Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 30,2005 00:00

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ Սեպտեմբերի 28-ին «Պահպանենք մեր մշակույթը» փառատոնը հյուրընկալվեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Այստեղ կարծես հյուրերի գալուն այդքան էլ սրտատրոփ չէին սպասում: Տեղի մշակույթի տան մուտքի մ ոտ, որտեղ պետք է ընթանար համերգային ծրագիրը, Երեւանից ժամանած հյուրերին ոչ ոք չդիմավորեց՝ պատճառաբանելով, որ 20-30 րոպե շուտ են եկել: Այնուհետեւ համերգային ծրագրի ամբողջ ընթացքում տեղի երիտասարդները շրջում էին դահլիճում՝ խանգարելով բեմում ընթացող իրադարձություններին: Շատերը արեւածաղիկ եւ քաղցրեղեն էին ուտում: Թեեւ դահլիճում 5-6 ոստիկան էր շրջում, սակայն նրանցից ոչ մեկը չէր միջամտում անկարգություններին, այնպիսի տպավորություն էր, թե վախենում են խանգարողներից: Իրադրությունը չփոխվեց նույնիսկ Դիլիջանի քաղաքապետ Ժորա Սահաբալյանի՝ ոստիկաններին ուղղված զգուշացումներից հետո: Տեղի երիտասարդներին չէր հետաքրքրում ո՛չ ժողովրդական, ո՛չ էստրադային, ո՛չ էլ դասական երաժշտությունը, պարային համարները, փոքրիկ տիկնիկային ներկայացումը: Դահլիճում հավաքվածների 90 տոկոսը կարծես եկել էր ընդամենը հանդիպելու հին ընկերներին ու բամբասելու: Երբ բեմում դասական երաժշտություն էր հնչում, այն ծիծաղ էր առաջացնում հանդիսատեսի մոտ: Դահլիճում շշուկներ կային, թե ամեն ինչ այլ կերպ կընթանար, եթե Տավուշի մարզպետը Իտալիայում չլիներ: Ըստ մեր տեղեկությունների, փառատոնի նախընտրական փուլը, որին ներկա է գտնվել նաեւ մարզպետը, շատ կազմակերպված է անցել, առանց որեւէ կարգազանցության: Այս անգամ եւս մայրաքաղաքից ժամանած արվեստագետների կազմը չէր փոխվել՝ Արամո եւ Էմմա Պետրոսյան, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյան, ասմունքող Սիլվա Յուզբաշյան եւ այլք: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու այլ արտիստներ չեն մասնակցում. «Մենք բոլորին հրավիրում ենք, մեր հրավերները ոչ ոք չի մերժում, սակայն երբ գալիս է գործելու ժամանակը՝ բոլորը պատճառաբանում են, որ խիստ զբաղված են»: «Պահպանենք մեր մշակույթը» փառատոնը հոկտեմբերի 30-ին կհյուրընկալվի Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել