Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եկեղեցին

Սեպտեմբեր 29,2005 00:00

Եկեղեցին լծակներ չունի՞ «Եհովայի վկաները» «հոգիներ են որսում»… Էջմիածնում Առաջ «Եհովայի վկաները» հոգեորսության էին ելնում մայրաքաղաքի փողոցներում ու բնակելի շենքերում, բայց տեսնելով, որ սեւ ճամպրուկներից ու գույնզգույն բրոշյուրներից քաղաքացիներն արդեն հեռվից ճանաչում են իրենց, իսկ տանը դուռը չեն բացում, հիմա նրանք իրենց ողջ պոտենցիալը ներդնում են գյուղացիների վրա: Գյուղերում «Եհովայի վկաների» ու ընդհանրապես ցանկացած աղանդների բարգավաճման համար ստեղծված են բոլոր պայմանները: Նախ՝ գյուղացիները սովորություն չունեն դուռ-դարպաս փակելու, ողջ օրվա ընթացքում դռները բաց են ցանկացած հյուրի առջեւ: «Եհովականները» փոքր խմբերով ազատորեն շրջում են գյուղերում, բաժանում «Արմագեդոնի» մասին իրենց բուկլետները, համեմատություններ անում խաչով ու առանց խաչի «Աստվածաշնչերի» միջեւ ու համոզում գյուղացիներին, որ Հիսուսն իրականում ոչ թե երկար մազերով է, այլ կարճ ու ոչ թե խաչվել է, այլ մեխվել գերանին: Մեր հարցումներից պարզվեց, որ, օրինակ, Էջմիածին քաղաքի ու մոտակա գյուղերի բնակիչներից շատերն սկսել են կասկածել՝ մատաղ անելն ու մոմ վառելն իրականում մե՞ղք է, թե՞ օրհնություն: Պատահական չէ, որ «Եհովայի վկաները» որոշել են իրենց «բունը դնել» հենց Մայր աթոռի քթի տակ, որովհետեւ, բացի օրվա ընթացքում լսվող եկեղեցու ղողանջներից, բնակիչներն այլ կերպ հայ առաքելական եկեղեցու հետ չեն առնչվում: Էջմիածնում եւ դրան հարակից Մեծամոր քաղաքում ու հատկապես Հայթաղ գյուղում (ըստ մեր տեղեկությունների՝ հենց այստեղ է վկաների հիմնական հավաքատեղին) աղանդավորների հաջողությունների մասին տեղյակ են նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի քահանաները, բայց, ըստ նրանց, «հայ եկեղեցին լծակներ չունի, որ միջամտի նրանց գործունեությանը»: Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն Ղեւոնդ քահանա Մայիլյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Եհովայի վկաներին» գրանցելը, ըստ էության, ոչինչ չփոխեց. «Դա ընդհանրապես խեղկատակություն էր, պետությանը չհաջողվեց նրանց բերել օրինական դաշտ: Միեւնույն է, նրանք ոչ մի կանոնադրության էլ չեն հետեւում, միայն Նյու Յորքի Բրուքլին տաճարի կողմից են ղեկավարվում»: Խնդիրն այն է, որ գյուղացիները տարիներով ոչ մի քահանայի երես չեն տեսնում: Սակայն մեր զրուցակիցը համաձայն չէ, որ եկեղեցին աղանդավորների դեմ ոչինչ չի անում, ճիշտ չէ. «Թվում է, թե «Եհովայի վկաները» կործանել են մեզ, բայց այդպես չէ: Մենք էլ ենք ակտիվ գործում: Օրինակ, ամեն կիրակի տպում ու բաժանում ենք քարոզչաթերթիկներ, դպրոցներում դասավանդում ենք հայ եկեղեցու պատմություն: Ուղղակի եթե մեզ հաջողվի ամեն գյուղ քահանա ուղարկել, ոչ մի կազմակերպություն էլ այնտեղ «զոհեր» չի փնտրի»,- ասում է Ղեւոնդ քահանան: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել