Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքնասպանության հասցնելու համար՝ երկու տարի 6 ամիս

Սեպտեմբեր 29,2005 00:00

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների
առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Խաչիկ Բաղդասարյան) լսեց Վ. Սարգսյանի անվան ռազմական
ինստիտուտի կուրսանտ Վարդան Մովսիսյանի (որին գտել էին ծառի ճյուղից կախված) սպանության
գործով մեղադրական ճառը: Բայց մինչ այդ, մեղադրողը՝ զինվորական դատախազ Ժաննա Կոտիկյանը
6 ամբաստանյալներից ճշտեց նրանց վերջնական վերաբերմունքը կատարվածի առնչությամբ:
Ամբաստանյալներն ասացին, որ չեն կարծել, թե իրենց վերաբերմունքը (խփելը, հրելը, վիրավորելը)
կարող է ինքնասպանության հասցնել Մովսիսյանին: Նրանցից ոմանք մասնակի ընդունեցին
իրենց մեղքը, ներողություն խնդրեցին տուժողի իրավահաջորդից եւ դատարանին խնդրեցին
ներողամիտ լինել: Մեղադրողը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ «գողացված» չարաբաստիկ
1000 դրամը Վարդան Մովսիսյանի գրպանից հայտնաբերելուց հետո՝ ամբաստանյալները տարբեր
առիթներով պարբերաբար բռնություն են կատարել Վարդանի նկատմամբ, նվաստացրել, վիրավորել
են, ինչը ինքնասպանության է հասցրել նրան: Ժ. Կոտիկյանը նկատեց, որ ամբաստանյալները,
փաստորեն, ընդունեցին, որ քաշքշուկ է եղել Վ. Մովսիսյանի հետ, սակայն չեն կարծել,
թե դա ինքնասպանության կարող է հասցնել: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց նաեւ
այն հանգամանքի վրա, որ 6 ամբաստանյալներից 5-ը անչափահաս են, ռազմական ինստիտուտի
կողմից նրանց մասին առկա է դրական բնութագիր, չմոռանալով անդրադառնալ նաեւ նրանց
ընտանեկան վիճակին. մեկը հայր չունի, մյուսը՝ մայր: Մեղադրող կողմը միջնորդեց
ՀՀ քրօրի 64 հոդվածի կիրառմամբ նախատեսվածից ավելի մեղմ պատիժ սահմանել ամբաստանյալների
համար՝ 2 տարի 6 ամիս: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Խաչիկ Ալեքսանյանն ասաց.
«Վարդան Մովսիսյանը 2004թ. հոկտեմբերի 18-23-ը ամբաստանյալների կողմից ծեծի է ենթարկվել
ռազմական ինստիտուտի տարածքում, ինչը չի կանխվել պաշտոնատար անձանց՝ այն սպաների
(Արտյոմ Ամբարյանի, Աշոտ Ղազարյանի) կողմից, որոնք ի պաշտոնե պարտավոր էին ժամանակին
կանխել միջանձնային բախումները եւ ձեւավորել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ»:
Ներկայացուցիչը այդ համարեց հանցավոր անգործություն: Խ. Ալեքսանյանը անդրադարձավ
նաեւ չարաբաստիկ 1000 դրամին: Նա այդ մասով չհամաձայնեց մեղադրկան ճառի հետ, քանի
որ նախաքննությամբ եւ դատաքննության ընթացքում Լորետա Բարֆյանը (ամբաստանյալ Արման
Եղոյանի մայրը) հերքել է իր կողմից որեւէ նշում կատարելու փաստը (խոսքը Լ. Բ.-ի կողմից
1000 դրամի վրա կատարված նշագրման մասին է, որով էլ իբր գող էր համարվել Վ. Մովսիսյանը
եւ ենթարկվել բռնությունների): Տուժողի իրավահաջորդի համար անհասկանալի էր մնացել
նաեւ այն, թե ինչու նախաքննությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել Վ. Մովսիսյանի դիակի
հայտնաբերման նախորդող օրերին Վարդանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ քաղելու
ուղղությամբ. ուր է եղել, ում հետ է հանդիպել, ինչ պայմաններում: Խ. Ալեքսանյանը
պնդեց իր քաղհայցը՝ $7000-ի վնասի փոխհատուցման պահանջով: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել