Տնտեսական մրցակցության
պաշտպանության հանձնաժողովի առավել աղմկոտ գործերը Երեկ լրացավ
«Կոկա-կոլա Հելլենիք Բոթլինգ Քամփընի Արմենիայի» տուգանքի վճարման՝ Տնտեսական մրցակցության
պաշտպանության հանձնաժողովի սահմանած տասնօրյա ժամկետը: Հիշեցնենք, ընկերությունը
հանձնաժողովի կողմից տուգանվել էր գերիշխող դիրքի չարաշահման եւ գործընկերներին լրացուցիչ
պայմանների պարտադրման համար: Ինչպես ճշտեցինք հանձնաժողովից՝ «Կոկա-կոլա Հելլենիք
Բոթլինգ Քամփընի Արմենիան» (այսուհետեւ՝ «Կոկա-կոլա») չի վճարել սահմանված տուգանքը,
եւ չվճարման դեպքում հանձնաժողովը պատրաստվում է գումարի բռնագանձման հայց ներկայացնել
Տնտեսական դատարան: Որոշակի տեղեկություններ կան այն մասին, որ «Կոկա-կոլան» էլ իր
հերթին է պատրաստվում հակընդդեմ հայցով հանդես գալ: Միայն թե այս դեպքում, ըստ կարգի,
ընկերությունը պարտավոր է հայցը ներկայացնելիս վիճարկման ենթակա գումարի 2 տոկոսի
չափով գումար էլ վճարել պետությանը՝ որպես պետտուրք: Այսինքն, եթե դատարանի կողմից
տուգանքը մնա ուժի մեջ՝ «զոհաբերվող» գումարը կկազմի ընկերության նախորդ տարվա շրջանառության
1 տոկոսը՝ որը տարբեր գնահատականներով 40-50 միլիոն դրամ է, գումարած սրա 2 տոկոսը՝
մոտ 900 000 դրամ: Իսկ ընդհանրապես, Տնտեսական մրցակցության պաշտպանության
հանձնաժողովի աշխատանքը վերջին շրջանում ավելի է ակտիվացել: Միայն վերջին ամիսներին
այստեղ քննարկվեց 4 աղմկոտ գործ: Նախ՝ Դեղ ներկրողների ասոցիացիայի բողոքի հիման
վրա քննարկվեց եւ արդյունքում առողջապահության նախարարությունը կարգադրություն ստացավ
դեղերի ներկրման ու գրանցման համար սահմանել հստակ կարգ եւ այսուհետեւ բացառել սուբյեկտների
միջեւ խտրական վերաբերմունքը: Դրանից հետո պարբերաբար վատորակ կապ մատակարարելու
համար «ԱրմենՏելը» տուգանվեց 158 միլիոն դրամով: Համեմատության համար նշենք, որ հանձնաժողովի
տարեկան բյուջեն կազմում է 85 միլիոն դրամ: Այնուհետեւ, մարդկանց շփոթեցնելու եւ
ուրիշի ապրանքանիշով արտադրանք (օղի) թողարկելու համար երկու խոշոր ընկերություն
տուգանվեց մեկական միլիոն դրամով: Դրանցից մեկը՝ «Ֆլիտֆուդը», հայտնի է որպես գործարար
Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություն, մյուսը՝ «Էրեբունի ալկոն»՝ ըստ մեր տեղեկությունների,
Էրեբունու համայնքապետ Մհեր Սեդրակյանինն է: Իսկ շուկաների ուսումնասիրության համար
պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար տնտեսվարող սուբյեկտները տուգանվում
են «բլոկներով»: Նշանակված տուգանքներն ընդհանուր կազմում են մոտ 220 միլիոն
դրամ: Առայսօր տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի խախտման 42 դեպք է հայտնաբերվել,
որից հինգը՝ անբարեխիղճ մրցակցության: «ԱրմենՏելի» ու «Կոկա-կոլայի» գերիշխող
դիրքի չարաշահման վերաբերյալ վերջին գործերով, ինչպես նաեւ՝ այլ առիթներով այս ընկերությունների
շահերը ներկայացնում էին հանրապետության լավագույն 4-6 իրավաբաններից երեքը՝ Արտակ
Խաչատրյանը, Արտաշես Կակոյանը եւ Արմեն Տեր-Տաճատյանը: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ