Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏԵՐԱԿԱՆ

Սեպտեմբեր 27,2005 00:00

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ «ԱՐԹՆԱՆՈՒՄ ԵՆ ՆԻՐՀԻՑ» Հավաստիացնում է երիտասարդ թատերագետը Թատերական գործիչների միությունում վերջերս ստեղծվել է երիտասարդ թատերագետների բաժանմունք, որի արդյունքում գուցե թատերագետները նիրհից կարթնանան: Հաճախ թատրոնի մարդիկ դժգոհում են, որ նորանկախ Հայաստանում «թատերական քննադատներ» են դարձել լրագրողները: Նորաստեղծ թատերագիտական բաժանմունքի նախագահ Անուշ Ասլիբեկյանը փաստեց, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը աշխարհի եզակի հաստատություններից է, որտեղ պատրաստում են թատերագետներ: Մեր զրուցակիցը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ վերջին տարիներին հոլովվում են միայն ճանաչված թատերագետներ Լուիզա Սամվելյանի, Լեւոն Հախվերդյանի, այս ոլորտի գիտնական Հենրիկ Հովհաննիսյանի եւ Վարսիկ Գրիգորյանի անունները, այն դեպքում, երբ ունենք մերօրյա դիպլոմավոր թատերագետները: Ա. Ասլիբեկյանը կարեւորելով թատերագիտության ոլորտում հայտնի մասնագետների աշխատանքը՝ Գառնիկ Ստեփանյանից մինչեւ Ռուբեն Զարյան, այնուամենայնիվ համոզված է, որ պետք է վերանայել դասավանդման մեթոդիկան: Թատերագետի կարծիքով, 88-ից հետո «կոտրվեց արվեստների մեջքը», իր կարծիքով՝ առաջին հերթին թատրոնինը. «Թատրոնը հասարակության մեջ տեղի ունեցող կատակլիզմների, իրական երեւույթների եւ կատարվող այլ իրադարձությունների անմիջական կրողն է: Թատրոն պահելը կայացած պետության մենաշնորհ է: Իսկ մենք դեռ կայացման փուլում ենք: Մեզ համար կարեւոր են բազմապիսի մշակութային միջոցառումները, այդ թվում՝ միջազգային թատերական փառատոների անցկացումը, որ նպաստում են մասնագիտական մտահորիզոնի ընդլայնմանը: Լավ է, որ դրանց անցկացումը (Մնջախաղի, «Արմմոնո», «Հայֆեստ», «Նռան հատիկ», նաեւ տիկնիկային փառատոներ) վերսկսվեց վերջին տարիներին»: Իսկ ամենագլխավորը թատերագիտության ոլորտում, երիտասարդ թատերագետի կարծիքով՝ մասնագիտական մամուլի բացակայությունն է: «Ես անձամբ թատերագիտական հոդված տպելու ակնկալիքով դիմել եմ վեց թերթերի գլխավոր խմբագիրների, այդ թվում եւ «Գրական թերթի»: Տարօրինակ էր հատկապես վերջինիս խմբագրի պատասխանը: Նորայր Ադալյանն ասաց, որ իրենք գրողների թերթ են՝ ոչ թատերագետների»,- ասաց Ա. Ասլիբեկյանը: Նա հիշեց նաեւ անցյալ «Հայֆեստի» շրջանակներում իր հանդիպումը Թատերագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Յան Հերբերտի (Մեծ Բրիտանիա) հետ. «Պատկերացնո՞ւմ եք, նա զարմացավ, որ հայ թատերագետները գիտելիքներով շատ հարուստ են, մինչդեռ իրենց մոտ թատերագետը ընդամենը թղթին է հանձնում այս կամ այն փաստը»: Անուշը օրինակ բերեց Կալուգա քաղաքում անցկացված «Ռուսաստանի հնագույն թատրոնները» միջազգային փառատոնը, որը կազմակերպել էր Ռուսաստանի թատերական գործիչների միությունը: «Ճիշտ է՝ վեց ամիս առաջ էր այդ փառատոնը, բայց մինչ օրս պատմելով չի ավարտվում դրա տպավորությունն ու թատերագետի համար այնքան անհրաժեշտ շփումը այլ երկրների թատերական գործիչների հետ, ինչի մասին առայսօր պատմում եմ ու պատմում: Նշեմ, որ այն անցկացվում էր Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի հովանավորությամբ: Ես ուրախ եմ, որ մեր նախագահը սպորտասեր է: Մի բան չեմ հասկանում. նա ասում է, թե մեզ պետք է արտահանվող մշակույթ ու ավելի շատ չի աջակցում թատրոնին»,- ասաց թատերագետը: Զրույցի ավարտին Ա. Ասլիբեկյանը նորից շեշտեց, որ դերասանին ու ռեժիսորին անհրաժեշտ է թատերագետի խոսքը. «Թատերագետը դերասանի բարեկամն է: Մենք դատավոր չենք, այլ ընդամենը վերլուծող: Օրինակ՝ տեսախցիկը վավերացնում է, թե ինչպես այս կամ այն բեմադրությունը կայացավ ու ավարտվեց, իսկ այդ ամբողջի խոհանոցը, մթնոլորտն ու ամեն մի մանրուք ապրում ու վերապրելու միջոցով թղթին է հանձնում թատերագետը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել