Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԵՂԾԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ

Սեպտեմբեր 28,2005 00:00

Այսպես գնահատեց «Հանրաքվեի մասին»
օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը «Արդարություն» խմբակցության
քարտուղար Վիկտոր Դալլաքյանը եւ հիմնավորեց իր գնահատականը: Ծանուցումը
վերացվում է Վիկտոր Դալլաքյանը, որ Վարդան Բոստանջյանի հետ միասին «Հանրաքվեի
մասին» օրենքի հեղինակն է, նշեց, թե կոալիցիան այժմ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել
օրենքի հետեւյալ դրույթը. «Տեղամասային հանձնաժողովը անհատական ծանուցման թերթիկների
միջոցով տեղեկացնում է տվյալ տեղամասի տարածքում հաշվառված՝ հանրաքվեին մասնակցելու
իրավունք ունեցող քաղաքացիներին հանձնաժողովի գտնվելու վայրի, հանրաքվեի կազմակերպման
հետ կապված միջոցառումների անցկացման տեղի եւ ժամանակի մասին»: ՀՅԴ խմբակցության
քարտուղար Հրայր Կարապետյանը, որ ներկայացնում էր այս օրինագիծը, նշեց, թե անհատական
ծանուցման թերթիկներն ընտրողների վրա ազդեցություն գործելու միջոց են, եւ դրա հետ
միասին նաեւ քարոզչություն են անում: Իսկ «Արդարության» քարտուղարը նկատեց, որ ծանուցագրերը
վերացնելու իրական նպատակն այլ է. «Եթե իքս մարդու փոխարեն լցնեն քվեատուփերը՝ հետո
ծանուցագրերը կարող էինք հավաքել եւ ապացուցել, որ այսքան մարդ չի գնացել հանրաքվեի»:
Ով կարող է քարոզել «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ քարոզչություն
չեն կարող կատարել «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ
դրանց աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Այժմ կոալիցիան
առաջարկում է այս դրույթը լրացնել հետեւյալ արտահայտությամբ՝ «բացառությամբ քաղաքական
եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների»: Արշակ Սադոյանը պատկերացրեց, թե ինչ կհետեւի
այս փոփոխությանը՝ որեւէ նախարար կամ ասենք նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը
կարող է հավաքել համայնքապետերին ու հրահանգել՝ «Այ, եթե դուք… եւ այլն, եւ այլն»:
Այս ձեւակերպումը բավական աշխուժացրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ու նա խնդրեց՝
«Պարզաբանեք՝ ի՞նչ է նշանակում. «Այ, եթե դուք… եւ այլն, եւ այլն»: Իսկ ՀՀԿ խմբակցության
ղեկավար Գալուստ Սահակյանը հարցրեց՝ «Կարծես 6-ից հետո չե՞ն կարող հավաքել ու նույն
բանն ասել»: Հակաքարոզչության իրավունք «Հանրաքվեի դրված հարցի
վերաբերյալ օրենքով չարգելված ձեւերով եւ միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք
ունեն ՀՀ քաղաքացիները, կուսակցությունները եւ հասարակական միավորումները»,- նշված
է գործող օրենքում: Հղում անելով այս հոդվածին՝ «Արդարությունը» եւ «Ազգային միաբանությունն»
առաջարկեցին խորհրդարանական կազմավորումներին տրամադրել անվճար հեռուստաեթեր քարոզչության
համար: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն անգամ հիշեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները
2-ն են, իսկ իշխանամետներն՝ ավելի շատ. «Ժողովրդի առջեւ մերկացրե՛ք մեզ»: Հրայր Կարապետյանը
օրենքի հեղինակների անունից, սակայն, առարկեց, թե սա անարդար կլինի ոչ խորհրդարանական
կուսակցությունների նկատմամբ: Պատասխանատուները վերանում են Կոալիցիայի
առաջարկած փոփոխությամբ՝ «Տեղամասային հանձնաժողովի լիազորությունները դադարում են
հանրաքվեի մասին ԿԸՀ որոշումն ուժի մեջ մտնելուց 7 օր հետո»: Սակայն եթե արդյունքները
բողոքարկվել են ՍԴ՝ ինչպե՞ս պիտի նրանց հավաքես՝ մտահոգվեց Արշակ Սադոյանը: Նա
ընդվզեց քվեարկության գաղտնիությունը խախտող մեկ այլ առաջարկվող փոփոխության դեմ
եւս, ըստ որի՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին
իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի ԶԼՄ ներկայացուցիչ
կամ դիտորդ»: Ըստ այդմ՝ հանձնաժողովի անդամները կարող են ներկա լինել քվեարկության
խցիկում: Հրայր Կարապետյանը սա բացատրեց «մարդասիրական մոտեցումներով»՝ ակնհայտ հաշմանդամների
հանդեպ: Ժողովրդին հանրաքվեի իրավունք Այս քննարկման ընթացքում
«Արդարության» ներկայացուցիչները բազմիցս կրկնեցին առաջարկը, որ «Հանրաքվեի մասին»
օրենքով հնարավորություն ընձեռվի քաղաքացիական նախաձեռնությամբ անցկացնել հանրաքվե:
ՀՅԴ խմբակցության քարտուղարը հայտարարեց, թե այս իրավունքը ժողովրդին տալն իր կարծիքով
ճիշտ չի լինի. «Իրականում դա միշտ էլ նախաձեռնելու է որեւէ քաղաքական ուժ: Եվ անընդհատ
լինելու են քաղաքական ուժեր, որոնք դժգոհ են լինելու իշխանություններից ու անընդհատ
կազմակերպելու են հանրաքվե… Սա նշանակում է Հայաստանն անընդհատ մտցնել հանրաքվեների
պերմանենտ գործընթացների մեջ»: Վիկտոր Դալլաքյանը թվարկեց այն երկրների ցանկը, ուր
քաղաքացիների կողմից հանրաքվե նախաձեռնելու իրավունքն ամրագրված է՝ Լատվիա, Ալբանիա,
Մոլդովա, Հունգարիա, Սլովենիա եւ այլն: Առարկություններն ընդունվեցին Կոալիցիան
առաջարկում էր նշել, թե հանրաքվեի ժամանակ «տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել
1-ից ավելի քվեատուփեր»: Հրայր Կարապետյանը պարզաբանեց, թե մեկ քվեատուփը կարող է
լցվել: Վիկտոր Դալլաքյանն առարկեց. «Է, մի լցրեք»: Ի վերջո՝ ընդունվեց առարկությունը:
Ընդդիմությունը գրանցեց եւս մի հաջողություն: Պահպանվեց գործող օրենքի հետեւյալ
հոդվածը, որ նախատեսում էին հանել. «ԿԸՀ նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի
անդամներից որեւէ մեկը քվեարկության ավարտից հետո՝ երեքժամյա պարբերականությամբ,
հանրաքվեի ընթացիկ արդյունքների վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերությամբ հանդես
է գալիս տեղեկատվությամբ»: Այսուհանդերձ՝ ո՛չ «Արդարության», ո՛չ «Ազգային
միաբանության» ներկայացուցիչները չմասնակցեցին օրինագծի 1-ին ընթերցմամբ քվեարկությանը:
Թեեւ դահլիճում այդքան մարդ չկար, սակայն 77 հոգի քվեարկեցին «կողմ»: Ամբողջապես
այս օրինագիծը կընդունվի այսօր՝ որոշ դրույթների վերջնական հստակեցումից հետո: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել