Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ

Սեպտեմբեր 28,2005 00:00

ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՉՕԳՆԵԼ Աշտարակում իշխանամետ եւ ընդդիմադիր կուսակցությունները միասնական են Հոկտեմբերի 23-ին Աշտարակ քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Ու թեեւ քաղաքապետի պաշտոնում թեկնածուների առաջադրումները դեռ ընթացքի մեջ են, այդուհանդերձ, արդեն այսօր հստակ է, որ իրենց թեկնածությունը հաստատ առաջադրելու են Աշտարակի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Աշոտ Ղալաչյանն ու անկուսակցական Գագիկ Թամազյանը: Վերջինս, ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի մոտ ազգականն է: Ու թեեւ թեկնածուների քարոզարշավի համար դեռ բավական ժամանակ կա եւ Աշտարակում որեւէ տեղ չես տեսնի որեւէ թեկնածուի «նախընտրական շտաբ» ազդարարող պաստառներ, այդուհանդերձ, գոնե քաղաքապետն իր քարոզարշավն արդեն վաղուց է սկսել՝ ասֆալտապատման, սոցիալական օգնությունների, հողհատկացումների տեսքով: Դա չէր վրիպել նաեւ Աշտարակի ավագանու աչքից, որը սեպտեմբերի առաջին տասնօրյակում նիստ էր գումարել եւ քաղաքապետ Ա. Ղալաչյանին առաջարկել՝ որոշում ընդունել, որ սեպտեմբերի 10-ից սկսած մինչեւ ընտրությունների ավարտը քաղաքապետը դադարեցնելու է եւ հողհատկացումներ անելը, եւ սոցիալական օգնություններ տրամադրելը, որոնք կարող են դիտվել որպես ընտրակաշառք: Ա. Ղալաչյանը դրան մի կերպ համաձայնել էր, բայց հրաժարվել էր կասեցնել մինչ այդ նիստը ստացված հողհատկացման դիմումներին ընթացք տալը՝ հայտարարելով, որ դա ինքը երբեք չի անի, իսկ եթե ավագանին շատ է ուզում կասեցնել նաեւ դրանք՝ ստիպված է լինելու դիմել դատարան: Աշտարակի քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների ասելով, սակայն, այսօր էլ քաղաքապետը շարունակում է հողհատկացումներ եւ սոցիալական օգնություններ տալ, բայց հետին թվով դրանք ձեւակերպելուց հետո: Ա. Ղալաչյանը հիշյալ նիստի օրը խոստացել էր նաեւ ավագանու հետ քննարկել բարձրացված հարցերը արդեն հոկտեմբերի 24-ին, երբ ինքն ու ավագանու անդամների մեծ մասը վերընտրված կլինեն: Իհարկե, Աշտարակում շատ քչերն են համոզված, որ Ա. Ղալաչյանը կարող է վերընտրվել, որովհետեւ նրա վեցամյա գործունեությունից գոհ չեն ոչ միայն շարքային աշտարակցիները, այլեւ նրա հարազատ կուսակցության տեղական կառույցները: Հատկապես վերջին տարիների համար բացառիկ մի երեւույթ է գրանցվել Աշտարակում. եւ ընդդիմադիր, եւ իշխանամետ կուսակցությունների տեղական կառույցները որոշել են միասնաբար պաշտպանել միեւնույն թեկնածուին՝ Գ. Թամազյանին: Վերջինիս, ըստ մեր տեղեկությունների, սատարելու է նաեւ «Նիգ-Ապարանը», ինչով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փորձելու է ապացուցել, որ թեեւ իր ու այս թեկնածուի ազգական Արամ Թամազյանի միջեւ հարաբերությունները փայլուն չեն, բայց դա չի խանգարում իրեն «ճիշտ» որոշում կայացնել, եւ որ ինքն ամենեւին էլ քինախնդիր չէ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա վերջինս, մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակում շատ չի «դիմադրելու», որովհետեւ Գ. Թամազյանն էլ, ըստ էության, հակահանրապետական չէ եւ ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել ՀՀ կառավարության ու վարչապետի հետ: Անցյալ շաբաթ, երբ մենք Աշտարակում էինք, առաջինը, ինչ աչքի էր զարնում, աղբի մեջ կորած ու խիստ անբարեկարգ բակերն ու փողոցներն էին: Հետաքրքիր է, որ քաղաքապետի հենց քթի տակ՝ նրա տան ուղիղ դիմացի փողոցում եւս օրերով աղբ է կուտակվում, բայց հավաքող չկա: Մենք հանդիպեցինք նաեւ Աշտարակի առաջիկա ընտրությունները սպասարկող թիվ 14 ԸԸՀ քարտուղար Արտավազդ Սարգսյանին: Վերջինս ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե Աշտարակում քաղաքապետի հավանական թեկնածուներից մեկը՝ գործող քաղաքապետը, վաղուց արդեն ակնհայտ քարոզարշավ է վարում՝ ասաց. «Քարոզարշավ, որպես այդպիսին, չէի ասի, որ կա: Մենք նման փաստեր չունենք: Այլ խնդիր է, որ ձեր մատնանշած, ասենք, ասֆալտապատման աշխատանքները ժամանակին պետք է արվեին: Բայց բոլոր տեղերում էլ նման աշխատանքներ ընթանում են քաղաքապետի գործունեության շրջանակներում, որին մենք չենք կարող արձագանքել եւ գնահատել իբրեւ նախընտրական քարոզչության ձեւ: Այո, արտաքուստ թվում է, որ դա կապված է առաջիկա ընտրությունների հետ: Ո՞վ չգիտի, որ եթե վեց տարվա փոսերն այսօր են վերացվում, դա ինչ-որ դիվիդենտների համար է արվում, բայց մենք չենք կարող ասել, որ դա հատկապես այդ նպատակն ունի: Մյուս կողմից, այդ աշխատանքները հակառակ էֆեկտն են ունենում: Մարդիկ իրենց հարց են տալիս՝ եթե դա հնարավոր էր անել, ինչո՞ւ անցյալ տարիներին չի արվել, եւ ընտրություններից մեկ ամիս առաջ են հիշել, որ պետք է ասֆալտ անել»: Անդրադառնալով թիվ 14 ԸԸՀ նախագահին դեռ սեպտեմբերի 15-ին ուղղված երկու գրություններին, որոնցում եւ Արագածոտնի հասարակական կազմակերպությունների ֆորումը, եւ քաղաքապետը մտահոգություն էին հայտնել ընտրացուցակներում տեղ գտած մեծ անճշտությունների վերաբերյալ, ապա Ա. Սարգսյանի ասելով՝ ԸԸՀ-ն արդեն դիմել է լիազոր մարմնին՝ ոստիկանության Աշտարակի բաժնին, եւ խնդրել՝ կարգի բերել ընտրացուցակները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել