Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորական

Սեպտեմբեր 30,2005 00:00

Պատգամավորական հետք Քաղաքացին անձեռնմխելի չէ իր տարածքում Անցյալ տարվա «Առավոտի» հոկտեմբերի 28-ի հրապարակումից հետո չհանդարտվեցին կրքերը Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 83-ամյա բնակչուհի Մայրանուշ Վարժապետյանի եւ Առաքել Մովսիսյանի միջեւ: Վարժապետյանը 55 տարվա մանկավարժ է, «Շմայս» մականունով Մովսիսյանն այսօր արդեն ԱԺ պատգամավոր է: Վերջինս, սակայն, աչք է տնկել մանկավարժի 700 քմ տնամերձ հողամասի վրա: Չնայած, ինչպես գյուղապետարանն է հավատացնում, Ա. Մովսիսյանը «աչք չունի» եւ մտադիր չէ տարածքի վրա կազինո կառուցել, սակայն փաստն այն է, որ նա հաճախակի է սիրում լինել վիճելի տարածքում եւ լուսանկարում էլ անմահացրել ենք «կապ չունեցողի» ավտոմեքենան: «Այս տարվա հունիսի 30-ին էլ Առաքել Մովսիսյանն առանց ինձ զգուշացնելու ներխուժեց տնամերձիս կից տարածք, որտեղ կան տասնյակ բերքատու ծառեր, որը ես՝ 83-ամյա մանկավարժս աճեցրել եմ 20 տարիների ընթացքում: Պատգամավոր կոչեցյալը կտրում է խմելու ջուրը, իսկ հետո նաեւ ոռոգման ջուրը, թողնելով 100-ից ավելի ծառեր՝ բերքը վրան, առանց ջրի»,- պատմում է Մ. Վարժապետյանը: Վերջինիս ամուսինը լինելով նախկին Գերագույն խորհրդի երկու նստաշրջանների պատգամավոր, անհատական թոշակառու, ի տարբերություն գործող պատգամավորի, իր վաստակի համար է ձեռք բերել վիճելի հողատարածքը: Այսքանով չբավարարվելով, Արմավիրի քննչական բաժնի պետն առանց նախազգուշացնելու «այցելել» է մանկավարժի տնամերձ, «արմատախիլ արել ծառերը եւ կրկին մնացել անպատիժ»,- ասում է Մ. Վարժապետյանը: Անձեռնմխելիների հարցով Մայրանուշ Վարժապետյանը դիմում է հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով նաեւ «հատուցել իրեն պատճառված ֆինանսական եւ բարոյահոգեբանական վնասը»: Մ. Վարժապետյանը տեղեկացրեց նաեւ, որ 2000թ. մարտի 21-ից գյուղապետարանի հետ կնքել է վարձակալական պայմանագիր: Սակայն հետաքրքիր ընթացք է ունեցել տարածքը «վերաչափումից» հետո. պատրաստի տնամերձը՝ 100 բերքատու ծառերով, պարզվել է, «ավել» է, հետեւաբար ճակատային մասը կրճատվել է 15 մետրով: Ուսուցչուհին տեղեկացրեց նաեւ, որ տնամերձ հողամասի դիմացի ծառերը արմատախիլ են արվել: Սակայն այս դեպքում որեւէ մեկը հանձն չի առել պատասխան տալ կատարվածին: Մ. Վարժապետյանը տեղեկացրեց, որ պատգամավորի օրինակին հետեւում են ոստիկանության աշխատակիցները, որոնք պարբերաբար այցելում են իրեն, անգամ սպառնում, իսկ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ակնարկել էին, թե մտադիր են $800-ով տիրանալ այդ տարածքին: Եթե անձեռնմխելիություն ունեցողը կարողանում է օգտվել իր կարգավիճակից՝ ուրիշի սեփական տարածքում ոտնձգություններ անելով, ապա դժվար չէ հասկանալ քաջարի ոստիկաններին ու գյուղապետին: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել