Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուբինկով կբռնաբարենք ձեզ»

Սեպտեմբեր 28,2005 00:00

Սպառնում էին զինդատախազության քննիչները՝
ստիպելով կասկածյալներին գետնից լիզել սեփական արյունը: Սա՝
ըստ Ջուլիետա Սարգսյանի, որը ԼՂՀ Մատաղիսի զորամասում կատարված երկու զինվորների՝
Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության գործով երեք ամբաստանյալներից
մեկի՝ Ռազմիկ Սարգսյանի մայրն է: Երեկ զինդատախազության շենքի առջեւ բողոք-պահանջի
ցուցապաստառներով ցույցի էին դուրս եկել ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի
եւ արդեն 46 օր հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանի հարազատները եւ Ամբաստանյալների
իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի անդամները: Նրանք պահանջում էին
Ջհանգիրյանի հրաժարականը, նաեւ բավարարել երեք մեղադրյալների պահանջները, չմոռանալով
ցուցանակների վրա նշել՝ «Դատարանը զինդատախազության բոստանը չէ», եւ որ «Ջհանգիրյանը
բանակի քիլլերն է»: Հավաքվածների պնդմամբ՝ մեղադրյալները շարունակում են կալանքի
տակ գտնվել առանց հիմքի: Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանի առողջական վիճակի վատթարացման
պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ
դատարանում ընթացող դատաքննությունը: Ամբաստանյալները նաեւ հրաժարվում են
մասնակցել դատաքննությանը այն պատճառաբանությամբ, որ մեղադրանքը պաշտպանում է ՀՀ
զինդատախազությունը: Ամբաստանյալների պաշտպանների հավաստմամբ՝ դատարանը անտեսել է
նախաքննության մարմնի կողմից (զինդատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչներ
Ա. Հակոբյանի, Ս. Տոնոյանի եւ ՀՀ ՌՈ աշխատակից Վ. Խաչատրյանի) մեղադրյալների նկատմամբ
կիրառված խոշտանգումների, ծեծի, ֆիզիկական եւ այլ հոգեբանական ճնշումների, ինչպես
նաեւ գործով վկաների եւ տուժողների նկատմամբ ահաբեկումների վերաբերյալ վկայությունները:
Ըստ Ջ. Սարգսյանի, նախաքննության մարմնի աշխատակիցներն ամբաստանյալներին ասել են.
«Եթե ձեր վրա չվերցնեք՝ դուբինկով կբռնաբարենք ձեզ: Այնքան են խփել պոչկեքին, որ
երեխեն արյուն է միզել: Տղայիս ծեծելուց հետո, երբ հավաքարարը եկել է արյունը մաքրելու,
քննիչն ասել է՝ չմաքրես, ինքը լեզվով պիտի մաքրի իր արյունը»: Պատմում է ամբաստանյալի
մայրը եւ զարմացած ասում, որ նման բան կարելի էր թուրքից սպասել: «Սամվել Տոնոյանը
սպառնացել է իմ որդուն՝ մի սխալ բան անես, իմացիր՝ հաջորդ դիակը դու ես լինելու ջրում»,-
ավելացնում է Ջ. Սարգսյանը: Ի դեպ, քրեական գործում առկա է ԼՂՀ պաշտպանության
նախարար Սեյրան Օհանյանի գրությունը՝ ուղղված ՀՀ զինդատախազ Գ. Ջհանգիրյանին, գումարտակի
հրամանատար Իվան Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու մասին, քանի որ վերջինս
«ազգային հերոս է եւ զղջում է»: Թե ինչում է զղջացել Իվան Գրիգորյանը, այդպես էլ
չեն կարողացել պարզել ամբաստանյալների պաշտպանները թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության
ընթացքում: Մոտ կես ժամ ցուցարարների գործողությունները ունկնդրելուց հետո
զինդատախազությունից մեկը տեղեկացրեց, որ Ջհանգիրյանը Հունգարիայում է՝ կապված Ռամիլ
Սաֆարովի դատավարության հետ: Երբ արդեն ցուցարարները լքում էին տարածքը՝ ներքեւ իջավ
զինդատախազության եւս մեկ աշխատակից եւ թեքվելով դեպի Ռ. Սարգսյանի տատիկը, ասաց.
«Լսի ինչ եմ ասում՝ մաքրվի ստուց»: Իսկ լրագրողների՝ ներկայանալու պահանջին նա կոպտորեն
հայհոյեց եւ հեռացավ 01-541 պետհամարանիշի «Նիվա» ավտոմեքենայով: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել