Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իմիջը

Սեպտեմբեր 29,2005 00:00

Իմիջը ոչի՞նչ է Մինչ ՀՀ իշխանությունները հազար ու մի հնարք են մտմտում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը դույզն-ինչ արդյունավետ եւ պատշաճ մակարդակով ապահովելու ծանրագույն գործը գլուխ բերելու համար, ԱՄՆ իշխանություններն այս օրերին նույնպես «քարոզարշավային» լուրջ հոգսերի մեջ են: Բայց ի տարբերություն Հայաստանի ղեկավարների, որոնք խորապես թքած ունեն հասարակության շրջանում իրենց ունեցած անձնական կամ խմբային վարկանիշների վրա, Վաշինգթոնում խիստ մտահոգված են նախագահ Բուշի, նրա վարչակազմի եւ առհասարակ՝ երկրի իմիջի կտրուկ վատացմամբ, ինչը պայմանավորված է Իրաքով եւ Լուիզիանայում տեղի ունեցած աղետներով: Ուստի՝ Սպիտակ տունն առաջիկայում ծրագրում է երկրի ներսում ու հատկապես արտասահմանում աննախադեպ արշավ ծավալել, որի նպատակը Միացյալ Նահանգների լրջորեն վնասված իմիջի վերականգնումն է: Այդ ոչ հեշտ ծրագրի պատասխանատուն հասարակական քաղաքականության եւ հասարակայնության հետ հարաբերությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Հյուզն է, որն արդեն իսկ ուղեւորությունների մի ամբողջ շարք է սկսել դեպի մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրներ՝ Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Թուրքիա եւ այլուր: Հասարակական ներազդեցության եւ բազմապրոֆիլ քարոզչության մեծ վարպետի համբավ ունեցող տիկին Հյուզին տրված այս հանձնարարությունը, կարելի է ասել, ճիշտ եւ ճիշտ ժամանակին էր: ԱՄՆ պետդեպին կից գործող խորհրդակցական կոմիտեի գնահատումներով՝ ներկայումս ԱՄՆ միջազգային հեղինակությունը վատթարագույն վիճակում է, ինչպիսին երբեւէ չի եղել: Ու թեեւ Կարեն Հյուզն ավելի շատ մասնագիտացած է հատկապես ներքին, նույնն է թե՝ նախընտրական PR-ի իրականացման հարցերում, այնուամենայնիվ, Սպիտակ տանը նրա հետ լուրջ հույսեր են կապում: Կոմիտեի դիտարկումներով, աշխարհի մի զգալի հատվածում «ԱՄՆ-ն ընկալվում է ոչ այնքան իբրեւ հույսի փարոս, այլ՝ իբրեւ վտանգավոր մի ուժ, որին պետք է հակադրվել»: Այս մեջբերումը կոմիտեի՝ դեռեւս չհրապարակված զեկույցից է, որը կազմվել է դրա ներկայացուցիչների՝ Մերձավոր Արեւելք կատարած հետազոտական այցերի արդյունքներով: Ըստ այդմ, նշվում է, թե, օրինակ՝ Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում եւ Մարոկկոյում հասարակական գիտակցության մեջ Ջորջ Բուշն ավելի վտանգավոր է համարվում ներկայիս աշխարհակարգին նետված մարտահրավերների տեսանկյունից, քան թիվ մեկ ահաբեկիչ հորջորջվող Բեն Լադենը: Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի փչացած իմիջի հիմնանորոգման գործում Սպիտակ տան չինովնիկները մեծ նախապատվություն են տալու հատկապես ԶԼՄ-ներին ցուցաբերվելիք հակազդեցությանը: Դժվար չէ ենթադրել, որ այս արշավից մեզ նույնպես բաժին կհասնի, քանզի այստեղ եւս ընդունված է, որ «տեղից վեր կացողը» հայհոյի ԱՄՆ-ին: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել