Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԿԻՆ

Սեպտեմբեր 28,2005 00:00

ՏԻԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀ ԷՐ Այցով Երեւանում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի եւ Ռոբերտ Քոչարյանի մատուցած երեկվա համատեղ ասուլիսից փորձենք առանձնացնել, ըստ մեզ, կարեւորագույն արձանագրումները: Այսպես. պատասխանելով ֆինն լրագրողի՝ ԼՂ խնդրին վերաբերող հարցին, Քոչարյանը նշեց «հակամարտության կարգավորման որոշակի հույսերի» մասին: «Բանակցային գործընթացը ներկայումս ակտիվ է ընթանում»,- ասաց Քոչարյանը՝ միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ խաղաղ կարգավորման բանակցությունները, փոփոխական ինտենսիվությամբ, ընթացել են 1994 թվականից սկսած եւ գործնականում չեն դադարել: «Այդ ընթացքում պատահել է, որ մենք շատ մոտ ենք եղել խնդրի լուծմանը»,- բացահայտեց Ռ. Քոչարյանը: Վերջինս նշեց նաեւ, թե Երեւանը կարեւոր նշանակություն է տալիս միջազգային կազմակերպությունների ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը: Իսկ այդ ջանքերն էլ ավելի կարեւոր կդառնան խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո, երբ այդ կազմակերպությունները կստանձնեն ձեռք բերված պայմանավորվածությունների կենսակոչման երաշխավորների դերը: Այս առումով ուշագրավ էր Ֆինլանդիայի նախագահ Հալոնենի այն միտքը, թե կողմերի՝ համաձայնության հանգելու դեպքում հնարավոր է նաեւ տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում: Ֆինն լրագրողի մեկ այլ՝ ՀՀ-ում ռուսական ռազմակայանների նպատակահարմարությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե Հայաստանը շահագրգռված է իր տարածքում ռուսական ռազմակայանների ներկայությամբ, քանի որ գտնվում է բավականին բարդ տարածաշրջանում, որտեղ պետությունների միջեւ հարաբերությունները դեռեւս գտնվում են կարգավորման փուլում: «Մամուլում երբեմն հայտնվում են հոդվածներ, որոնց էությունը հանգում է այն բանին, որ ռուսական ռազմակայանների առկայությունը պարտադրված է Հայաստանին: Ես կարող եմ միանշանակ ասել, որ դա այդպես չէ»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ ռուսական ռազմակայանը Հայաստանում է փոխպայմանավորվածության հիման վրա, ինչն ամրագրված է համապատասխան պայմանագրում: Բացի այդ, ռուսական զինկոնտինգենտի ներկայությունը, ըստ Քոչարյանի, ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի բաղադրիչներից է: Այդուհանդերձ, նա որոշակիորեն մխիթարեց հյուրերին՝ հավաստիացնելով, որ խնդրո առարկա ռազմակայանի հետագա ընդլայնում չի նախատեսվում: Ֆինն նախագահուհին իր գնահատականների մեջ առանձնապես օրիգինալ չէր: Նա մի քանի հերթապահ գովեստ հնչեցրեց եվրաինտեգրացիայի ուղղությամբ ՀՀ առաջընթացի մասին՝ չմոռանալով, իհարկե, խոսել ժողովրդավարության եւ օրենքի գերակայության կարեւորության մասին: Ապա նա գովեց հայկական ուտելիքներն ու, բնականաբար՝ կոնյակը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել