Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂԱԶԱՎԹՈՒՄ՝

Սեպտեմբեր 28,2005 00:00

ՀՈՂԱԶԱՎԹՈՒՄ՝ ԾԱՌԱՏՈԻՆԿԻ ՆՊԱՏԱԿՈ՞Վ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներից մեկը որոշել է ծառ տնկել իրեն չպատկանող տարածքում Անդրանիկի փողոցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում գտնվող հողամասը տարիներ շարունակ չի մշակվել: Մոտակա շենքի բնակիչներից մեկը՝ Լեւոն Շատիրյանը, տեսնելով, որ տարածքն, իր խոսքերով, «ըստ արժանվույն չեն օգտագործում», արձակուրդների ընթացքում, ընդամենը 15 օրում ցանկապատել է այն, բետոնապատել ու սկսել իր համար ակտիվ շինարարություն իրականացնել: Մինչ այդ, նա քիչ-քիչ առաջ է տվել իր բնակարանի պատշգամբի պատն ու հասել այնտեղ, որ 9 հարկանի բնակելի շենքի առաջին հարկը վերածվել էր լողավազանով մի առանձնատան: Մնում էր ստեղծել փոքրիկ այգի, դա էլ, նրա խոսքերով՝ «ոչ թե 15 օրվա, այլ՝ 15 րոպեի բան էր»: Այգու տարածքը կառավարության եւ Երեւանի քաղաքապետի 4-Ա որոշմամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է թիվ 309 մանկապարտեզին, որը հիմա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի մասնաշենքն է: Այն դարձել է կարուձեւի, գորգագործության, վարսահարդարության, խոհարարության եւ այլ մասնագիտությունների գծով արհեստագործական դպրոց: Երբ ամառային արձակուրդներից հետո կրթահամալիրի տնօրինությունը տեսել է, որ իրենց տարածքները զավթել են, դիմել է թաղապետարան, քաղաքաշինական պետական տեսչություն, սակայն՝ ապարդյուն: Տեսչության աշխատակիցները ահազանգերին ի պատասխան եկել են, ուսումնասիրել տեղանքն ու թողել-հեռացել՝ առանց որեւէ քայլ ձեռնարկելու: Կրթահամալիրի խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանը «Առավոտին» հավաստիացրեց, որ եթե քաղաքապետ Երվանդ Զախարյանին ու քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանին ուղղված իրենց նամակներն էլ անպատասխան մնան՝ պատրաստ են դիմելու դատարան. «Մենք պահանջում ենք ոչ միայն ազատել տալ մեր տարածքն ապօրինի շինարարության բոլոր հետքերից, այլեւ վերականգնել հասցված վնասն ու դպրոցի անվտանգությունը»: Բայց մինչ գործը կհասներ «դիվանբաշուն», պարոն Բլեյանը փորձել է համաձայնության գալ «զավթիչների» հետ՝ «լավով» համոզելով վերջիններիս քանդել բետոններն ու դադարեցնել շինարարությունը: Բանակցությունների ընթացքում բնակիչը, տեսնելով, որ կրթահամալիրի տնօրինությունը վճռական է տրամադրված, առաջարկել է որոշակի գումար՝ լռության դիմաց, սակայն «կրթահամալիրը անօրենների հետ գործարքի մեջ չի մտել»: Սա Ա. Բլեյանի ներկայացրած տարբերակն էր: Ըստ Լեւոն Շատիրյանի, «աղուհացը բերեք՝ երդվենք, որ Բլեյանն ինքն է առաջարկել այդ գործարքը՝ պնդելով, թե նաղդով 2500 դոլար տվեք՝ շառս քաշեմ, մենք չենք տվել՝ դրա համար էլ բորբոքվել է»: Փաստն այն է, որ զբաղեցրած տարածքի համար Շատիրյանը ոչ մի թույլտվություն չունի, համենայնդեպս «Առավոտին» նա ցույց չտվեց՝ ասելով, թե «փաստաթուղթն ինչի՞ս է պետք, ես հո իրա տարածքը չեմ վերցնում, ուղղակի բնակիչների համար բարեկարգում եմ»: Լ. Շատիրյանի հիմնական փաստարկը հետեւյալն էր. «Քանի որ Բլեյանն ի վիճակի չէր տարածքը բարեկարգելու, այն վերածել էր զիբիլանոցի, մենք մեր սեփական ուժերով իրան լավություն ենք անում: Ես ծառ չեմ կտրում, ծառ եմ տնկում՝ դրա համա՞ր էլ պետք ա թույլտվություն վերցնեմ»: Հարցին, թե այդ ծառերի բարիքներից ո՞վ է օգտվելու՝ ձե՞ր, թե՞ Բլեյանի ընտանիքը, նա պատասխանեց՝ «մենք առանց բարիքի ծառեր ենք տնկելու»: Ինչ վերաբերում է շինարարությանը, ըստ Շատիրյանի, «պարզապես բետոնապատել ենք, որ ցանկապատենք՝ համ հողը դուրս չգնա, համ էլ շները չփչացնեն»: Բացի այդ, տարածքը զբաղեցրած բնակչի կարծիքով, եթե նույնիսկ կադաստրը այդ տարածքը տրամադրել է կրթահամալիրին, հաստատ սխալմունք է թույլ տվել, որովհետեւ այն օրենքով պետք է պատկաներ իրենց շենքին. «Ես Մոսկվայում եմ ապրում, էնտեղ բնակչի ասածն օրենք ա ցանկացած ղեկավարի ու հիմնարկի համար»: Ինչ վերաբերում է կրթահամալիրի տարածքին, Շատիրյանը հարցին դարձյալ «ռուսական ձեւով» էր մոտենում՝ «Բլեյանն էդքան տարածքն ի՞նչ ա անում, Մեխակի ռեստորանը վերցրել ա, մի քանի հատ մանկապարտեզ վերցրել ա, կարա՝ թող դրանց տիրություն անի, տարածքում տնկած միակ ծառը կոմունիստական ա, եթե մենք հնարավորություն ունենք, խի՞ չանենք, վաղը մյուս օր մեր երեխեքն են էդ օդը շնչելու»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել