Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԴԻՐԸ ԿԱՍԻ ԻՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽՈՍՔԸ

Սեպտեմբեր 29,2005 00:00

Բուհերի նոր կանոնադրությունները կառավարությանը
լայն հնարավորություններ են տալիս Սեպտեմբերի 15-ը բուհերի
խորհուրդների ձեւավորման նոր կարգին համապատասխան կանոնադրական փոփոխությունների
ներկայացման վերջնաժամկետն էր: Որոշ բուհեր, ինչպես արդեն բազմաթիվ առիթներ ենք ունեցել
նշելու, կառավարության պահանջի դեմ երկար ընդվզելով, ՀՀ նախագահի բանավոր հրամանից
հետո վերջապես հլու-հնազանդ կատարեցին պահանջվողը: Անդրադառնանք կանոնադրությունների
«ամենաինտրիգային» հարցին: Մի շարք բուհերի արդեն թոշակի տարիքի ռեկտորների անխուսափելի
հեռացման հետ առաջ էր գալիս հարցը, թե ովքեր են փոխարինելու այդ մարդկանց: Այստեղից
հարց է առաջանում՝ արդյո՞ք նոր կանոնադրություններում կմնա ռեկտորի՝ պահանջվող գիտական
աստիճանի մասին կետը: Առայժմ մնաց. «Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել գիտությունների
դոկտորի աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը»: Այսպիսով՝ մի փոքր հանդարտվեցին
խոսակցություններն այն մասին, թե ռեկտորների տեղերի համար արդեն կոնկրետ պաշտոնյաներ
կան ընտրված (օրինակ, գիտությունների թեկնածուներ Արա Ավետիսյանը կամ Արտակ Սահրադյանը):
Մեզ հետ զրույցում մի առիթով Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանն
ասաց, որ «մինչեւ դոկտորի աստիճան ու պրոֆեսորի գիտական կոչում ձեռք բերես՝ արդեն
65 տարիդ կլրանա»: Սակայն չշտապենք. կառավարությունը դեռեւս վերջնականապես չի հաստատել
ներկայացված կանոնադրությունները: Չնայած բազմաթիվ բողոքներին՝ կապված բաղադրիչների
համամասնության հետ, թվերը մնացին նույնը՝ պահպանվեց 50 ներսից+50 դրսից տարբերակը:
Արդյոք տեղի՞ն էր բուհերի մտահոգությունը, թե իրենք նոր կարգով զրկվում են որոշ իրավասություններից,
դառնում են ավելի պակաս ինքնուրույն՝ կերեւա ստորեւ բերվող կանոնադրական սկզբունքներից:
Խորհրդի «դրսի» հատվածը՝ լիազոր մարմնի (ԿԳՆ-ի) ու հիմնադրի (կառավարության) ներկայացուցիչները,
ըստ ամենայնի չեն մասնակցի, ասենք, կանոնադրությամբ նախատեսվող հետեւյալ միջոցառումներին.
բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների եւ մասնագիտացումների
ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի մշակում եւ հաստատում, ուսումնական
գրականության եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակում: Բուհը կարող է շնորհել
համալսարանի պատվավոր կոչումներ, սահմանել մրցանակներ, անվանական կրթաթոշակներ եւ
այլն: Սակայն կառավարման հարցում ամեն ինչ փոխվում է: «Հիմնադիրն ունի բուհի
գործունեությանը եւ կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝
բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Սա հենց այն կետն է, ինչն ամենաշատը դուր
չի գալիս բուհերի ղեկավարներին: Այսինքն՝ խորհուրդը կարող է որոշել, բայց հիմնադիրը,
հնարավոր է, չհավանի ու չհաստատի այն: Բացի այդ, հիմնադիրը պետք է հաստատի բուհի
ներկայացրած խորհրդի կազմը, ռեկտորի ընտրության հարցում պետք է տա իր վերջնական համաձայնությունը,
մի խոսքով, ասի իր տղամարդու վերջնական խոսքը: Ստացվում է՝ ճիշտ եւ ճիշտ դպրոցական
խորհուրդների նման: Այստեղ էլ խորհուրդը կազմված է մանկավարժներից, համայնքի, տեղական
ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներից: Սակայն, բացի այն, որ տնօրենի ընտրությունը
կատարվում է վերադասի՝ տվյալ դեպքում մարզպետարանի ներկայացուցչի աչքերի մեջ նայելով,
դեռ վերջնական որոշումն էլ մնում է մարզպետին: Ի դեպ, բուհերի պարագայում
հիմնադիրը հաստատում է նաեւ խորհրդի վերջնական կազմը՝ նաեւ բուհական մասով: Ակնկալվում
է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը կձեւավորվեն ու հիմնադրին (այսինքն՝ կառավարությանը)
կներկայացվեն խորհուրդների կազմերը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել