Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

Սեպտեմբեր 30,2005 00:00

Այսպես
է անցնում Վանաձորի քաղաքապետի՝ հոկտեմբերի 16-ին անցկացվելիք ընտրության նախապատրաստությունը:
Դեռեւս այս տարվա հուլիսին՝ ընտրություններից 3 ամիս առաջ, երբ «Առավոտը»
զրուցել էր Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, նա անընդհատ վրդովված
հիշատակում էր քաղաքապետի պաշտոնի հավակնորդ, «Ավտոմատիկա» գործարանի սեփականատեր
Գագիկ Հովսեփյանին: Ասենք, հարցազրույցի ընթացքում մեկ նշեց, թե «Ավտոմատիկա» գործարանը
1800 աշխատատեղ է ունեցել, տվյալ անձը փակել է աշխատատեղերը եւ այսօր եկել, ասում
է, թե ինքը գործարար է: Ես նման մարդկանց գործարար չեմ համարում, երբ գործարանը փակում
են, մեջի եղածը՝ վաճառում, դարձնում իրենց համար անձնական կապիտալ եւ հիմա էլ մեծ-մեծ
խոսում», հետո էլ, երբ հարց ուղղեցինք քաղաքապետի բարեկամներին Վանաձորում հատկացված
տարածքների մասին՝ Սամվել Դարբինյանն ի պատասխան էլի անդրադարձավ իր մրցակցին. «Գագիկ
Հովսեփյանին այս քաղաքում այնքա՜ն տարածք է տրամադրված… եւ բոլորն աղբակույտերի
են վերածված, չնայած մի քանի հատ էլ նորմալ կառույցներ է կառուցել»: Բնական
էր, որ եթե ընտրություններից դեռ շատ առաջ կար նման տրամադրվածություն՝ քարոզարշավն
անցնելու էր անհամեմատ ավելի բուռն անհանդուրժողականության մթնոլորտում: Եվ երեկ
Գագիկ Հովսեփյանի նախընտրական շտաբից մեզ փոխանցված տեղեկությունները հաստատեցին
այդ կանխատեսումը: Ըստ այդ պնդումների՝ տեղական իշխանությունների, ու մասնավորապես՝
Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի կողմից, արդեն իսկ ճնշումներ են գործադրվում
իրենց կողմնակիցների նկատմամբ շտաբների եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման առնչությամբ:
«Բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ համար աշխատում են շտաբներում, հանձնաժողովներում
կամ ուղղակի մեր թիմակիցներն են՝ մեկ առ մեկ կանչում են քաղաքապետարան կամ մարզպետարան,-
հայտնեց մեզ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Գագիկ Հովսեփյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչը:-
Ահաբեկում են ոչ միայն այդ մարդկանց, այլ նաեւ նրանց հարազատներին ու բարեկամներին,
որոնք իրենց ենթակառույցների աշխատակիցներ են, սակայն համակրում են մեր թեկնածուին:
Սպառնում են, թե կազատվեք աշխատանքից, տեսեք, թե ձեր գլխին ինչ պատմություններ կգան՝
պիտի անպայման հրաժարվեք»: Մեր զրուցակցի պատմածից դատելով՝ այս միջոցներն
արդեն իսկ ունեցել են որոշակի ազդեցություն՝ մասնավորապես իրենց 7-8 ընտրական շտաբների
պարագայում. «Դրանք տեղակայված էին սեփականաշնորհված տարածքներում՝ տարբեր մարդկանց
խանութներում: Եվ օգտագործելով իշխանության լծակները, ահաբեկելով այդ մարդկանց՝ նրանց
ստիպում են, որ այդ տարածքներն այլեւս չծառայեն իբրեւ շտաբներ: Իսկ այդ մարդիկ էլ
այնքան վախեցած էին, որ…»: Գուցե եւ փոքր-ինչ խտացված են գույները («Առավոտի»
թղթակիցը շուտով պատեհություն կունենա անձամբ համոզվելու ահաբեկումների ծավալների
վերաբերյալ այս պնդումների իսկության մեջ), սակայն Գագիկ Հովսեփյանի նախընտրական
շտաբը վստահեցնում է, թե նման «ահաբեկչական» գործողություններ իրականացվում են բուժաշխատողների,
մանկավարժների, պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ եւս: Եվ պատրաստակամություն
հայտնեց ապացուցել այս պնդումների ճշմարտացիությունը. «Հատ-հատ բոլորին կանչում են
աշխատասենյակներ ու սպառնում, թե հենց վաղվանից չի աշխատի, եթե չդադարեցնի իր գործունեությունը
հօգուտ Գագիկ Հովսեփյանի, եւ չդառնա գործող քաղաքապետի կողմնակիցը: Նման շանտաժներ
են անում ոչ միայն Վանաձորի քաղաքապետարանի եւ Լոռու մարզպետարանի աշխատակիցները,
այլ նաեւ նրանց հարազատներն ու բարեկամները: Բանը հասել է նրան, որ անձամբ մարզպետ
Հենրիկ Քոչինյանն էլ է մարդկանց կանչում իր աշխատասենյակ ու ահաբեկում, թե հոկտեմբերի
17-ից այլեւս չեն աշխատելու: Այսինքն՝ այսօր շատ վրդովեցնող վիճակ է ստեղծվել քաղաքում,
եւ ոչ մեկը չի համարձակվում իրականացնել բացճակատ, բնականոն քարոզարշավ, քանի որ
կան նման ճնշումներ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել