Ոչ խմբագրական փոփոխություններ Մինչեւ վերջին պահն էլ ԱԺ-ն Սահմանադրության փոփոխությունների ընդունման գործընթացն իրականացրեց խախտումներով: Խորհրդարանը երեկ 3-րդ ընթերցմամբ քննարկեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Թեեւ 3-րդ ընթերցման ժամանակ իրականացվում են բացառապես խմբագրական բնույթի փոփոխություններ, այնուամենայնիվ՝ կատարված շուրջ 100 փոփոխությունից շատերը բավական էական բնույթի են: Ասենք, 2-րդ ընթերցումից հետո մի հոդված է ավելացվել. «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել համաձայնագրով»: Վերջնական տեքստում հետեւյալ տարբերակն է, թե այդ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Հանել են հոդված 14-ից հետեւյալ արտահայտությունը. «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»: Ավելացվել է մի նոր մաս 16 հոդվածում, ըստ որի՝ օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում նաեւ այս դեպքում՝ «օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով»: Հոդված 28-ում ավելացվել է, թե կուսակցություններ ու արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով կարող են սահմանափակվել նաեւ Սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ: Վերջիններիս մասին հիշատակում է ավելացվել նաեւ 29 հոդվածում եւ ըստ այդմ, օրենքով կարող է սահմանափակվել ՍԴ անդամների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը: Ամենաուշագրավ փոփոխություններից մեկը հետեւյալն է. 2-րդ ընթերցմամբ ընդունված նախագծի 31 հոդվածում նշված էր. «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հողի նկատմամբ սեփականության ձեռք բերման իրավունքը կարող է սահմանվել օրենքով»: Այս դրույթը բավական քննադատվեց եւ համարվում էր վտանգավոր: Եվ ամբողջապես ընդունվելուց առաջ այն հանել են եւ թողել գործող Սահմանադրության ձեւակերպումը, ըստ որի՝ «Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Քննադատվել էր նաեւ 56.1 հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ «իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար ՀՀ նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո, բացառությամբ 57 հոդվածում սահմանված դեպքերի»: Հանվել է այս հղումը 57 հոդվածին, ըստ որի՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: Փոփոխության է ենթարկվել նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրության սկզբունքը. առաջարկվում է ամրագրել, որ «օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն»: 2-րդ ընթերցմամբ ընդունված նախագծում նշված էր միայն անուղղակի ընտրության սահմանման հնարավորությունը: Համաձայնեք, որ սրանք բնավ զուտ խմբագրական փոփոխություններ չեն: Ուստի կարելի է ասել, որ ԱԺ կանոնակարգը եւս մեկ անգամ ոտնահարվեց Սահմանադրության փոփոխությունների գործընթացում: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Նաեւ բավական զավեշտ սխալներ են ուղղվել 3-րդ ընթերցման ժամանակ: 2-րդ ընթերցմամբ ընդունվել էր 16 հոդվածը, որի մի դրույթը նախատեսում էր, թե յուրաքանչյուր ոք ունի «ապօրինի ազատությունից» զրկման դեպքում վնասի հատուցման իրավունք: Հիմա արդեն ուղղվել է, թե խոսքն ազատությունից ապօրինի զրկման մասին է: Կամ 35 հոդվածով սահմանվում էր, թե «յուրաքանչյուր ոք հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի» վճարովի արձակուրդի իրավունք: Հիմա որոշակիացվել է, որ այդ «յուրաքանչյուր ոք»-ը տղամարդիկ չեն, այլ աշխատող կանայք: