Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը միավորվեց

Սեպտեմբեր 30,2005 00:00

Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանու նախաձեռնությամբ
երեկ հայրենի ընդդիմությունը միավորվեց: Համագործակցության
մասին հայտարարությունը, բացի նախաձեռնողից, ստորագրել են ԱԺԴ-ն, ԱԺՄ-ն, «Ժողովրդավարական
հայրենիքը», ՀԱԱԿ-ը, ՀԴԿ-ն, ՀԺԿ-ն, Մարքսիստական կուսակցությունը, ՀՍԴԿ-ն, Հայաստանի
սոցիալ-էկոլոգիական կուսակցությունը, «Հայրենիք ու պատիվ», «Հանրապետություն», «Մարդու
իրավունքներ-96», «Նոր ժամանակներ», Պահպանողական կուսակցությունները, ՍԻՄ-ը, ՍԴՀԿ-ն:
Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայաստանում վտանգված են ժողովրդավարական
եւ համամարդկային արժեքները: Օրեցօր խորացող անօրինականությունը, հասարակության
սոցիալական բեւեռացումը, չնվազող արտագաղթը, համատարած աղքատությունն ու հուսալքությունը
հետեւանք են ՀՀ իշխանությունների ձեւավորած կոռումպացված կլանային համակարգի եւ նրանց
կողմից հասարակական կյանքում արմատական բարեփոխումներ անցկացնելու քաղաքական կամքի
բացակայության: Այս պայմաններում սահմանադրական փոփոխությունների հետ կապված գործընթացի
հիմնական նպատակը վարչախումբ լեգիտիմացնելը եւ նրա կյանքը երկարաձգելն է: Դրա վկայությունն
է նաեւ հանրաքվեի քարոզչական գործընթացում անհավասար պայմանների առկայությունն իշխանության
եւ ընդդիմության համար: Մենք միանշանակ մերժում ենք սահմանադրական փոփոխությունների
հանրաքվեի այս գործընթացը եւ դրանով իսկ «ՈՉ» ենք ասում ռեժիմին: Ստեղծված իրավիճակում
օր առաջ իշխանափոխությունն անհրաժեշտություն է: Նպատակ ունենալով նախաձեռնել իրական
համակարգային բարեփոխումներ եւ ազատ ընտրություններով ձեւավորել օրինական իշխանություններ՝
մենք հայտարարում ենք միասնական, համակարգված գործողությունների իրականացման մասին»:
Համագործակցությունը բաց է «երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերի համար»:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի բացակայությունը հավաքին, ըստ
Ֆորումի ավագանու անդամ Ռաֆայել Ղազարյանի, ոչինչ չի նշանակում, քանի որ՝ «նրանք
իրենց «ոչ»-ը ասել են, նրանք մեզ հետ են»: «Ազգային միաբանությունը» եւ ԱԻՄ-ն ընդհանրապես
չեն արձագանքել մտավորականների կոչին: Հիշեցնենք, որ ըստ ԱԻՄ նախագահի հայտարարությունների`
քանի որ իրենց սկզբունքային առաջարկների մի մասն ընդունվել է, իրենք բողոքելու հիմքեր
առանձնապես չեն տեսնում: ԱՄ-ի հետ բանակցությունները շարունակվելու են: Ինչպես արդեն
տեղեկացրել ենք, ՀՀՇ-ի մասով էլ մտավորականները դեռ չեն կողմնորոշվել: Այս առիթով
կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն «Առավոտին» փոխանցեց. «Աստված իրենց հետ:
Բայց լավ գործ են անում, թող անեն: Մեր դիրքորոշումը վաղուց է, հստակ է, հիմնավորված
է, պաշտոնական է»: Հռչակագրին կհետեւի հանրապետական եւ տարածքային շտաբների
ձեւավորումը, կհստակեցվեն տակտիկական մոտեցումները: Օրինակ, ՆԺ ղեկավար Արամ Կարապետյանը,
հաշվի առնելով մարզերի առանձնահատկությունները՝ խնամիաբարեկամական կապերը եւ «հեղինակությունների»
առավել մեծ ազդեցությունը, առաջարկում է այդ բնակավայրերում բնակչությանը կոչ անել
«ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին: Իսկ քաղաքներում՝ բոյկոտել: «Մեր տեղեկություններով,
իշխանությունները «մաքրում» են ցուցակները: Մոտ 500 հազար մարդու ուզում են «մաքրել»:
Դա նշանակում է, որ 2003-ի ընտրություններից հետո Հայաստանից մեկ միլիոնից ավելի
մարդ է հեռացել: Երկրորդ խնդիրը՝ «Հանրաքվեի մասին» թարմացված օրենքով, հակաքարոզչությունը
եւ քարոզչությունը իբր հավասարակշռել են ու չեն թույլատրել: Բայց քանի որ հեռուստատեսությունը
մեծամասամբ իշխանության լծի ներքո է, ստացվում է, որ իրենք քարոզելու են, մեզ զրկելու
են հակաքարոզչությունից: Սրանք միջազգային հնչեղության հարցեր են դառնալու»,- ասում
է Արամ Կարապետյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել