Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորական հետք

Սեպտեմբեր 30,2005 00:00

Քաղաքացին անձեռնմխելի չէ իր տարածքում Անցյալ
տարվա «Առավոտի» հոկտեմբերի 28-ի հրապարակումից հետո չհանդարտվեցին կրքերը Արմավիրի
մարզի Թաիրով գյուղի 83-ամյա բնակչուհի Մայրանուշ Վարժապետյանի եւ Առաքել Մովսիսյանի
միջեւ: Վարժապետյանը 55 տարվա մանկավարժ է, «Շմայս» մականունով Մովսիսյանն այսօր
արդեն ԱԺ պատգամավոր է: Վերջինս, սակայն, աչք է տնկել մանկավարժի 700 քմ տնամերձ
հողամասի վրա: Չնայած, ինչպես գյուղապետարանն է հավատացնում, Ա. Մովսիսյանը «աչք
չունի» եւ մտադիր չէ տարածքի վրա կազինո կառուցել, սակայն փաստն այն է, որ նա հաճախակի
է սիրում լինել վիճելի տարածքում եւ լուսանկարում էլ անմահացրել ենք «կապ չունեցողի»
ավտոմեքենան: «Այս տարվա հունիսի 30-ին էլ Առաքել Մովսիսյանն առանց ինձ զգուշացնելու
ներխուժեց տնամերձիս կից տարածք, որտեղ կան տասնյակ բերքատու ծառեր, որը ես՝ 83-ամյա
մանկավարժս աճեցրել եմ 20 տարիների ընթացքում: Պատգամավոր կոչեցյալը կտրում է խմելու
ջուրը, իսկ հետո նաեւ ոռոգման ջուրը, թողնելով 100-ից ավելի ծառեր՝ բերքը վրան, առանց
ջրի»,- պատմում է Մ. Վարժապետյանը: Վերջինիս ամուսինը լինելով նախկին Գերագույն խորհրդի
երկու նստաշրջանների պատգամավոր, անհատական թոշակառու, ի տարբերություն գործող պատգամավորի,
իր վաստակի համար է ձեռք բերել վիճելի հողատարածքը: Այսքանով չբավարարվելով, Արմավիրի
քննչական բաժնի պետն առանց նախազգուշացնելու «այցելել» է մանկավարժի տնամերձ, «արմատախիլ
արել ծառերը եւ կրկին մնացել անպատիժ»,- ասում է Մ. Վարժապետյանը: Անձեռնմխելիների
հարցով Մայրանուշ Վարժապետյանը դիմում է հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,
պահանջելով նաեւ «հատուցել իրեն պատճառված ֆինանսական եւ բարոյահոգեբանական վնասը»:
Մ. Վարժապետյանը տեղեկացրեց նաեւ, որ 2000թ. մարտի 21-ից գյուղապետարանի հետ կնքել
է վարձակալական պայմանագիր: Սակայն հետաքրքիր ընթացք է ունեցել տարածքը «վերաչափումից»
հետո. պատրաստի տնամերձը՝ 100 բերքատու ծառերով, պարզվել է, «ավել» է, հետեւաբար
ճակատային մասը կրճատվել է 15 մետրով: Ուսուցչուհին տեղեկացրեց նաեւ, որ տնամերձ
հողամասի դիմացի ծառերը արմատախիլ են արվել: Սակայն այս դեպքում որեւէ մեկը հանձն
չի առել պատասխան տալ կատարվածին: Մ. Վարժապետյանը տեղեկացրեց, որ պատգամավորի օրինակին
հետեւում են ոստիկանության աշխատակիցները, որոնք պարբերաբար այցելում են իրեն, անգամ
սպառնում, իսկ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ակնարկել էին, թե մտադիր են
$800-ով տիրանալ այդ տարածքին: Եթե անձեռնմխելիություն ունեցողը կարողանում է օգտվել
իր կարգավիճակից՝ ուրիշի սեփական տարածքում ոտնձգություններ անելով, ապա դժվար չէ
հասկանալ քաջարի ոստիկաններին ու գյուղապետին: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել