Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագիրը նաեւ օրենք է

Հոկտեմբեր 01,2005 00:00

Կամ էլ՝ Հայ Առաքելական եկեղեցին է Հայաստանից դուրս

Ուղղակի զարմանալի է, թե ուր կարող է հասնել մեր պետական այրերի երեւակայությունը՝ ապացուցելու համար, թե Սահմանադրության փոփոխությունները խորհրդարանի կողմից չեն ընդունվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի ոտնահարմամբ եւ 2-րդ ընթերցումից հետո չեն արվել բովանդակային փոփոխություններ:

Արդեն հայտնել էինք, որ 2-րդ ընթերցմամբ ընդունված նախագծում կար հետեւյալ հոդվածը. «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել համաձայնագրով»: Իսկ 3-րդ ընթերցմամբ ընդունված տարբերակում արդեն նշված է, թե այդ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Հիմա ապացուցելու համար, թե ինչպես եւ պահանջում է կանոնակարգը՝ սա զուտ խմբագրական փոփոխություն է, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Տարեգրի» թղթակցի հարցին ի պատասխան ասել է. «Եկեղեցին պետությունից դուրս է, անջատ է: Այդ համաձայնագիրը եթե լիներ, ես կարծում եմ՝ նա պիտի ունենար միջազգային համաձայնագրի ուժ, այսինքն՝ պիտի նույն ընթացակարգով անցներ եւ, ըստ էության, նա պիտի ունենար նույն իրավական ուժը, եւ թերեւս օրենքը ավելի նպատակահարմար է: Այնպես որ, փոփոխությունը խմբագրական է»: Դիտարկմանն ի պատասխան, թե եկեղեցին պետությունից անջատ է, բայց դուրս չէ, Տիգրան Թորոսյանն ասել է. «Դուրս չի, բայց տարածքի մեջ լինելը չի նշանակում՝ միասին: Եկեղեցին որեւէ ձեւով չի ենթարկվում պետական կառույցներին»:

Տիգրան Թորոսյանի հետ այլ պարագաներում բանավիճող, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, կարկառուն իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանն էլ է արտահայտել նույն համոզմունքը. «Օրենքը եւ համաձայնագիրը նույն բանն է… Համաձայնագիրն էլ է իրավական ակտ, օրենքն էլ է իրավական ակտ: Այնպես որ, խմբագրական փոփոխություն է»: Մինչդեռ սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն այս առնչությամբ ասել է. «Իրականում դա շատ լուրջ բովանդակային փոփոխություն է, բայց մեր երկրում նման «մանրուքների» վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»: Եվ չիմացողների համար պրն Պողոսյանը հատուկ ներկայացրել է օրենքի եւ համաձայնագրի իրավական տարբերությունները. «համաձայնագրի» տարբերակով միջազգային իրավական ակտ չէր կարող կնքվել եկեղեցու եւ պետության միջեւ: Ուստի անհրաժեշտ էր սահմանել առանձին ակտի տեսակ, որը հնարավորություն կտար կարգավորել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունները. «Հիմա հասկացել են, որ բավականին ծանր դրության մեջ են հայտնվելու, որովհետեւ այդպիսի իրավական ակտի տեսակ Հայաստանում գոյություն չունի: Տակից դուրս գալու համար որոշել են եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորել օրենքով»:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել