Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԽԱԽՏԵՆՔ, ՀԵՏՈ ԿՔՆՆԱՐԿԵՆՔ»

Սեպտեմբեր 30,2005 00:00

Դպրոցական
արձակուրդների հարցն այս տարի էլ է մնում չլուծված Արդեն մոտենում
են աշնանային արձակուրդները, եւ կրթության ոլորտի մեր պաշտոնյաները այս տարի եւս
ընդհանուր հայտարարի չեն եկել դպրոցական արձակուրդների կազմակերպման հարցում։ Դեռեւս
տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ այս հարցը բարձրացվեց, եւ հնչեց ԿԳ
նախարարի ու փոխքաղաքապետ Կամո Արեյանի կարծիքը, թե լավ կլինի, եթե հարցին տարբերակված
մոտեցում ցուցաբերենք։ Այսինքն՝ այն դպրոցները, որոնք ապահովված են լոկալ ջեռուցմամբ,
առաջնորդվեն ուսպլանով եւ օգտվեն բոլոր չորս արձակուրդներից։ Իսկ այն դպրոցների համար,
որտեղ ջեռուցման հարցը լուծված չէ, ձմեռային արձակուրդին միացնել գարնանայինն ու
աշնանայինը, նաեւ՝ երկարաձգել դասերը մինչեւ հունիսի կեսերը։ Այս ամենը չի վերաբերում
միայն առաջին դասարանցիներին։ Մեր տեղեկություններով, շուրջ մեկ ամիս է՝ քննարկումներ
են գնում այս ուղղությամբ, սակայն վերջին խոսքը նախարարինն է, ինչը դեռ չի ասվել։
Քաղաքապետարանի կրթության վարչությունը ամեն անգամվա պես գտնում է, որ պետք է օգտագործել
տաք օրերը, եւ տանը մնալ ձմռան ցրտին։ Ընդ որում, ձմեռային արձակուրդները, ըստ այս
տարբերակի, կձգվեն դեկտեմբերի 25-ից փետրվարի 10-ը։ Վարչության պետ Օնիկ Վաթյանը
մեզ հետ զրույցում նույնիսկ բերեց զարգացած երկրների՝ Դանիայի, Շվեդիայի, Բելգիայի
օրինակը, որտեղ դպրոցներում ձմեռային երկարատեւ արձակուրդներ են տրվում։ Օ. Վաթյանը
կարծում է, որ այս տարբերակը բնավ էլ ուսպլանի խախտում չէ. «Նախարարության կողմից
արվող փոփոխությունները կամ դասաժամերի տեղափոխությունները բնավ էլ օրենքի խախտում
չեն»։ Ինչ վերաբերում է լոկալ ջեռուցմամբ ապահովված դպրոցներին՝ ապա, վարչության
պետի կարծիքով, դրանք այնքան մեծ թիվ չեն կազմում (շուրջ 25 տոկոս), որ տարբերակված
մոտեցման հարց առաջանա։ Այսինքն՝ փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնությանը։
Այս առիթով այս տարի էլ հերթական անգամ ԿԳ նախարարությունը ստացել է միակ
ընդվզող տնօրենի՝ Անահիտ Բախշյանի (թիվ 27 դպրոց) նամակը, որում նշվում է հարցին
անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը։ ԿԳՆ հանրակրթության վարչության
պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գուցե նախարարը թույլատրի թիվ
27 դպրոցին՝ օգտվել բոլոր արձակուրդներից, այսինքն՝ շարժվել ուսպլանով։ «Ամեն անգամ
ասում են՝ Բախշյանը ընդդիմություն է, այդ պատճառով է ընդվզում։ Բայց երեխայի կրթության
իրավունքը պաշտպանելը եւ կրթության համար պայմաններ ստեղծելն անկախ է այն բանից,
թե ով է երկրի նախագահը կամ նախարարը»,- ասում է տնօրենը։ Նրա կարծիքով, այս եւ նման
հարցերում նախարարը եւ մյուս պատասխանատու անձինք պետք է պահանջատեր լինեն, չասեն՝
որակ մի ուզեք, որովհետեւ դպրոցը տաքացնել չի լինում։ Ա. Բախշյանը մեջբերեց Վաշինգթոնից
եկած մի փորձագետի կարծիքը, որ հնչել էր վերջերս «Կրթական համակարգը Հայաստանում.
հանրակրթություն» USAID-ի կազմակերպած ճանաչողական խորհրդաժողովին: «Ըստ փորձագետ
Լյուբով Ֆայֆերի, Հայաստանում դպրոցների շենքային պայմաններն ու ջեռուցման պակասը
ի չիք են դարձնում մյուս բարեփոխումների արդյունավետությունը։ Նա ներկայացրեց նաեւ
մի վերլուծություն, ըստ որի՝ տարածաշրջանում հանրակրթության ամենացածր որակը Հայաստանում
է։ Եթե 50 դպրոցում հնարավոր է ուսպլանով աշխատել, պահպանել կրթության որակը, ինչո՞ւ
գոնե այդ չափով չպահպանենք։ Այդ 50 դպրոցին էլ մյուսների հետ միասին հետ են տանում։
Ի վերջո, այդ ուսպլանը ես չեմ գրել։ Իսկ իմ դպրոցում նաեւ ներառական կրթություն է
իրականացվում, եւ այդ երեխաներն առանց պարբերական հանգստի չեն կարող սովորել»։ Տիկին
Բախշյանն անցյալ տարի աշխատել էր ուսումնական պլանով, եւ այսօր հավաստիացնում է,
որ իր դպրոցն այդ ձեւով ավելի արդյունավետ է գործում։ Նարինե Հովհաննիսյանը,
իբրեւ նախկին տնօրեն, կարծում է, որ ձմեռային արձակուրդները երկարացնելը նպատակահարմար
է նաեւ տնտեսումների առումով։ Արդեն իբրեւ վարչության պետ՝ նա կարծում է. «Մայիսի
25-ից մարդկանց տուն ենք ուղարկում, դպրոց են գալիս միայն այն ուսուցիչները, ովքեր
քննություն ունեն, մնացածները իզուր աշխատավարձ են ստանում։ Բացի այդ, ափսոս է հունիս
ամիսը, այն կարող ենք օգտագործել։ Ոչ մի երկրում այդքան երկար ամառային արձակուրդ
չկա»։ Տիկին Հովհաննիսյանը նաեւ հիշում է, որ իր տնօրինության ժամանակ ուսուցիչները
բողոքում էին նոյեմբերի արձակուրդներից. «Արդեն հունի մեջ են մտնում, նորից արձակուրդ,
նուրբ պահեր կան, որ պետք է քննարկվեն։ Այս տարի էլ կմիացնենք, հետո լուրջ կքննարկենք,
ամառային արձակուրդների օրերը կօգտագործենք։ Ելնելով այսօրվա վիճակից՝ անհրաժեշտություն
է առաջանում լրացուցիչ հրամանով խախտել ուսպլանը»։ Մեր տեղեկություններով՝
ընդդիմացողների շարքում են նաեւ հեռավոր մարզերի դպրոցները։ Սակայն այստեղ պատճառներն
այլ են։ Խնդիրն այն է, որ բացի բյուջեից հատկացվող գումարից, հիշյալ դպրոցներին գումար
է հատկացվում նաեւ դիզվառելիքի համար։ Հետեւաբար՝ նրանք չեն ուզում ձմռանը տանը նստելով՝
զրկվել հավելյալ գումարից, որ կարելի է նաեւ տնտեսել. միեւնույն է՝ աշակերտներն էլի
բացակայելու են ու դասասենյակները չեն տաքացվելու անհրաժեշտ չափով։ ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել