Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԿՎԵՐԸՆՏՐՎԻ

Սեպտեմբեր 30,2005 00:00

Անկախ
իր կասկածելի անցյալից Հոկտեմբերի 2-ին Նոր Նորքում տեղի ունենալիք
թաղապետի ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածու
կա: Նրանցից մեկը անկուսակցական Վարդան Պարսամյանն է, որն աշխատում է «Երեւանտրանս»
ՊՓԲԸ-ում՝ որպես առաջատար ճարտարագետ: Վ. Պարսամյանը մինչ այդ՝ 1995-97թթ.,
Երեւանի քաղաքապետարանի ենթակառուցվածքներում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1998-ին
հիմնադրել է «Ակվատուս» ՍՊԸ-ն, որի գործադիր տնօրենի տեղակալն է եղել: 2002-ին Վ.
Պարսամյանը, որ որոշ տեղեկություններով՝ ժամանակին ՕԵԿ անդամ է եղել, բայց հետո լքել
է կուսակցության շարքերը, գլխավորել է գործող թաղապետի նախընտրական շտաբը եւ Դ. Պետրոսյանի
ընտրությունից հետո զբաղեցրել Նոր Նորքի թաղապետարանի աշխատակազմի առեւտրի բաժնի
պետի, ապա՝ աշխատակազմի քարտուղարի պաշտոնները: Հետո թաղապետի եւ Վ. Պարսամյանի միջեւ
չգիտես ինչ «սեւ կատու» է անցել, ու նա ազատվել է աշխատանքից: Ասում էին նաեւ, որ
նրա թեկնածությունն այս ընտրություններում պաշտպանում է Նոր Նորքի նախկին թաղապետ,
այսօր ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Բայց վերջինս երեկ մեր
թղթակցին փոխանցեց, որ ինքը ընդամենը մի քանի անգամ է հանդիպել Վ. Պարսամյանի հետ
եւ նրա թեկնածությունը չի պաշտպանում: «Անունով» աջակիցների ավելի մեծ բանակ
ունի գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանը, որի խիստ կոմպլեմենտար ընտանիքը բազմակուսակցական
է. ինքը՝ ՕԵԿ-ից, եղբայրը՝ Մհեր Պետրոսյանը, ՀՅԴ-ից եւ հայրը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ
Պետրոսյանը, ՀՀԿ-ից, բայց ներկայացնում է «Ժողպատգամավոր» խումբը, իսկ նախկինում
ռամկավար էր: Բնականաբար, Դ. Պետրոսյանի թեկնածությունն այս ընտրություններում պաշտպանում
են հիշյալ բոլոր խորհրդարանական ուժերը, այդ թվում՝ նաեւ նրա երբեմնի մրցակից Մ.
Մինասյանը: Դ. Պետրոսյանի նախընտրական շտաբում ներգրավված ակտիվիստների 60-70 տոկոսն
էլ, մեր տեղեկություններով, նախկինում Մ. Մինասյանի նախընտրական շտաբում ընտրական
փորձառություն ձեռք բերած մարդիկ են: Դ. Պետրոսյանի կերպարն, անշուշտ, շատ
ավելի հետաքրքրաշարժ է, քան նրա մրցակցինը: Դ. Պետրոսյանը, որ 2002-ի թաղապետի ընտրություններին
մասնակցում էր իբրեւ ՕԵԿ անդամ եւ ուներ այդ կուսակցության աջակցությունը, 2003-ի
խորհրդարանական ընտրությունների շեմին նրա ու կուսակցության առաջնորդների հարաբերությունները
խիստ լարվել էին՝ հատկապես հորը՝ Ռաֆիկ Պետրոսյանին՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածուի
աջակցելու հարցի շուրջ: Ինչպես բոլոր թաղապետերը, Դ. Պետրոսյանն էլ անցած
երեք տարիների ընթացքում փորձել է նաեւ իր սեփական բարեկեցության հարցերը հոգալ:
Այսպես, համայնքի շուկայի դիմաց սկսված կրպակաշարի կառուցումը ֆինանսավորվում է համայնքի
բյուջեի հաշվին, որի համար թաղապետը փոխանցել է 50 մլն դրամ, բայց ճանապարհին գումարը,
ըստ որոշ տեղեկությունների, անհետացել է, եւ հիմա հարկային պետական տեսչության կողմից
պատրաստվել են համապատասխան նյութեր եւ ուղարկվել դատախազություն։ Բացի այդ, համայնքի
սանսեկտորի սեփականաշնորհման արդյունքում բաժնետոմսերի 30 տոկոսը բաժին է հասել թաղապետ
Դ. Պետրոսյանին, 30-ը՝ նրա եղբորը՝ իր գլխավոր խորհրդական Մհեր Պետրոսյանին, 30-ը՝
թաղապետի տեղակալ Լեւոն Սարգսյանին եւ 10 տոկոսը՝ սանտեխնիկայի տիրոջը։ Բայց
ամենաշատը, ինչը մտահոգիչ է համարվում թաղապետի պաշտոնը զբաղեցնողի համար, դա Դ.
Պետրոսյանի անհավասարակշիռ կերպարն է: Նրա անունը բազմաթիվ անգամ է, դեռ 1994-ից
ի վեր, շրջանառվել ոչ միայն թմրամոլության հարցերով իրավապահների ուշադրության կենտրոնում
հայտնվելու, այլեւ անհավանական թվացող պատմությունների մեջ ընկնելու իմաստով: Վերջերս
Դ. Պետրոսյանի անունը շրջանառվեց նաեւ Նորայր Թադեւոսյանի՝ «Դիքի Նորոյի» եղբոր տղայի
սպանության համատեքստում։ Այդ քրգործով, ըստ մեր տեղեկությունների, նա անցնում էր
որպես կասկածյալ, բայց սպանված Սերգեյի կինը անմիջական ցուցմունքներ էր տվել հենց
Դ. Պետրոսյանի դեմ։ Ավելի վաղ՝ 1995թ.-ին, Երեւանի «Երիտասարդական» մետրոյի տարածքում
տեղի ունեցած սպանության կասկածանքով Դ. Պետրոսյանին եւ նրա ընկերոջը՝ նախկին Խորհրդային
շրջանի դատախազ Գառնիկ Սուքիասյանի որդուն՝ «Սեւո» մականունով, բերման էին ենթարկել
այն ժամանակ Երեւան քաղաքի ՆԳ Մյասնիկյանի բաժին: Սպանությունը կատարվել էր վիճաբանության
ժամանակ, սպանվել էր մեկ մարդ: Հարուցվել էր քրգործ, որի նախաքննությունը վարել էր
Երեւանի Մյասնիկյանի շրջանի դատախազ Վահրամ Շահինյանը: Դ. Պետրոսյանը երեք օր պահվել
էր ՆԳ բաժնի մեկուսարանում: Այն ժամանակ թաղապետի հայրը, որ ՀՀ ԳԽ պատգամավոր էր,
բողոք է ներկայացնում վերադաս դատախազին եւ հաջողացնում գործը նախ՝ ուղարկել Երեւանի
դատախազություն, որտեղ կատարված սպանությունը վերաորակավորվում է որպես ինքնասպանություն,
իսկ Դ. Պետրոսյանն ու «Սեւոն» ազատ են արձակվում: Հաջորդ երեք տարիները, մինչեւ կրքերի
հանդարտվելը, Դ. Պետրոսյանն անցկացնում է Սանկտ Պետերբուրգում: Այդուհանդերձ,
ասել, թե Դ. Պետրոսյանը վատ թաղապետ է, արդար չի լինի: Նոր Նորքում նրանից հիմնականում
գոհ են: Իհարկե, դա չի նշանակում, որ համայնքում ամեն ինչ «ok» է: Փողոցներն ու բակերը,
ինչպես երեք տարի առաջ էր, շարունակում են մնալ անբարեկարգ՝ որոշ բացառություններով
հանդերձ, կենտրոնական փողոցները աղբի մեջ կորած են: Հատկապես Գայի պողոտայի նոր ու
բացօթյա շուկային հարող մայթերին ուղղակի գարշահոտություն է: Այդ նույն փողոցում՝
հենց կանգառում, օրերով կարելի է սատկած շների լեշեր տեսնել, որ շաղախված են կից
ընթացող շինարարության շինանյութերի աղբով: Բոլոր դեպքերում՝ Նոր Նորքում շատերն
են վստահ, որ Դ. Պետրոսյանն այս անգամ էլ վերընտրվելու է: Գուցե լավն էլ դա է: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել