Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոկա-կոլան»

Սեպտեմբեր 28,2005 00:00

«Կոկա-կոլան» պետք է վճարի 40-50 մլն դրամ տուգանք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի առավել աղմկոտ գործերը Երեկ լրացավ «Կոկա-կոլա Հելլենիք Բոթլինգ Քամփընի Արմենիայի» տուգանքի վճարման՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սահմանած տասնօրյա ժամկետը: Հիշեցնենք, ընկերությունը հանձնաժողովի կողմից տուգանվել էր գերիշխող դիրքի չարաշահման եւ գործընկերներին լրացուցիչ պայմանների պարտադրման համար: Ինչպես ճշտեցինք հանձնաժողովից՝ «Կոկա-կոլա Հելլենիք Բոթլինգ Քամփընի Արմենիան» (այսուհետեւ՝ «Կոկա-կոլա») չի վճարել սահմանված տուգանքը, եւ չվճարման դեպքում հանձնաժողովը պատրաստվում է գումարի բռնագանձման հայց ներկայացնել Տնտեսական դատարան: Որոշակի տեղեկություններ կան այն մասին, որ «Կոկա-կոլան» էլ իր հերթին է պատրաստվում հակընդդեմ հայցով հանդես գալ: Միայն թե այս դեպքում, ըստ կարգի, ընկերությունը պարտավոր է հայցը ներկայացնելիս վիճարկման ենթակա գումարի 2 տոկոսի չափով գումար էլ վճարել պետությանը՝ որպես պետտուրք: Այսինքն, եթե դատարանի կողմից տուգանքը մնա ուժի մեջ՝ «զոհաբերվող» գումարը կկազմի ընկերության նախորդ տարվա շրջանառության 1 տոկոսը՝ որը տարբեր գնահատականներով 40-50 միլիոն դրամ է, գումարած սրա 2 տոկոսը՝ մոտ 900?000 դրամ: Իսկ ընդհանրապես, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքը վերջին շրջանում ավելի է ակտիվացել: Միայն վերջին ամիսներին այստեղ քննարկվեց 4 աղմկոտ գործ: Նախ՝ Դեղ ներկրողների ասոցիացիայի բողոքի հիման վրա քննարկվեց եւ արդյունքում առողջապահության նախարարությունը կարգադրություն ստացավ դեղերի ներկրման ու գրանցման համար սահմանել հստակ կարգ եւ այսուհետեւ բացառել սուբյեկտների միջեւ խտրական վերաբերմունքը: Դրանից հետո պարբերաբար վատորակ կապ մատակարարելու համար «ԱրմենՏելը» տուգանվեց 158 միլիոն դրամով: Համեմատության համար նշենք, որ հանձնաժողովի տարեկան բյուջեն կազմում է 85 միլիոն դրամ: Այնուհետեւ, մարդկանց շփոթեցնելու եւ ուրիշի ապրանքանիշով արտադրանք (օղի) թողարկելու համար երկու խոշոր ընկերություն տուգանվեց մեկական միլիոն դրամով: Դրանցից մեկը՝ «Ֆլիտֆուդը», հայտնի է որպես գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություն, մյուսը՝ «Էրեբունի ալկոն»՝ ըստ մեր տեղեկությունների, Էրեբունու համայնքապետ Մհեր Սեդրակյանինն է: Իսկ շուկաների ուսումնասիրության համար պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար տնտեսվարող սուբյեկտները տուգանվում են «բլոկներով»: Նշանակված տուգանքներն ընդհանուր կազմում են մոտ 220 միլիոն դրամ: Առայսօր տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի խախտման 42 դեպք է հայտնաբերվել, որից հինգը՝ անբարեխիղճ մրցակցության: «ԱրմենՏելի» ու «Կոկա-կոլայի» գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ վերջին գործերով, ինչպես նաեւ՝ այլ առիթներով այս ընկերությունների շահերը ներկայացնում էին հանրապետության լավագույն 4-6 իրավաբաններից երեքը՝ Արտակ Խաչատրյանը, Արտաշես Կակոյանը եւ Արմեն Տեր-Տաճատյանը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել