Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ

Սեպտեմբեր 28,2005 00:00

Հարգարժան Սեն Արեւշատյան. Որպես
Մատենադարանի տնօրեն եւ վաստակաշատ գիտնական, Դուք, անշուշտ, քաջատեղյակ եք Հայոց
պատմությանն ու Մատենադարանում տարիներով ժողովված մեր մատենագիտական նմուշների,
հատիկ-հատիկ հավաքված ու դժվարությամբ մեզ հասած անգին ձեռագրերի նշանակությանը:
Մեր նախնիները կյանքի գնով հազարավոր արժեքավոր ձեռագրեր են փրկել թուրքական յաթաղանից,
հրդեհներից, աղետներից ու թալանից՝ մահվան սպառնալիքի տակ հասցնելով մեզ: Սակայն
զարմանալիորեն թեթեւությամբ ու առանձնահատուկ ուրախությամբ հեռուստատեսությամբ հաղորդում
են, թե Սեն Արեւշատյանը Շարժայի էմիր դոկտոր Մոհամմադ ալ Կասիմիին է նվիրել 13-րդ
դարի «Բժշկարան յիոց» գրաբար աշխատությունը: Սա ուղղակի վրդովեցուցիչ է: Մինչեւ ե՞րբ
ենք մեր անգին գանձերը, մեր պատմության վկայականները, այդպիսի թանկ գնով մեզ հասցրած
մեր սերունդների ժառանգությունը նվիրաբերելու ուրիշներին: Այդ ի՞նչն է, որ ավելի
թանկ արժե, քան համաշխարհային հանրության առջեւ մեր սերունդների հպարտ ու արժանապատիվ
ներկայանալու հնարավորությունը: Շեյխի չորս ձիե՞րը: Ո՞վ է թույլ տվել: Եթե նման մտածելակերպով
շարժվեին մեր նախնիները, ի՞նչ ժառանգություն կհասներ մեզ: Ո՞ւմ որոշումով է կատարվել
այդ անխոհեմ քայլը: Այսօրվա իշխանությունների՞, ովքեր մսխում ու վատնում են մեր ազգային
եւ հոգեւոր արժեքները, մեր վաղվա օրը: Իսկ գուցե դա Ձեր անձնակա՞ն որոշումն է: Ես
պատասխան եմ պահանջում: Թե՛ ես, թե՛ Դուք, թե՛ այս իշխանությունները գնացող ենք,
մնացողը մեր պատմությունն է: Եվ Մատենադարանը հարստացնելու փոխարեն աղքատացնելը խիստ
դատապարտելի է՝ թե՛ այսօր, թե՛ վաղը: Համոզված եմ՝ հայ մտավորականությունը նույնպես
վրդովված է: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱԱԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել