Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թագավորն

Սեպտեմբեր 28,2005 00:00

Թագավորն ապրած կենա 21-րդ դարի Հայաստանը անսահմանափակ ֆեոդալիզմի երկիր է Մեր օլիգարխների հզորությունն եւ «իրենց» տարածքներում ունեցած անսահման իշխանությունն ապացուցող առասպելական (գուցե նաեւ՝ ճշմարիտ) պատմությունները ամենքս էլ լսել ենք: Վերջիններից մեկը հետեւյալն է. X գյուղի հարսներից մեկին սկեսուրն ու ամուսինը շատ են տանջում, հարսն էլ՝ ոչ դես, ոչ դեն, գնում է «թագավորի» (նույն ինքը՝ օլիգարխի) դուռը, թե՝ մի ճար արա, հասի, փրկի, կյանքս կերան: (Իհարկե, կասեք՝ սուտ է, հավքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող մտնել Նրա տունը, բայց դե՝ ինչ հեքիաթ, որտեղ մի քիչ չափազանցություն չլինի): Մեր «թագավորը» (օլիգարխը) տեղում կանչում է իր նազիր-վեզիրներին (թիկնապահներին), թե՝ տարեք էս հարսին տուն, իսկ սրա մարդուն ու կեսուրին հաթաթա տվեք, թե՝ մին էլ էս հարսը բողոքել ա, ձեզ կտանեմ-կգցեմ զնդանը (կարծում եմ, լսել եք, որ մեր օլիգարխներն իրենց տան ներքնահարկերում սեփական մինի- բանտախցեր ունեն, սեփական դատ ու դատաստան են տեսնում եւ այլն): Էն օրվանից դեսը էս հարսը դառնում է իր տան տերուտիրականը, եւ հերիք է սկեսուրը կամ ամուսինը թփրտան՝ մատը թափ է տալիս՝ տեսեք, հա՜, կգնամ Իրեն կասեմ… Այն, որ տեղական նշանակության մեր իշխանիկները (դրանք կարող են լինել գյուղապետերը, իսկ եթե գյուղն ինքնին հարուստ եւ մեծ չէ, ապա՝ նույն կամ հարեւան գյուղերի մեծահարուստները, շրջանի միլպետները, դատախազները, պատգամավորները, մոտակա քաղաքի քաղաքապետը, էլցանցի պետը եւ այլն) ունեն իրենց յուրովի «տեղական ինքնակառավարումը»՝ գաղտնիք չէ: Նրանք հասցրել են գյուղի լավագույն հողակտորները սեփականաշնորհել, համեմատաբար խեղճ գյուղացիներին բատրակի տեղ բանեցնել, լավագույն դեպքում՝ մի աման ճաշ օրավարձ տալով: Նրանք ունեն խմելու եւ ոռոգման սեփական ջրագծեր, սեփական գազի խողովակներ, նրանցն են կոմբայններն ու տրակտորները, բեռնատարները եւ, իհարկե՝ սափրագլուխ նազիր-վեզիրները, որոնք պատրաստ են կատարելու տիրոջ բոլոր հրամանները՝ սկսած անհնազանդ գյուղացիներին պատժելուց՝ վերջացրած բոլոր կարգի եւ մակարդակի ընտրությունների հարցերը «գեղական կարգով» լուծելով… Մի խոսքով՝ իսկական ֆեոդալական հասարակարգ՝ նոր ձեւավորվող կապիտալիզմի սաղմերով: Ամեն ինչ նորմալ է, եթե չհիշենք, որ ապրում ենք 21-րդ դարում եւ Եվրոպայի Խորհրդի անդամ ենք: Սակայն մենք դեռ պետք է հասնենք, ասենք, 17-18-րդ դարերի Անգլիային, որտեղ թագավորի եւ լորդերի իշխանությունը սահմանափակվում էր ընտրված պառլամենտով: Մեր օլիգարխների եւ «աղաների» իշխանությունը ոչնչով չի սահմանափակվում: Ընդհակառակը՝ գնալով ավելի եւ ավելի անսահմանափակ է դառնում: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել