Երեկ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» եւ Սահմանադրությունում փոփոխություններ
կատարելու մասին նախագծերը: Քվեարկությանը մասնակցեց 90-ից ավելի պատգամավոր, թեեւ
դահլիճում դարձյալ չկար այդքան մարդ: Հանրաքվեի շուրջ Նախօրեին
Արշակ Սադոյանը ՏԻՄ ընտրությունների փորձն աչքի առջեւ ունենալով՝ ելույթներում բողոքում
էր, թե քվեախցիկ ասածը դարձրել են պատին կպցրած 3 տախտակ: Պարզվեց, որ գաղտնի քվեարկության
սկզբունքի նման ոտնահարումն անհանգստացնում է նաեւ կոալիցիայի գործիչներին (մասնավորապես
Վահան Հովհաննիսյանը զրույցի ընթացքում արտահայտեց նույն մտահոգությունը): Եվ երեկ
հայտարարվեց, որ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախաձեռնողները ընդունել
են Սադոյանի առաջարկը եւ ամրագրել. «Քվեարկության խցիկը (սենյակը) պետք է կահավորված
լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից
գաղտնի լրացնել քվեաթերթիկը»: Սակայն այդպես էլ չընդունվեց ընդդիմության այն
առաջարկը, ըստ որի՝ պիտի հնարավորություն ընձեռվի քաղաքացիական նախաձեռնությամբ անցկացնել
հանրաքվե: Օրինագիծը ներկայացնող Հրայր Կարապետյանն իր եզրափակիչ ելույթում կշտամբել
էր. «Այս խնդրի ջատագովները, երբ 1995-ին ընդունվում էր Սահմանադրությունը՝ նույն
խանդավառությամբ չեն պնդել, որ Սահմանադրության մեջ մտնի այդ դրույթը… Առնվազն
պետք է այն ժամանակ մտածեին, որ այսօր մենք փաստի առջեւ չկանգնեինք… Եթե այն ժամանակ
տայիք՝ ես ձեզ հավատացնում եմ, ՀՅԴ-ն, որպես ընդդիմություն, ոչ թե 200 հազար՝ 1 մլն
ստորագրություն կհավաքեր օրվա իշխանությունների դեմ»: Երեկ նրան հարց ուղղեցինք՝
ասենք, թե նախկին իշխանությունները ժողովրդավար չէին ու հակազգային, եւ հնարավորություն
չընձեռեցին կենսագործել Սահմանադրության 2-րդ հոդվածում ամրագրված այն դրույթը, ըստ
որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է նաեւ հանրաքվեների միջոցով, սակայն
այժմ ազգային կուսակցություն ՀՅԴ-ն է իշխանության մաս կազմում, ինչո՞ւ չի ուղղում
այդ սխալը: Ի պատասխան պրն Կարապետյանն ասաց. «Նույնիսկ ընդդիմությունը, որ ավելի
շատ ջատագովն է այդ մոտեցման, թե պետք է ստորագրահավաքի միջոցով կազմակերպել հանրաքվե՝
նման առաջարկ չի արել սահմանադրական փոփոխությունների փաթեթում: Ես հեղինակներից
մեկն եմ ու պնդում եմ, որ չկա՛ նման առաջարկ: Իսկ Դուք անընդհատ, չգիտեմ ինչու, գրում
եք, որ հեղինակները տեղյակ չեն Սահմանադրության փոփոխություններից»: Հրայր Կարապետյանի
այս պնդումն էլ եւս մի հիմնավորում դարձավ կոալիցիոն հեղինակների անիրազեկության
վերաբերյալ մեր տպավորության: Քանզի Սահմանադրության փոփոխություններում նման դրույթ
ամրագրելու առաջարկ արել է ե՛ւ Արշակ Սադոյանը, ե՛ւ «Ազգային միաբանությունը», թե
պետական նշանակության ու կարեւորության տարբեր հարցեր պիտի դրվեն հանրաքվեի նաեւ
քաղաքացիական նախաձեռնությամբ՝ 150 հազար ստորագրության առկայությամբ: Սակայն չեն
ընդունվել երկուսի առաջարկներն էլ: Սահմանադրության շուրջ ԱԺ
ղեկավարները երեկ մեկնաբանեցին այն իրողությունը, որ սահմանադրական փոփոխությունների
նախագծում 3-րդ ընթերցման ժամանակ արվել են ոչ միայն զուտ խմբագրական փոփոխություններ,
ինչպես պահանջում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը: ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը պնդեց,
թե չի եղել բովանդակային որեւէ փոփոխություն: Սակայն 2-րդ ընթերցմամբ ընդունված 31
հոդվածի՝ «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հողի նկատմամբ սեփականության
ձեռք բերման իրավունքը կարող է սահմանվել օրենքով», առնչությամբ նշեց. «Այո՛, մենք
կարծում ենք, որ այստեղ լուրջ մտահոգություն կա, եւ երկար բանավեճերից հետո ուղղակի
հանվել է այդ մասը, թողնվել գործող կարգը… Իրոք անհրաժեշտություն կար փոփոխություններ
կատարելու՝ հիմք ընդունելով նաեւ այն դժգոհությունները, որ կան»: Մինչդեռ
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի մեկնաբանությունն էր, թե արված բոլոր փոփոխությունները
խմբագրական էին: Վերոհիշյալ փոփոխության առնչությամբ, որից հետո տեքստում մնացել
է գործող Սահմանադրության դրույթը՝ «Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա
քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով նախատեսված
դեպքերի», ասաց. «Համոզված եմ, որ անհրաժեշտ իրավական մոտեցումներ ունեցող ցանկացած
մարդու համար այս 2-ը բացարձակապես նույն իմաստն ունեն: Բայց որպեսզի որեւէ մեկը
չշահարկի՝ թողնվել է այն, ինչ ավելի լավ են հասկանում մարդիկ»: 56.1 հոդվածի
համաձայն՝ «իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար ՀՀ նախագահը կարող
է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո, բացառությամբ
57 հոդվածում սահմանված դեպքերի»: 3-րդ ընթերցման ժամանակ հանվել է հղումը 57 հոդվածին,
ըստ որի՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության
համար: ԱԺ փոխնախագահի մեկնաբանությամբ՝ «Անկախ նրանից, թե այդ «պոչը» կգրեինք, թե
չէ՝ 57 հոդվածը գործելու էր: Բացառությունը նշելը 56.1 հոդվածում առաջացնում էր թյուրըմբռնում:
Մարդիկ կային, որոնք մեկնաբանում էին, թե այս դեպքերով նախագահին չի կարելի հետո
կանչել պատասխանատվության: Եվ տարբեր շահարկումներից խուսափելու նպատակով արվեց այս
փոփոխությունը»: Վերջնական տեքստում սահմանվում է, որ «օրենքով կարող է սահմանվել
Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն»: Մինչդեռ 2-րդ ընթերցմամբ
ընդունված նախագծում նշված էր միայն անուղղակի ընտրության հնարավորությունը: Տ. Թորոսյանը
հիշեցրեց, որ ընդհանուր դրույթներում նշված է, թե տեղական ինքնակառավարման հետ կապված
կիրառվում են ուղղակի ընտրություններ, եւ հիմա առավել հստակեցվել է. «Քանի որ էլի
դժբախտաբար եղան մարդիկ, որոնք չէին կարողանում Սահմանադրության մի հոդվածը կապել
մյուսի հետ ու լիարժեք ընկալել: Իրավական առումով էլի չի արված բացարձակապես որեւէ
փոփոխություն»: ԱԺ փոխնախագահն այլ պարզաբանումներ էլ ներկայացրեց, թե 14
հոդվածից մեր մեջբերած դրույթն ուղղակի տեղափոխվել է (մինչդեռ նախագծի վերաբերյալ
արված առաջարկությունների ամփոփաթերթիկում նշված էր, որ այն հանել են): 16 հոդվածի
մի դրույթի վերաբերյալ ամփոփաթերթիկում նշված էր, թե այդ մասը նոր է ավելացվել, մինչդեռ
ըստ պրն Թորոսյանի՝ նախկին հատվածն ուղղակի բաժանվել է 2 մասի: Իսկ ՍԴ անդամների
մասին հիշատակումը դատավորներից հետո հավելել են, «քանի որ տարակարծություններ առաջացան,
տարբեր մեկնաբանություններ՝ սա պարզաբանման իմաստ ունի: Իսկ երբ ինչ-որ բան փոխվում
է տեքստում ոչ թե նոր բան ավելացնելու, այլ եղածն ավելի պարզ, հստակ ու հասկանալի
դարձնելու համար, համոզված եմ, որ սա խմբագրական փոփոխություն է»: … ԱԺ-ն
երեկ որոշում ընդունեց, որով առաջարկվում է ՀՀ նախագահին Սահմանադրությունում փոփոխություններ
կատարելու մասին նախագիծը դնել հանրաքվեի: Արթուր Բաղդասարյանն ասաց լրագրողներին,
թե հանրաքվեն հետաձգելու քննարկումներ չկան, եւ այն կանցկացվի նոյեմբերի վերջին տասնօրյակում:
Նաեւ ասաց, որ «հանրաքվեի քարոզարշավը կոալիցիայի մենաշնորհը չէ եւ պետք է լայն հասարակական
շարժում նախաձեռնել»: Հայտնի դարձավ նաեւ, որ ԵԽ Նախարարների կոմիտեն պատրաստում
է 100 հազար եվրոյի աջակցության մի ծրագիր հանրաքվեի քարոզչության համար: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ