ՁԻԱՍՊՈՐՏԸ ՀՀ-ՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ Մի քանի օր Հայաստանում էր Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի զարգացման գործակալության աշխատակից իռլանդուհի Սյուզան Մակքենը: Սյուզան Մակքենը ոչ միայն ներկա եղավ Անկախության օրվան նվիրված մարզաձեւի առաջին ազգային շոու-մրցույթին, այլեւ անհատական մարզումներ անցկացնելով՝ հայ մարզիկներին նախապատրաստեց մեկնարկներին, ինչպես նաեւ ծանոթացավ Հայաստանում ձիասպորտի ընդհանուր դրվածքին: Հրաժեշտից առաջ տիկին Սյուզանը Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի հետ «Արարատ» հյուրանոցում հանդիպեց լրագրողներին ու պատմեց տպավորությունների մասին: Հայրապետ Հայրապետյանը տեղեկացրեց, որ միջազգային ֆեդերացիայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եկող տարվանից տարբեր ոլորտներում ավելի սերտ համագործակցություն հաստատելու շուրջ, որի առաջին նշանակալի արդյունքը կլինի 2006-ին միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո կրկին Անկախության օրը կազմակերպվելիք միջազգային մրցաշարը, որն ունենալու է «Ազգերի գավաթ» անվանումը եւ որին տրվելու է օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ: «Իմ այցելության նպատակը Հայաստանում ձիասպորտի զարգացումը խթանելն է,- ասաց Սյուզան Մակքենը:- Կարծում եմ՝ այն Հայաստանում մեծ ապագա ունի: Սակայն այդ ճանապարհին անելիքներ դեռ շատ ունեք՝ կազմակերպչական աշխատանքները ճիշտ կազմակերպելու, մարզումային մեթոդներն ավելի ժամանակակից դարձնելու, նյութատեխնիկական բազան արդիականացնելու ուղղությամբ: Ձեր ֆեդերացիայի նախագահի հետ պայմանավորվել ենք նորացնել ձիարշավարանում եղած արգելքները, բարձրորակ մասնագետներ գործուղել Հայաստան, ձեր մարզիկ-մարզիչներին վերաորակավորման հրավիրել արտասահման: Ես, բացի ձիասպորտի կենտրոնից, այցելել եմ երկու ակումբ եւ տպավորված եմ մարզիչների պրոֆեսիոնալիզմով: Պրոֆեսիոնալիզմը ձիասպորտում առավել կարեւոր հատկանիշ է»: Հ. Հայրապետյանը կարեւորեց տեղում որակյալ կադրերի աճեցումը, որի համար համբերություն ու ժամանակ է հարկավոր: «Մենք ինքներս էլ գիտակցում ենք, որ մեր աշխատանքներում թերություններ կան, դրա համար էլ միջազգային ֆեդերացիայից մասնագետ ենք հրավիրել: Հայաստանը ձիասպորտում շատ լուրջ նվաճումներ չի ունեցել անգամ խորհրդային տարիներին: Այժմ էլ մեզանում բարձրակարգ մարզիկները շատ չեն: Հիմա ձիասպորտի կենտրոնում մարզաձեւի նրբությունները յուրացնում է արդեն 53 երեխա: Նպատակն այդ թիվը տարեցտարի ավելացնելն է հատկապես աղջիկների ու կանանց շրջանում: Ձիասպորտն էականորեն տարբերվում է մյուս մարզաձեւերից: Այստեղ մրցմանը մասնակցում է թիմ, թե նժույգավարը, թե նժույգը: Եվ թե ինչքա՞ն միասնական կլինեն նրանք, ինչքա՞ն կհասկանան միմյանց, դրանից է կախված հաջողությունը: Ձեզ՝ լրագրողներիդ էլ եմ հորդորում մի քիչ համբերել, բայց նաեւ ձեր աշխատանքում ավելի շատ տեղ հատկացրեք մեր մարզաձեւին»: Ասուլիսից հետո «Առավոտը» առանձին զրուցեց Սյուզան Մակքենի հետ ու բավականին հետաքրքիր մանրամասներ իմացավ: Նրա ամուսինն ու որդին ձիասպորտի աշխարհում բավականին ճանաչված մարզիկներ են, իսկ ինքը միջազգային որակավորման մարզիչ է: Սակայն սիրում եւ զբաղվում է նաեւ ֆուտբոլով ու բռնցքամարտով: Ափսոսանք հայտնեց, որ զբաղվածության պատճառով չի կարողացել այստեղ ֆուտբոլային որեւէ հանդիպման ներկա գտնվել: Հայաստանով, հայերով, այստեղի մրգեղենի համով հիացած է: Նրա խոսքերով՝ Հայաստանն ու Իռլանդիան շատ են նման: Համոզված է, որ Հայաստանում զբոսաշրջությունը մեծ հեռանկար կարող է ունենալ: Խոստացավ, որ հաջորդ այցին կաշխատի հետն իռլանդացիների խումբ բերել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ