ՏԻԿԻՆ
ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀ ԷՐ Այցով Երեւանում գտնվող Ֆինլանդիայի նախագահ
Տարյա Հալոնենի եւ Ռոբերտ Քոչարյանի մատուցած երեկվա համատեղ ասուլիսից փորձենք առանձնացնել,
ըստ մեզ, կարեւորագույն արձանագրումները: Այսպես. պատասխանելով ֆինն լրագրողի՝ ԼՂ
խնդրին վերաբերող հարցին, Քոչարյանը նշեց «հակամարտության կարգավորման որոշակի հույսերի»
մասին: «Բանակցային գործընթացը ներկայումս ակտիվ է ընթանում»,- ասաց Քոչարյանը՝ միեւնույն
ժամանակ հիշեցնելով, որ խաղաղ կարգավորման բանակցությունները, փոփոխական ինտենսիվությամբ,
ընթացել են 1994 թվականից սկսած եւ գործնականում չեն դադարել: «Այդ ընթացքում պատահել
է, որ մենք շատ մոտ ենք եղել խնդրի լուծմանը»,- բացահայտեց Ռ. Քոչարյանը: Վերջինս
նշեց նաեւ, թե Երեւանը կարեւոր նշանակություն է տալիս միջազգային կազմակերպությունների
ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը: Իսկ այդ ջանքերն էլ ավելի կարեւոր
կդառնան խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո, երբ այդ կազմակերպությունները կստանձնեն
ձեռք բերված պայմանավորվածությունների կենսակոչման երաշխավորների դերը: Այս առումով
ուշագրավ էր Ֆինլանդիայի նախագահ Հալոնենի այն միտքը, թե կողմերի՝ համաձայնության
հանգելու դեպքում հնարավոր է նաեւ տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում:
Ֆինն լրագրողի մեկ այլ՝ ՀՀ-ում ռուսական ռազմակայանների նպատակահարմարությանը
վերաբերող հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե Հայաստանը շահագրգռված է
իր տարածքում ռուսական ռազմակայանների ներկայությամբ, քանի որ գտնվում է բավականին
բարդ տարածաշրջանում, որտեղ պետությունների միջեւ հարաբերությունները դեռեւս գտնվում
են կարգավորման փուլում: «Մամուլում երբեմն հայտնվում են հոդվածներ, որոնց էությունը
հանգում է այն բանին, որ ռուսական ռազմակայանների առկայությունը պարտադրված է Հայաստանին:
Ես կարող եմ միանշանակ ասել, որ դա այդպես չէ»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ ռուսական
ռազմակայանը Հայաստանում է փոխպայմանավորվածության հիման վրա, ինչն ամրագրված է համապատասխան
պայմանագրում: Բացի այդ, ռուսական զինկոնտինգենտի ներկայությունը, ըստ Քոչարյանի,
ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի բաղադրիչներից է: Այդուհանդերձ, նա որոշակիորեն
մխիթարեց հյուրերին՝ հավաստիացնելով, որ խնդրո առարկա ռազմակայանի հետագա ընդլայնում
չի նախատեսվում: Ֆինն նախագահուհին իր գնահատականների մեջ առանձնապես օրիգինալ չէր:
Նա մի քանի հերթապահ գովեստ հնչեցրեց եվրաինտեգրացիայի ուղղությամբ ՀՀ առաջընթացի
մասին՝ չմոռանալով, իհարկե, խոսել ժողովրդավարության եւ օրենքի գերակայության կարեւորության
մասին: Ապա նա գովեց հայկական ուտելիքներն ու, բնականաբար՝ կոնյակը: Տ.
Ա.