Լրահոս
Օրվա լրահոսը

Գերինգասը

Սեպտեմբեր 30,2005 00:00

Գերինգասը մեղադրում է լրագրողներին Որ իրեն՝ Լիտվայի քաղաքացուն, դարձրել են գերմանացի «21-ի հեռանկարներ» 6-րդ երաժշտական միջազգային փառատոնը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ այսօր կներկայացնի աշխարհահռչակ թավջութակահար Դավիդ Գերինգասին (Գերմանիա): Ծնունդով Լիտվայից թավջութակահարը սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի ղեկավարությամբ: Երաժիշտը 1970-ին արժանանալով Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակին, ելույթներ է ունեցել աշխարհի գրեթե բոլոր լավագույն նվագախմբերի հետ: Նրա նվագացանկն ընդգրկում է դասական եւ ժամանակակից բազմաթիվ ստեղծագործություններ: Դրանցից շատերը նվիրված են իրեն՝ Գերինգասին: 2000թ. թավջութակահարը Բեռլինի «Hanns Eisler» Hochschule-ի պրոֆեսոր է: Արվեստագետը հանդես է գալիս նաեւ իբրեւ դիրիժոր՝ ղեկավարելով աշխարհի լավագույն կոլեկտիվները: Նախօրեին Ֆիլհարմոնիկի հետ փորձի ընդմիջմանը հանդիպեցինք լրագրողներին այնքան էլ չհամակրող թավջութակահարին: – Ծնված լինելով ԽՍՀՄ-ում, բարձրակարգ երաժշտական կրթություն ստանալով Ռոստրոպովիչի նման թավջութակահարի ղեկավարությամբ, այսօր դուք ներկայացնում եք Գերմանիան: Աշխարհահռչակ այլ երաժիշտների շարքում այդ առումով եզակի չեք: Ինչպե՞ս կբացատրեք այդ «երեւույթը»: – Կբացատրեմ մեկ նախադասությամբ՝ ես Լիտվայի քաղաքացի եմ: Իսկ ազդագրերում ու գովազդային հոլովակներում ինձ որպես Գերմանիայից երաժշտի ներկայացնելը ձեր՝ լրագրողներիդ մեղքն է: Ես ընդամենը մի քանի տարի եմ ապրում Գերմանիայում, իսկ թե վաղը որտե՞ղ կբնակվեմ՝ ինքս էլ չգիտեմ: – Այսօր աշխարհում, էլ չասենք՝ ԽՍՀՄ-ում, շոուն իր «աքսեսուարներով» խեղդել է դասականին: Դուք մտավախություն չունե՞ք, որ ձեր պրոֆեսորի՝ Ռոստրոպովիչի նման, կգա ժամանակ եւ ստիպված կլինեք համերգ տալ մեկ ունկնդրի համար (հիշեցնենք Ռոստրոպովիչի՝ մեկ ունկնդրի համար համերգը Հայրենականի տարիներին՝ Սիբիրում): – Համամիտ չեմ, որ շոուները խեղդել են դասական արվեստը: Հավաստիացնում եմ, որ այսօր էլ աշխարհում դասական երաժշտությունն ունի իր ունկնդիրը: Իմ պրոֆեսորի «ճակատագիրը» ինձ էլ է բաժին հասել: Ժամանակին ես մեկ ունկնդրի համար մենահամերգ եմ ունեցել զարգացած ու քաղաքակիրթ երկիր համարվող Ճապոնիայում: Աշխարհի ցանկացած երկիր՝ նույնիսկ բազմադարյա ու քաղաքակիրթ, պետք է կարողանա հրամցնել դասական արվեստն այնպես, որ ոչ թե բարձրակարգ մշակույթը «վազի» ունկնդրի ետեւից, այլ հակառակը: Ասել է թե՝ ճիշտ տարվի մշակութային քաղաքականություն ասվածը: Նշեմ, որ Եվրոպայում նման քաղաքականության գլուխ կանգնած են բանիմաց ու կարող մարդիկ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել