Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ

Սեպտեմբեր 28,2005 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ Հարգարժան Սեն Արեւշատյան. Որպես Մատենադարանի տնօրեն եւ վաստակաշատ գիտնական, Դուք, անշուշտ, քաջատեղյակ եք Հայոց պատմությանն ու Մատենադարանում տարիներով ժողովված մեր մատենագիտական նմուշների, հատիկ-հատիկ հավաքված ու դժվարությամբ մեզ հասած անգին ձեռագրերի նշանակությանը: Մեր նախնիները կյանքի գնով հազարավոր արժեքավոր ձեռագրեր են փրկել թուրքական յաթաղանից, հրդեհներից, աղետներից ու թալանից՝ մահվան սպառնալիքի տակ հասցնելով մեզ: Սակայն զարմանալիորեն թեթեւությամբ ու առանձնահատուկ ուրախությամբ հեռուստատեսությամբ հաղորդում են, թե Սեն Արեւշատյանը Շարժայի էմիր դոկտոր Մոհամմադ ալ Կասիմիին է նվիրել 13-րդ դարի «Բժշկարան յիոց» գրաբար աշխատությունը: Սա ուղղակի վրդովեցուցիչ է: Մինչեւ ե՞րբ ենք մեր անգին գանձերը, մեր պատմության վկայականները, այդպիսի թանկ գնով մեզ հասցրած մեր սերունդների ժառանգությունը նվիրաբերելու ուրիշներին: Այդ ի՞նչն է, որ ավելի թանկ արժե, քան համաշխարհային հանրության առջեւ մեր սերունդների հպարտ ու արժանապատիվ ներկայանալու հնարավորությունը: Շեյխի չորս ձիե՞րը: Ո՞վ է թույլ տվել: Եթե նման մտածելակերպով շարժվեին մեր նախնիները, ի՞նչ ժառանգություն կհասներ մեզ: Ո՞ւմ որոշումով է կատարվել այդ անխոհեմ քայլը: Այսօրվա իշխանությունների՞, ովքեր մսխում ու վատնում են մեր ազգային եւ հոգեւոր արժեքները, մեր վաղվա օրը: Իսկ գուցե դա Ձեր անձնակա՞ն որոշումն է: Ես պատասխան եմ պահանջում: Թե՛ ես, թե՛ Դուք, թե՛ այս իշխանությունները գնացող ենք, մնացողը մեր պատմությունն է: Եվ Մատենադարանը հարստացնելու փոխարեն աղքատացնելը խիստ դատապարտելի է՝ թե՛ այսօր, թե՛ վաղը: Համոզված եմ՝ հայ մտավորականությունը նույնպես վրդովված է: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱԱԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել