ես լուրջ գործոն եմ»,-
եզրակացրեց նա: Տիկին Խաչատրյանը ներկայացրեց ընտրությունների ժամանակ գրանցված
խախտումների, կեղծումների, ահաբեկումների եւ այլ միջամտությունների՝ իր ձեռքի տակ
ունեցած փաստերը: Տեղեկացրեց, որ հետընտրական շրջանում էլ իր վստահված անձանց եւ
հանձնաժողովների անդամների նկատմամբ հետապնդումները շարունակվում են: Փակվել են մի
քանիսի կրպակները, ծեծի է ենթարկվել Կարեն անունով իր վստահված անձը՝ յոթը հոգով,
«ԳԱԶ 31», «77 700» պետհամարանիշի մեքենայով նրան ամսի 27-ին տարել են: Մի քանի ժամից
Կարենը վերադարձել է ծեծված: Կոտրվել են նույնիսկ երկու ողերը: Ասուլիսին ներկա Կարենի
մայրը տեղեկացրեց, որ իրենք ոստիկանություն չեն դիմել եւ չեն էլ պատրաստվում բողոքարկել:
Այլ մանրամասներ չհրապարակվեցին: Իր ձեռքի տակ ունեցած խախտումների առիթով Ռ. Խաչատրյանը
դատախազություն չի դիմել՝ ժամանակի սղության պատճառով, բայց օրերս պատրաստվում է
դիմել: Այդ ամենի մասին գրավոր կտեղեկացվեն նաեւ եվրոպական դիտորդները: ԿԸՀ-ին եւ
ՏԸՀ-ին ուղղված դիմում-բողոքները մինչ օրս անպատասխան են մնացել: Կենտրոն
համայնքում, ըստ ցուցակների, ընտրողների թիվը 91289 է, ընտրության են մասնակցել 37923-ը,
որից 32541-ը հօգուտ Գ. Բեգլարյանի է քվեարկել: Այս թվերից տիկին Խաչատրյանը հետեւություն
է անում՝ «հանրաքվեի 13-րդն այս ընտրություններով ապահովել են»: Ինչեւէ, այն, որ
ընտրողների մոտ 60 տոկոսը չի մասնակցել ընտրության, բանախոսի կարծիքով՝ դա հենց այն
մասսան է, որը հանրաքվեի ժամանակ վճռական է լինելու: Ընտրված 15 ավագանիները, Ռ.
Խաչատրյանի տեղեկություններով, Բեգլարյանի համար 22 հազար ձայն են ապահովել: Հիշեցնենք,
որ նրանցից մեկն էլ ներկայացնում է ԱՄ-ն: «Նրանք, որ այդքան գլուխ են գովում, թե
մեր թեկնածուն հաղթել է, նա նախորդ անգամ էլ էր ընտրվել եւ Բեգլարյանի հետ լավ էլ
աշխատում էր»,- ասաց Ռ. Խաչատրյանը: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել