«Քոլեջը» ֆուտբոլի դասեր է տալիս Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի «Քոլեջ» ակումբի թիմը, որը համալրված է Հայաստանի կանանց առաջնության առաջատար «Նիգ» թիմի ֆուտբոլիստուհիներով, այս օրերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում մասնակցում է Իսլամական համաշխարհային խաղերի ծրագրով կանանց ֆուտբոլի մրցաշարին, որի բացման արարողությանն անձամբ ներկա է եղել ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն: Ու չնայած մեր աղջնակների տարիքը չի գերազանցում 16-ի սահմանը, նրանք գերազանց ելույթներ են ունենում միջազգային այս բավականաչափ ներկայացուցչական մրցումներում: Կաշվե գնդակի հայաստանցի այս վարպետ աղջնակները, խաղացող մարզիչ Նելլի Ստեփանյանի գլխավորությամբ (կազմակերպիչ երկրի պահանջով ֆուտբոլի մրցաշարին տղամարդկանց ներկայությունը պատվիրակությունների կազմում արգելվում է) «Նիգը» ենթախմբում տարել է միայն խոշոր հաշվով հաղթանակներ՝ դաժանորեն 27 անպատասխան գնդակ անցկացնելով Թուրքմենստանի ներկայացուցիչների դարպասը, 38:3 անխնա հաշվով պարտության մատնելով Անգլիայի իսլամ ֆուտբոլիստուհիներով համալրված թիմին, 14:0 հաշվով պարտության մատնելով Իրաքին ու մտել է եզրափակիչ: Վճռորոշ հանդիպումում «Նիգը» վաղն ուժերը չափելու է մրցաշարի կազմակերպիչների հետ: Թեհրանից «Առավոտի» աղբյուրը տեղեկացնում է, որ իրանցիները իրենց թիմն ուժեղացրել են Բրազիլիայից հրավիրված չորս ֆուտբոլիստուհիներով, որոնց քաղաքացիություն են տվել: Սակայն անկախ եզրափակիչում գրանցվելիք արդյունքից, Երեւանի «Նիգն» այնքան մեծ հեղինակություն է վաստակել Իսլամական համաշխարհային խաղերի կազմակերպիչների շրջանում եւ Իրանում ընդհանրապես, որ լրատվամիջոցները գրում են միայն Երեւանից ժամանած ֆուտբոլիստուհիների մասին, իսկ իրանական կողմը, ցանկանալով մեկ անգամ էլ տեսնել «Քոլեջ» ակումբի սանուհիների խաղը, իր հաշվին հրավիրել է «Նիգին»՝ մասնակցելու չորս ամիս հետո իրենց մոտ կայանալիք միջազգային մեկ այլ մրցաշարի: Ըստ Թեհրանից հատուկ «Առավոտին» ուղարկված տեղեկությունների, մյուս մարզաձեւերի Հայաստանի մարզիկները, որոնք այս կամ այն փուլում անհաջողության են մատնվել, մեկ մարդու պես գալիս են «Նիգի» խաղերին ու ջերմեռանդ ոգեւորում հայ ֆուտբոլիստուհիներին, մի բան, որը, անկասկած, անգնահատելի դեր է կատարում օտար երկրում հանդես եկող մեր աղջիկներին բարոյապես աջակցելու գործում: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ