Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ

Սեպտեմբեր 29,2005 00:00

ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ ԳՈՀ Է, ՈՐ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ «Ժողովրդական ստեղծագործություն եւ կոմպոզիտորական արվեստ». այս խորագիրն է կրում Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 18-ը՝ արդեն չորրորդ անգամ անցկացվելիք փառատոնը: Մեկնարկող փառատոնի առիթով «Առավոտը» միության որոշ անդամների կողմից ստացել է դժգոհություն, թե ինչու իրենք կամ իրենց գործը անտեսվել է, ասել է թե՝ չի հնչելու այդ օրերին: Հյուրընկալվեցինք միությունում՝ վերջինիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից պարզաբանում ստանալու: Մինչ նախագահի հետ հանդիպումը՝ խնդրեցինք փոխնախագահ Դմիտրի Առաքելյանին համառոտ ներկայացնել փառատոնը: «Փառատոնը կմեկնարկի Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան դահլիճում, շարունակվելով Երեւանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Կժամանեն հյուրեր՝ երաժիշտներ, երաժշտագետներ ԱՊՀ երկրներից»,- տեղեկացրեց պարոն Առաքելյանը: Շարունակելով խոսքը նա նշեց, որ փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն հոբելյանական երեկոներ՝ նվիրված կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի՝ 85, Ալեքսանդր Աճեմյանի՝ 80, Էդգար Հովհաննիսյանի 75-ամյակներին: Բացի հայաստանցի երաժիշտներից ու կոլեկտիվներից (Ֆիլհարմոնիկ, «Ստուդիա-օրկեստր» նվագախմբեր, Հ. Չեքիջյանի, Հ. Թոփիկյանի, Ռ. Մլքեյանի ղեկավարած երգչախմբեր, Ե. Երզնկյանի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ եւ այլն), հայ երաժշտասերը առաջին անգամ կհանդիպի Մոսկվայի կոնսերվատորիայի ֆոլկլորային ճանաչված անսամբլի ու նրա ղեկավարի՝ Նատալյա Գիլյարովայի հետ, կկազմակերպվի գիտաժողով, համերգ-դասախոսություն՝ «Հայ ժողովրդական եւ եկեղեցական երաժշտություն» թեմայով: Փառատոնի կազմակերպիչը չի անտեսել նաեւ իր կրտսեր կոլեգաներին. այդ օրերին կհնչեն Երեւանի կոնսերվատորիայի ուսանող-կոմպոզիտորների ստեղծագործությունները եւ այլն: Միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը զրույցի սկզբում նշեց, որ փառատոնի խորագիրն արդեն հուշում է, որ իրենք պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ են` մտահոգված են ժողովրդարվեստի ճակատագրով. «Այսօրվա ունկնդիրը, մասնավորապես երիտասարդները, պետք է ի վերջո հասկանան, որ ժողովրդական ստեղծագործություն դեռ չի նշանակում «անապատի սպիտակ արեւ» (հավանաբար նկատի ունի Թաթայի «Անապատի արեւը» – Ս. Դ.): Այն, ինչը հնչում ու հրամցվում է հայերենով՝ դեռ հայկական չէ»: Անդրադառնալով մեր բուն հարցին՝ պարոն Ամիրխանյանն ասաց. «Ինձ դուր է գալիս, որ կոմպոզիտորներից ոմանք բողոքում են: Դա նշանակում է, որ նրանք հավատում են միության գործունեությանը, հետաքրքրված եմ մեր աշխատանքներով, ի վերջո զգում են, որ ստեղծագործական աշխուժություն է տիրում միությունում: Կամ գուցե չե՞ն հավատում, որ համերգաշարերն ու փառատոները այլեւս ավանդական են»: Ըստ նախագահի, չընդգրկվել փառատոնում՝ չի նշանակում, որ այս կամ այն կոմպոզիտորը միության կողմից մերժված է. «Գիտեք, որ մենք անցկացնում ենք գարնանային եւ աշնանային համերգաշարեր կամ փառատոներ ու դրանք ավանդական են: Միության անդամ ավելի քան 70 կոմպոզիտորներից փառատոնային համերգներում կհնչեն 37-ի ստեղծագործությունները՝ գրված վերջին 5 տարիների ընթացքում»: Հետաքրքրվելով փառատոնի մասնակից երաժիշտների ու կոլեկտիվների վճարներով, պարոն Ամիրխանյանը ասաց, որ երաժիշտների վճարները պայմանագրային կարգով են: Եռուզեռում գտնվող որոշ կոմպոզիտորներից փորձեցինք ստանալ մեզ հուզող՝ ինչո՞ւ նման մասշտաբային դասական արվեստի փառատոնին մշակույթի նախարարությունը չունի մասնակցություն հարցի պատասխանը: Հայ կոմպոզիտորական դպրոցում ավանդ ունեցող ստեղծագործողներից մեկն (հարգելով նրա վաստակն ու խնդրանքը՝ չենք նշում անունը) ասաց. «Մշակույթի նախարարությունը տարին մեկ կամ երկու գործ է անում ու հայտարարում, թե ֆինանսը պրծավ: Եղեռնի 90- ամյակին արդեն արվել է գործ, հիմա էլ՝ Գրերի գյուտի 1600-ամյակ: Ես 100 %-ով գիտեմ, որ մեր միությունը իմանալով նախարարության որդեգրած «ֆինանսական» քաղաքականությունը, չի էլ դիմել նախարարությանը»: Մեկ այլ վաստակաշատ կոմպոզիտոր բարձրաձայնեց, որ բողոքական են հիմնականում իր այն գործընկերները, ովքեր 4 տարին մեկ են հայտնվում միությունում՝ համագումարից համագումար եւ, չգիտես ինչու, ուզում են սեւացնել միության աշխատանքը: Բողոքականներից են նաեւ նրանք, ովքեր վերջին տարիներին (նկատի ունի 5-10 տարին) չեն ստեղծագործել կամ, եթե մի բան էլ գրել են, ապա այդ երաժշտությունը ոչ մնայուն է: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել