Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլ

Սեպտեմբեր 29,2005 00:00

Էլ ո՞ւմ է վարչապետը զենք նվիրել Հրապարակեք, խնդրեմ, ողջ ցուցակը Անցյալ շաբաթ՝ սեպտեմբերի 24-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում տեղի ունեցած սպանությունը, երբ քաղաքապետ Արմեն Քեշիշյանն իրեն ամրակցված «Վինկինգ» ՄՌ-446 զենքով սպանել էր «Էլցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ցավոք, միակ հանցագործությունը չէր, որ վերջին՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից նվիրված անվանական զենքով: Հիշեցնենք, որ 2004-ի հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում գտնվող «Եվրոֆուտբոլ» ակումբի մոտ գլխի շրջանում ստացած հրազենային վերքերով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ 6-րդ գլխավոր վարչության օպեր-լիազոր 33-ամյա Աշոտ Վասիլյանը, որը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների բաժնի նախկին պետ, գնդապետ Ալեքսանդր Վասիլյանի որդին է: Այն ժամանակ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Ա. Վասիլյանի գլխին հրազենով վնասվածքներ էր հասցրել Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը՝ ՀՀ վարչապետի կողմից իրեն նվիրված անվանական զենքով՝ «ՏՏ» մակնիշի ատրճանակով: Հետո, իհարկե, տեղեկատվությունը սրբագրվեց եւ հայտարարվեց, թե կրակողը եղել է թաղապետի քրոջ որդին՝ Արման Բադալյանը՝ իրեն պատկանող զենքով: Այդ պահին ավելի կարեւոր էր համարվել, որ որեւէ մեկը կատարված հանցագործության համար պատասխան տար, եւ տվեց: «Առավոտի» տեղեկություններով, 2005 թ. հուլիսի 17-ին էլ Երեւանի Շենգավիթ համայնքում էր կանխվել մի հանցագործություն, որի մասնակիցներից երկուսի մոտից դարձյալ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից նվիրված անվանական զենքեր էին առգրավվել: Հիշեցնենք, որ խոսքը Եղիշե Թադեւոսյան փողոցում տեղի ունեցած «ռազբորկայի» մասին է: Այն ժամանակ հիշյալ վայրից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման էին ենթարկվել թվով 9 հոգի: Խուզարկության ենթարկվելուց հետո նրանցից երեքի մոտ զենքեր էին հայտնաբերվել եւ առգրավվել, որոնցից երկուսը դարձյալ ՀՀ վարչապետի կողմից նվիրված անվանական զենքեր էին եղել: Կոնկրետ այս դեպքում ոստիկանության բաժնում խուզարկության ենթարկվածներից մեկը եղել էր 1980թ. ծնված Վազգեն Ջումայանը՝ Շենգավիթի թաղապետին կից ապօրինությունների կասեցման մշտական հանձնաժողովի տեսուչ: Նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել էր 15 փամփուշտով լիցքավորված «Զիգզաուեր» տեսակի մարտական ատրճանակ: «Ռազբորկայի» մասնակիցներից մյուսի՝ 1959 թ. ծնված Ռուբեն Օհանյանի մոտից առգրավվել էր մեկնարկային ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով: Նա աշխատում է «Հայէլեկտրո» ԲԲԸ-ում՝ որպես վերահսկիչ տեսչական խմբի հատուկ տեսուչ: Հիշյալ «Զիգզաուեր»-ն ու մեկնարկային ատրճանակը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ Վ. Ջումայանին եւ Ռ. Օհանյանին նվիրած անվանական զենքերն էին եղել: Բարեբախտաբար, այս դեպքում դրանցից չէին հասցրել կրակել, որովհետեւ ոստիկանությունը ժամանակին կռվի մասին ահազանգ էր ստացել: Բոլոր դեպքերում փաստի առիթով հարուցվել էր քրգործ՝ ՔՕ 258 եւ 235 հոդվածների հատկանիշներով: Հիշյալ փաստերը վերհիշելուց հետո մնում է խնդրել ՀՀ վարչապետին՝ հրապարակել այն մարդկանց անունները, ում ինքն անվանական զենք է նվիրել՝ նրանցից գոնե զգուշանալու համար: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել