Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ ԳՈՀ Է, ՈՐ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 29,2005 00:00

«Ժողովրդական
ստեղծագործություն եւ կոմպոզիտորական արվեստ». այս խորագիրն է կրում Հայաստանի կոմպոզիտորների
եւ երաժշտագետների միության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ հոկտեմբերի 2-ից
նոյեմբերի 18-ը՝ արդեն չորրորդ անգամ անցկացվելիք փառատոնը: Մեկնարկող
փառատոնի առիթով «Առավոտը» միության որոշ անդամների կողմից ստացել է դժգոհություն,
թե ինչու իրենք կամ իրենց գործը անտեսվել է, ասել է թե՝ չի հնչելու այդ օրերին: Հյուրընկալվեցինք
միությունում՝ վերջինիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից պարզաբանում ստանալու: Մինչ
նախագահի հետ հանդիպումը՝ խնդրեցինք փոխնախագահ Դմիտրի Առաքելյանին համառոտ ներկայացնել
փառատոնը: «Փառատոնը կմեկնարկի Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան
դահլիճում, շարունակվելով Երեւանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Կժամանեն հյուրեր՝
երաժիշտներ, երաժշտագետներ ԱՊՀ երկրներից»,- տեղեկացրեց պարոն Առաքելյանը: Շարունակելով
խոսքը նա նշեց, որ փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն հոբելյանական երեկոներ՝
նվիրված կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի՝ 85, Ալեքսանդր
Աճեմյանի՝ 80, Էդգար Հովհաննիսյանի 75-ամյակներին: Բացի հայաստանցի երաժիշտներից
ու կոլեկտիվներից (Ֆիլհարմոնիկ, «Ստուդիա-օրկեստր» նվագախմբեր, Հ. Չեքիջյանի, Հ.
Թոփիկյանի, Ռ. Մլքեյանի ղեկավարած երգչախմբեր, Ե. Երզնկյանի էստրադային-սիմֆոնիկ
նվագախումբ եւ այլն), հայ երաժշտասերը առաջին անգամ կհանդիպի Մոսկվայի կոնսերվատորիայի
ֆոլկլորային ճանաչված անսամբլի ու նրա ղեկավարի՝ Նատալյա Գիլյարովայի հետ, կկազմակերպվի
գիտաժողով, համերգ-դասախոսություն՝ «Հայ ժողովրդական եւ եկեղեցական երաժշտություն»
թեմայով: Փառատոնի կազմակերպիչը չի անտեսել նաեւ իր կրտսեր կոլեգաներին. այդ օրերին
կհնչեն Երեւանի կոնսերվատորիայի ուսանող-կոմպոզիտորների ստեղծագործությունները եւ
այլն: Միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը զրույցի սկզբում նշեց,
որ փառատոնի խորագիրն արդեն հուշում է, որ իրենք պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ են` մտահոգված
են ժողովրդարվեստի ճակատագրով. «Այսօրվա ունկնդիրը, մասնավորապես երիտասարդները,
պետք է ի վերջո հասկանան, որ ժողովրդական ստեղծագործություն դեռ չի նշանակում «անապատի
սպիտակ արեւ» (հավանաբար նկատի ունի Թաթայի «Անապատի արեւը» – Ս. Դ.): Այն, ինչը
հնչում ու հրամցվում է հայերենով՝ դեռ հայկական չէ»: Անդրադառնալով մեր բուն հարցին՝
պարոն Ամիրխանյանն ասաց. «Ինձ դուր է գալիս, որ կոմպոզիտորներից ոմանք բողոքում են:
Դա նշանակում է, որ նրանք հավատում են միության գործունեությանը, հետաքրքրված եմ
մեր աշխատանքներով, ի վերջո զգում են, որ ստեղծագործական աշխուժություն է տիրում
միությունում: Կամ գուցե չե՞ն հավատում, որ համերգաշարերն ու փառատոները այլեւս ավանդական
են»: Ըստ նախագահի, չընդգրկվել փառատոնում՝ չի նշանակում, որ այս կամ այն կոմպոզիտորը
միության կողմից մերժված է. «Գիտեք, որ մենք անցկացնում ենք գարնանային եւ աշնանային
համերգաշարեր կամ փառատոներ ու դրանք ավանդական են: Միության անդամ ավելի քան 70
կոմպոզիտորներից փառատոնային համերգներում կհնչեն 37-ի ստեղծագործությունները՝ գրված
վերջին 5 տարիների ընթացքում»: Հետաքրքրվելով փառատոնի մասնակից երաժիշտների ու կոլեկտիվների
վճարներով, պարոն Ամիրխանյանը ասաց, որ երաժիշտների վճարները պայմանագրային կարգով
են: Եռուզեռում գտնվող որոշ կոմպոզիտորներից փորձեցինք ստանալ մեզ հուզող՝
ինչո՞ւ նման մասշտաբային դասական արվեստի փառատոնին մշակույթի նախարարությունը չունի
մասնակցություն հարցի պատասխանը: Հայ կոմպոզիտորական դպրոցում ավանդ ունեցող ստեղծագործողներից
մեկն (հարգելով նրա վաստակն ու խնդրանքը՝ չենք նշում անունը) ասաց. «Մշակույթի նախարարությունը
տարին մեկ կամ երկու գործ է անում ու հայտարարում, թե ֆինանսը պրծավ: Եղեռնի 90-
ամյակին արդեն արվել է գործ, հիմա էլ՝ Գրերի գյուտի 1600-ամյակ: Ես 100 %-ով գիտեմ,
որ մեր միությունը իմանալով նախարարության որդեգրած «ֆինանսական» քաղաքականությունը,
չի էլ դիմել նախարարությանը»: Մեկ այլ վաստակաշատ կոմպոզիտոր բարձրաձայնեց, որ բողոքական
են հիմնականում իր այն գործընկերները, ովքեր 4 տարին մեկ են հայտնվում միությունում՝
համագումարից համագումար եւ, չգիտես ինչու, ուզում են սեւացնել միության աշխատանքը:
Բողոքականներից են նաեւ նրանք, ովքեր վերջին տարիներին (նկատի ունի 5-10 տարին) չեն
ստեղծագործել կամ, եթե մի բան էլ գրել են, ապա այդ երաժշտությունը ոչ մնայուն է:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել