Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարվեստի

Սեպտեմբեր 27,2005 00:00

Գեղարվեստի դպրոց՝ էնտուզիաստների ջանքերով Սիսիանի գեղարվեստի դպրոցը Սյունիքի մարզում լավագույններից է: Ամեն տարի այս դպրոցից մեկ տասնյակից ավելի սաներ բարեհաջող ընդունվում են արվեստի ուսումնական հաստատություններ: Սա մարզային դպրոցների համար գերազանց արդյունք է: Սիսիանի գեղարվեստի դպրոցը Սյունիքում միակն է, որը հանդիպելով բազմաթիվ խոչընդոտների՝ չի ընկրկել։ Եղել է մի շրջան, երբ այն ամենաքիչն է վարձատրվել հանրապետությունում: «Ուսուցիչներն իրենց սոցիալական հարցերը լուծում են աշխատանքային պլանից դուրս՝ մեկը նկարներ է վաճառում, մյուսը՝ նորոգման աշխատանքներ կատարում: Դպրոցում աշխատավարձը ծիծաղելի է, սակայն նրանք երբեք չեն զլանում իրենց բարի գործը կատարել»,- ասում է դպրոցի տնօրեն Հրահատ Հակոբջանյանը: Աշակերտները ձմռան ցրտերին դասերին հաճախ նստում են վերարկուներով, բայց չեն բացակայում: Հասմիկ Սիմոնյանը 6 տարի հաճախում է դպրոց՝ չնայած ապրում է հեռավոր գյուղում, որտեղից Սիսիան փոխադրամիջոց չկա։ Գրիգոր Հարությունյանի համար ներշնչանքի աղբյուր է եղել պապը, որի շնորհիվ նախ սովորել է գեղարվեստի դպրոցում, ապա մասնագիտական գիտելիքների հարուստ պաշարով ուսումը շարունակել Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Հասմիկ Սահակյանը անչափ գոհ է, նրա համար 5 տարին քիչ չէ նկարելու, գոբելեն ու հելունագործություն սովորելու համար։ Սիսիանի գեղարվեստի դպրոցը ստեղծվել է 1969-ին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, ՀՀ վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանի ջանքերով։ Դպրոցն իր գործունեությունը սկսել է երկու սենյակում, կիսաավեր մի շենքում, որտեղ եղել են ընդամենը 10 աշակերտ եւ մեկ ուսուցիչ։ Զախար Խաչատրյանն արդեն 80 տարեկան է, սակայն ամեն տարի այցելում է իր հիմնադրած դպրոցը: Սոցիալապես անապահով երեխաներին տրամադրում է ներկեր, վճարում ուսման վարձի պարտքերը։ Գեղարվեստի դպրոցի սաներից մեկն էլ պատմեց, որ բժիշկ Սամվել Բաղդասարյանը վերջերս մեծ քանակությամբ թուղթ է նվիրել դպրոցին: Դպրոցը կարողանում է թղթով ապահովել միայն առաջին դասարանցիներին, իսկ մյուսները այն ձեռք են բերում իրենց սեփական ուժերով։ Անցյալ տարի դպրոցը գազիֆիկացվեց: Ամեն տարի դպրոցում լինում են հաշվետու ցուցահանդեսներ, որտեղ տեղ են գտնում տարվա լավագույն աշխատանքները՝ նկարներ, ձեռագործներ, քանդակներ, գոբելեններ: Դպրոցը ֆինանսավորվում է Սիսիանի համայնքային բյուջեից, սակայն այդ գումարներով հնարավոր չէ վճարել նույնիսկ ուսուցիչների 10-13 հազար դրամ աշխատավարձը: Դպրոցի ծախսերը հիմնականում լուծվում են երեխաների ամսական վարձերի շնորհիվ, որոնք նույնպես մեծ գումարներ չեն։ ՄՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՀ. Գ. Պետությունն ասում է՝ մի քանի տասնյակ գեղարվեստի դպրոց ունենք, ու վերջակետ է դնում: Բայց այնպես է ասում, որ յուրաքանչյուր դպրոց կմտածի, թե պետությունը մյուսների համար երկնային արքայություն է ստեղծում: Իսկ գործ անողները՝ այդ դպրոցներում գրոշներով դասավանդողները երբեք չեն ասում, թե բարի գործ ենք անում, որովհետեւ այդպիսի մարդիկ գործի մասին խոսել չեն սիրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել